Գլխուղեղի տրավմատիկ վնասվածքը սովորաբար առաջանում է գլխի կամ մարմնի հարվածից կամ այլ տրավմատիկ վնասվածքից:
Գլխուղեղի վնասման աստիճանը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ վնասվածքի բնույթից և ֆիզիկական ազդեցության ուժից:
Գլխուղեղի տրավմատիկ վնասվածք պատճառող ընդհանուր դեպքերը և պատահարները ներառում են հետևյալը:
- Վայր ընկնելը. անկողնուց կամ սանդուխքից, աստիճաններից, բաղնիքում և այլ իրավիճակներում վայր ընկնելն ընդհանուր առմամբ գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի ամենատարածված պատճառներն են, հատկապես մեծ տարիքով չափահասների և մանկահասակ երեխաների շրջանում:
- Ավտոճանապարհային պատահարներ. ավտոմեքենաների, մոտոցիկլետների կամ հեծանիվների մասնակցությամբ վթարների ժամանակ կարող են տուժել ինչպես վարորդները և ուղեկիցները, այնպես էլ հետիոտները: Նման պատահարները հանդիսանում են գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի տարածված պատճառներից մեկը:
- Բռնություն. հրազենային վնասվածքները, ընտանեկան բռնությունը, երեխաների նկատմամբ բռնությունը, ծեծը և բռնության այլ տարատեսակները տուժողի մոտ կարող են առաջացնել գլխուղեղի տրավմատիկ վնասվածք: Թափահարվող նորածնի համախտանիշը գլխուղեղի տրավմատիկ վնասվածք է, որն առաջանում է նորածին երեխային ուժեղ թափահարելիս կամ ցնցելիս, օրինակ՝ երեխայի համառ լացը «լռեցնելու» նպատակով, սովորաբար՝ ինքնատիրապետումը կորցնելիս:
- Սպորտային վնասվածքներ. բազմաթիվ մարզաձևեր կապված են գլխի վնասվածքների հետ, այդ թվում՝ ամերիկյան ֆուտբոլ, ֆուտբոլ, բոքս և մարտարվեստի այլ տեսակներ: Գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի այս պատճառը տարածված է հատկապես երիտասարդների շրջանում:
- Պայթուցիկների պայթյուններ և պատերազմական կամ ռազմական բնույթի այլ վնասվածքներ. պայթուցիկ նյութերն օգտագործվում են ռումբերում, արկերում, հրթիռներում և բազմաթիվ այլ զինատեսակներում։ Պայթուցիկ նյութերը նաև կարող են օգտագործվել խաղաղ նպատակներով, օրինակ՝ հրավառություններ կազմակերպելու, բազմահարկ շենք քանդելու, ժայռ պայթեցնելու, հանքահոր կառուցելու համար։ Գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի այս պատճառը զինվորականների շրջանում սովորաբար տեղ է գտնում որպես դժբախտ պատահար կամ զորավարժությունների ու մարտական գործողությունների ժամանակ, երբ կարող են տուժել նաև քաղաքացիական բնակիչները: Գլխուղեղի տրավմատիկ վնասվածքը նաև առաջանում է գլխի թափանցող վերքերից, օրինակ՝ գլխին բեկորներով կամ բեկորներով ուժեղ հարվածներից:
Ռիսկի գործոններ
Գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի առավել ռիսկի տակ գտնվող մարդիկ ներառում են՝
- երեխաներ, հատկապես նորածիններից մինչ 4 տարեկան
- երիտասարդ չափահասներ, հատկապես՝ 15-24 տարեկան
- 60 տարեկան և ավելի մեծ չափահասներ
- ցանկացած տարիքային խմբի տղամարդիկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024