Գլխւղեղի տրավմատիկ վնասվածքները կարող են լինել անհետաձգելի բուժօգնություն պահանջող իրավիճակներ:
Գլխուղեղի ավելի ծանր վնասվածքների դեպքում հետևանքները կարող են արագորեն վատթարանալ առանց բուժման: Բժիշկները կամ առաջին արձագանքողները պետք է արագ գնահատեն իրավիճակը:
Գլազգոյի կոմայի սանդղակ
Այս 15 բալանոց թեստն օգնում է բժշկին կամ շտապ օգնության այլ անձնակազմին, որ գնահատել գլխուղեղի վնասվածքի սկզբնական ծանրության աստիճանը՝ ստուգելով տուժողի կողմից ցուցումները հետևելու և աչքերն ու վերջույթները շարժելու ունակությունը: Խոսքի կապակցվածության աստիճանը նույնպես կարևոր հուշումներ է տալիս։
Գլազգոյի կոմայի սանդղակում կարողությունները գնահատվում են երեքից մինչև 15: Ավելի բարձր միավորներ նշանակում են ավելի քիչ ծանր վնասվածքներ:
Վնասվածքի և ախտանիշների վերաբերյալ տեղեկատվություն
Եթե տեսել եք, որ ինչ-որ մեկը վնասվածք է ստացել կամ ժամանել եք վնասվածքից անմիջապես հետո, դուք կարող եք բժշկական անձնակազմին տրամադրել տեղեկատվություն, որն օգտակար է տուժածի վիճակը գնահատելու համար:
Հետևյալ հարցերի պատասխանները կարող են օգտակար լինել վնասվածքի ծանրության աստիճանը գնահատման համար:
- Ինչպե՞ս է առաջացել վնասվածքը։
- Մարդը կորցրե՞լ է գիտակցությունը։
- Որքա՞ն ժամանակ է եղել մարդն անգիտակից վիճակում:
- Դուք նկատե՞լ եք որևէ այլ փոփոխություն՝ գիտակցության, խոսելու, կորդինացիայի կամ վնասվածքի այլ նշաններ:
- Որտե՞ղ է հարվածել գլխին կամ մարմնի այլ մասերին:
- Կարո՞ղ եք որևէ տեղեկություն տրամադրել վնասվածքի ուժի մասին։ Օրինակ՝ ի՞նչն է հարվածել մարդու գլխին, ի՞նչ բարձրությունից է ընկել կամ որքա՞ն հեռու է շպրտվել է մեքենայից։
Պատկերային հետազոտություններ
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). այս հետազոտությունը սովորաբար առաջինն է, որը գլխուղեղի տրավմատիկ վնասվածքի կասկածով կատարվում է շտապօգնության սենյակում: ԿՏ սքանավորումն օգտագործում է մի շարք ռենտգենյան ճառագայթներ՝ գլխուղեղի մանրամասն պատկեր ստեղծելու համար: ԿՏ սքանավորումը կարող է արագ պատկերել կոտրվածքները և բացահայտել գլխուղեղում արյունահոսության (հեմոռագիա), արյունազեղման (հեմատոմա), ուղեղանյութի պատռվածքների (սալջարդ կամ կոնտուզիա) և ուղեղահյուսվածքի այտուցի ապացույցներ:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն օգտագործում է հզոր ռադիոալիքներ և մագնիսներ՝ գլխուղեղի մանրամասն պատկեր ստեղծելու համար: Այս հետազոտությունը կարող է օգտագործվել այն բանից հետո, երբ անձի վիճակը կայունանա կամ եթե վնասվածքից անմիջապես հետո ախտանշանները չբարելավվեն:
Ներգանգային ճնշման հսկողություն
Գլխուղեղի տրավմատիկ վնասվածքից ուղեղանյութի այտուցը կարող է մեծացնել ճնշումը գանգի ներսում և իր հերթին վնաս հասցնել գլխուղեղին: Բժիշկները կարող են գանգի պատի միջով ներմուծել հատուկ զոնդ, որով չափեն և վերահսկեն ներգանգային ճնշումը:
Գլխուղեղի տրավմատիկ վնասվածքների տեսակները
Բժիշկները տարբերում են գանգուղեղային տրավմաների հետևյալ երկու հիմնական տեսակները:
- Փակ. փակ տրավմայի դեպքում գլխի մաշկածածկույթի ամբողջականությունը խախտված չէ և բացակայում են գլխուղեղի ու դրա թաղանթների վարակման պայմանները:
- Բաց. այս դեպքում միաժամանակ վնասված են գլխի մաշկածածկույթը և գանգի ոսկրերը, որը հաճախ հանգեցնում է գլխուղեղի թաղանթների և գլխուղեղի բարդությունների առաջացմանը: Բաց վնասվածքի առանձնահատուկ տեսակ է թափանցող վնասվածքը, երբ առկա է նաև կարծր ուղեղապատյանի ամբողջականության խախտում և հատկապես մեծ է գլխուղեղի վարակման վտանգը։
Ըստ այլ վնասվածքների հետ զուգակցման
- Մեկուսացված (իզոլացված). առկա է միայն գանգուղեղային տրավմա՝ առանց մարմնի այլ շրջանների կամ օրգանների վնասվածքի:
- Զուգակցված. գանգուղեղային տրավման ուղեկցվում է այլ օրգանների վնասվածքով:
- Համակցված (կոմբինացված). գանգուղեղային տրավմայից բացի օրգանիզմի վրա ազդում են տարբեր տրավմատիկ գործոններ:
Ըստ ծանրության աստիճանի
Գանգուղեղային տրավմայի ծանրության աստիճանը որոշելիս բժիշկներն օգտվում են Գլազգոյի կոմայի սանդղակից, ըստ որի, կախված գիտակցության խանգարման մակարդակից, որը գնահատվում է ելնելով խթանիչի ազդեցությամբ աչքերը բացելուց, խոսքային և շարժողական ռեակցիաներից, պացիենտները ստանում են 3-ից մինչև 15 միավոր: Ըստ Գլազգոյի կոմայի սանդղակի, տարբերում են գանգուղեղային տրավմայի հետևյալ երեք ծանրության աստիճանները՝
- թեթև (13-15 միավոր)
- միջին ծանրության (9-12 միավոր)
- ծանր (3-8 միավոր):
Ըստ ախտահարման բնույթի
Գանգուղեղային տրավմաներն ըստ ախտահարման բնույթի իրենցից ներկայացնում են գլխուղեղի ֆոկալ (оջախային) վնասվածքներ, որոնք, ի տարբերություն դիֆուզ վնասվածքների, առաջանում են գլխուղեղի վրա ուղղակի մեխանիկական ազդեցությունից և սովորաբար կապված են անզեն աչքով տեսանելի ուղեղային հյուսվածքի վնասման հետ:
Ֆոկալ վնասվածքները ներառում են հետևյալ տեսակները:
- Գլխուղեղի սալջարդ (Cerebral contusion, Ушиб головного мозга), երբ ուղեղային հյուսվածքը ջնջխվում է, ինչը հաճախ ի հայտ է գալիս գլխուղեղի՝ գանգի ներքին մակերևույթի հետ կոնտակտից:
- Գլխուղեղի պատռում (Cerebral laceration, Разрыв головного мозга), երբ պատռվում է գլխուղեղը ծածկող արախնոիդալ թաղանթը:
- Էպիդուրալ արյունահոսություն (Epidural hemorrhage, Эпидуральная гематома), երբ վնասվածքի պատճառով առաջանում է արյունահոսություն մենինգիալ թաղանթի և գանգի միջև:
- Սուբդուրալ արյունահոսություն (Subdural hemorrhage, Субдуральная гематома), երբ արյունահոսությունն առաջանում է մենինգիալ և արախնոիդալ թաղանթների միջև:
- Ներուղեղային արյունահոսություն (Intracerebral hemorrhage, Внутримозговое кровоизлияние), երբ արյունահոսությունն առաջանում է բուն ուղեղային հյուսվածքի մեջ:
- Ներփորոքային արյունահոսություն (Intraventricular hemorrhage, Вентрикулярное кровоизлияние), երբ արյունահոսությունն առաջանում է ուղեղի որևէ փորոքի մեջ:
Ըստ կլինիկական տարբերակի
Ըստ կլինիկական դրսևորման գանգուղեղային տրավմաները դասակարգվում են հետևյալ տեսակների:
- Գանգի ոսկրերի կոտրվածք, որը հաճախ ոսկրա-գծային է:
- Գլխուղեղի ցնցում (Concussion կամ Commotio cerebri, сотрясение), երբ տրավմայի պատճառով խանգարվում են նյարդաբանական գործառույթները: Գլխուղեղի ցնցումը կարող է ուղեկցվել գիտակցության կարճատև կորստով։ Գլխուղեղի ցնցումից հետո ի հայտ եկած բոլոր ախտանիշները՝ գլխացավ, սրտխառնոց, փսխում, մաշկային ծածկույթների գունատություն և այլն, ժամանակի ընթացքում անհետանում են, սովորաբար՝ մի քանի օրից մինչև 7-10 օրվա ընթացքում:
- Գլխուղեղի սալջարդ (Contusion, ушиб), որն իր հերթին լինում է թեթև, միջին ծանրության և ծանր և դրսևորվում է գիտակցության արագ կորստով (տևողությունը՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ, օր և նույնիսկ շաբաթ), հոգեբանական վիճակի խանգարումներով, քնկոտությամբ, շփոթվածությամբ, տագնապային գրգռվածությամբ, գլխուղեղի վնասված շրջանի հակառակ կողմի շարժողության և զգացողության խանգարումներով, գլխուղեղի ձախ կիսագնդի սալջարդի դեպքում՝ խոսքի խանգարումներով, իսկ ծանր դեպքերում կարող են խանգարվել շնչառությունը և սրտի գործունեությունը: Թեթև սալջարդի ժամանակ շարժողության, զգացողության և այլ խանգարումները սովորաբար վերանում են 2-3 շաբաթվա ընթացքում, իսկ առավել ծանր դեպքերում, որպես կանոն, մնում են կայուն հետևանքներ, պարեզեներ, զգացողության և խոսքի խանգարումներ, երբեմն՝ ցնցումային նոպաներ։
- Գլխուղեղի ճնշում (сдавливание), որը կարող է զարգանալ ներգանգային արյունազեղման, գանգոսկրերի կոտրվածքի, գլխուղեղի այտուցի ժամանակ և դրսևորվել գլխացավերի ուժեղացմամբ, անհանգիստ վիճակով կամ ընդհակառակը՝ քնկոտությամբ, որից հետո աստիճանաբար առաջանում են նաև գլխուղեղի ճնշմանը բնորոշ օջախային խանգարումներ, գիտակցության կորուստ, ինչպես նաև կյանքին վտանգ սպառնացող սրտի գործունեության և շնչառության խանգարումներ։
- Դիֆուզ աքսոնալ վնասում, որը գլխուղեղի աքսոնալ սպիտակ նյութի ծանր վնասվածքն է՝ առաջացած կտրուկ արագացման կամ արգելակման պատճառով
- Ներգանգային արյունազեղում։
Հոդվածը հրապարակվել է՝ 23-02-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024