Առողջական խնդիրներ
Գանգուղեղային վնասվածք

4 րոպե
Գանգուղեղային վնասվածքները գանգի և դրա պարունակության՝ գլխուղեղի և ուղեղաթաղանթների տրավմատիկ-մեխանիկական վնասումն է:
Տարբեր գրքերում գանգուղեղային վնասվածքները ներկայացվում են նաև որպես «գանգուղեղային տրավմա», «գլխուղեղի տրավմատիկ վնասվածք» կամ «ներգանգային վնասվածք»։
Մենք այս հոդվածաշարում փոխարինաբար կօգտագործենք «գանգուղեղային վնասվածք» և «գանգուղեղային տրավմա» անվանումները՝ ընդգծելու գլխուղեղի վնասվածքի տրավմատիկ բնույթը (վերջինս կարող է ենթարկվել նաև ոչ տրավմատիկ վնասման, օրինակ՝ հիպօքսիա, իշեմիա և այլն):
Գանգուղեղային տրավման սովորաբար առաջանում է գլխի կամ մարմնի կտրուկ բռնի հարվածից կամ ցնցումից՝ որպես դժբախտ պատահար կամ բռնություն (հարված գլխին): Գլխուղեղ թափանցած օտար մարմինը (փամփուշտ, փշրված գանգոսկրի բեկոր) նույնպես կարող է առաջացնել գլխուղեղի տրավմատիկ վնասվածք:
Թեթև գանգուղեղային վնասվածքն ուղեղի բջիջների վրա ազդում է ժամանակավորապես, սակայն ավելի ծանր վնասվածքները հանգեցնում են ներգանգային արյունահոսության և արյունազեղման, ուղեղանյութի պատռման և գլխուղեղի այլ ֆիզիկական վնասվածքների: Այս վնասվածքները կարող են ավարտվել երկարաժամկետ բարդություններով կամ մահով:
Գանգուղեղային վնասվածքների տեսակները
Գանգուղեղային տրավմաները լինում են՝
- փակ. գլխի մաշկածածկույթի ամբողջականությունը խախտված չէ և բացակայում են գլխուղեղի ու դրա թաղանթների վարակման պայմանները
- բաց. միաժամանակ վնասված են գլխի մաշկածածկույթները և գանգի ոսկրերը, հաճախ հանգեցնում է գլխուղեղի թաղանթների և գլխուղեղի բարդությունների առաջացմանը
- թափանցող. սա բաց վնասվածքի մասնավոր տեսակ է, երբ առկա է նաև կարծր ուղեղապատյանի ամբողջականության խախտում և հատկապես մեծ է գլխուղեղի վարակման վտանգը։
Ըստ այլ վնասվածքների հետ զուգակցման
- մեկուսացված (իզոլացված). առկա է միայն գանգուղեղային տրավմա՝ առանց մարմնի այլ շրջանների կամ օրգանների վնասվածքի
- զուգակցված. գանգուղեղային տրավման ուղեկցվում է այլ օրգանների վնասվածքով
- համակցված (կոմբինացված). գանգուղեղային տրավմայից բացի օրգանիզմի վրա ազդում են տարբեր տրավմատիկ գործոններ:
Ըստ ծանրության աստիճանի
Գանգուղեղային տրավմայի ծանրության աստիճանը որոշելիս բժիշկներն օգտվում են Գլազգոյի կոմայի սանդղակից, ըստ որի, կախված գիտակցության խանգարման մակարդակից (գնահատվում է ելնելով խթանիչի ազդեցությամբ աչքերը բացելուց, խոսքային և շարժողական ռեակցիաներից), պացիենտները ստանում են 3-ից մինչև 15 միավոր:
- թեթև (13-15 միավոր)
- միջին ծանրության (9-12 միավոր)
- ծանր (3-8 միավոր)
Ըստ ախտահարման բնույթի
Գանգուղեղային տրավմաներն ըստ ախտահարման բնույթի իրենցից ներկայացնում են գլխուղեղի ֆոկալ (оջախային) վնասվածքներ, որոնք, ի տարբերություն դիֆուզ վնասվածքների, առաջանում են գլխուղեղի վրա ուղղակի մեխանիկական ազդեցությունից և սովորաբար կապված են անզեն աչքով տեսանելի ուղեղային հյուսվածքի վնասման հետ:
Ֆոկալ վնասվածքները ներառում են՝
- գլխուղեղի սալջարդ (Cerebral contusion, Ушиб головного мозга), երբ ուղեղային հյուսվածքը ջնջխվում է, ինչը հաճախ ի հայտ է գալիս գլխուղեղի՝ գանգի ներքին մակերևույթի հետ կոնտակտից
- գլխուղեղի պատռում (Cerebral laceration, Разрыв головного мозга), երբ պատռվում է գլխուղեղը ծածկող արախնոիդալ թաղանթը
- էպիդուրալ արյունահոսություն (Epidural hemorrhage, Эпидуральная гематома), երբ վնասվածքի պատճառով առաջանում է արյունահոսություն մենինգիալ թաղանթի և գանգի միջև
- սուբդուրալ արյունահոսություն (Subdural hemorrhage, Субдуральная гематома), երբ արյունահոսությունն առաջանում է մենինգիալ և արախնոիդալ թաղանթների միջև
- ներուղեղային արյունահոսություն (Intracerebral hemorrhage, Внутримозговое кровоизлияние), երբ արյունահոսությունն առաջանում է բուն ուղեղային հյուսվածքի մեջ
- ներփորոքային արյունահոսություն (Intraventricular hemorrhage, Вентрикулярное кровоизлияние), երբ արյունահոսությունն առաջանում է ուղեղի որևէ փորոքի մեջ:
Ըստ կլինիկական տարբերակի
Ըստ կլինիկական դրսևորման գանգուղեղային տրավմաներնը դասակարգվում են հետևյալ տեսակների՝
- գանգի ոսկրերի կոտրվածք. հաճախ ոսկրա-գծային են
- գլխուղեղի ցնցում (Concussion կամ Commotio cerebri, сотрясение), երբ տրավմայի պատճառով խանգարվում են նյարդաբանական ֆունկցիաները, կարող է ուղեկցվել գիտակցության կարճատև կորստով, գլխուղեղի ցնցումից հետո ի հայտ եկած բոլոր ախտանիշները (գլխացավ, սրտխառնոց, փսխում, մաշկային ծածկույթների գունատություն և այլն) սովորաբար ժամանակի հետ անհետանում են (մի քանի օրից մինչև 7-10 օր)
- գլխուղեղի սալջարդ (Contusion, ушиб), որն իր հերթին լինում է թեթև, միջին ծանրության և ծանր և դրսևորվում է գիտակցության արագ կորստով (տևողությունը՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, օր և նույնիսկ շաբաթ), հոգեբանական վիճակի խանգարումներով, քնկոտությամբ, շփոթվածությամբ, տագնապային գրգռվածությամբ, ախտահարման հատվածին հակառակ կողմի շարժողության և զգացողության խանգարումներով, հաճախ՝ գլխուղեղի ձախ կիսագնդի սալջարդի դեպքում՝ խոսքի խանգարումներով, իսկ ծանր դեպքերում կարող են խանգարվել շնչառությունը և սրտի գործունեությունը (թեթև սալջարդի ժամանակ շարժողության, զգացողության և այլ խանգարումները սովորաբար լրիվ վերանում են 2-3 շաբաթվա ընթացքում, իսկ առավել ծանր դեպքերում, որպես կանոն, մնում են կայուն հետևանքներ, լուծանքներ և կիսալուծանքներ, զգացողության, խոսքի խանգարումներ, երբեմն՝ ցնցումային նոպաներ)
- գլխուղեղի ճնշում (сдавливание), որը կարող է զարգանալ ներգանգային արյունազեղման, գանգոսկրերի կոտրվածքի, գլխուղեղի այտուցի ժամանակ և դրսևորվել գլխացավերի ուժեղացմամբ, անհանգիստ վիճակով կամ ընդհակառակը՝ քնկոտությամբ, որից հետո աստիճանաբար առաջանում են նաև գլխուղեղի ճնշմանը բնորոշ օջախային խանգարումներ, գիտակցության կորուստ, ինչպես նաև կյանքին վտանգ սպառնացող սրտի գործունեության և շնչառության խանգարումներ։
- դիֆուզ աքսոնալ վնասում, որը գլխուղեղի աքսոնալ սպիտակ նյութի ծանր վնասվածքն է՝ առաջացած կտրուկ արագացման կամ արգելակման պատճառով
- ներգանգային արյունազեղում
Հոդվածը տեղադրվել է՝ 21-02-2021 վերանայվել է՝ 27-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: