Գանգուղեղային վնասվածք. բուժում
23-02-2021
2 րոպե

Գանգուղեղային վնասվածքի բուժումը կախված է գլխուղեղի վնասվածքի չափից:
Թեթև վնասվածք
Թեև գանգուղեղային վնասվածքը սովորաբար հանգիստ ռեժիմից և գլխացավերը մեղմացնելու համար առանց դեղատոմսի վաճառվող սովորական ցավազրկողներից որևէ այլ բուժում չի պահանջում: Սակայն, նման դեպքերում անհրաժեշտ է բժշկական լուրջ հսկողություն՝ ուղղված ընդհանուր առողջական վիճակի կանոնավոր ստուգմանը և նոր կամ վատթարացող ախտանիշների դեպքում լրացուցիչ քայլերի ձեռնարկմանը: Ուստի, շատ կարևոր է, որ հետևեք բժշկի խորհուրդներին և թեկուզ բավարար ինքնազգացողության դեպքում այցելեք նրան ըստ պայմանավորված գրաֆիկի:
Բժիշկը ձեզ նաև կտեղեկացնի, թե երբ կարող եք վերադառնալ աշխատավայր, դպրոց կամ վերսկսել առօրյա ակտիվ զբաղմունքները: Հարաբերական հանգիստ ռեժիմը նախատեսում է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր աշխատանքների սահմանափակումը:
Բարեհաջող ընթացքի դեպքում դուք աստիճանաբար կվերադառնաք ձեր սովորական առօրյային:
Անհետաձգելի բուժօգնություն
Չափավորից մինչև ծանր գանգուղեղային վնասվածքների դեպքում անհետաձգելի բուժումն ուղղված է տուժողի կողմից բավարար թթվածին ստանալուն, արյան շրջանառության համարժեք գործունեության ապահովմանը (այդ թվում՝ կայուն նորմալ արյան ճնշման հսկողությանը և ըստ անհրաժեշտության համապատասխան բուժմանը), ինչպես նաև գլխի կամ պարանոցի հետագա վնասման կանխարգելմանը:
Պետք է նկատի ունենալ, որ ծանր տրավմաները կարող են ուղեկցվել տարբեր վնասվածքների առաջացմամբ և դրանց վաղ կամ ավելի ուշ ի հայտ եկող բարդություններով: Ուստի, զուգակցված կամ համակցված (կոմբինացված) գանգուղեղային վնասվածքները պահանջում են բազմակողմանի հսկողություն և բուժում:
Գանգուղեղային տրավմաների բուժման մեթոդները
Դեղեր
Գլխուղեղի վնասվածք պատճառող դեպքից անմիջապես հետո նշանակվում են դեղեր, որոնց նպատակն է սահմանափակել ուղեղի երկրորդային վնասումը:
- Հակացնցումային դեղեր. չափավորից մինչև ծանր գանգուղեղային տրավմայով անձանց մոտ վնասվածքը ստանալուց հետո առաջին մեկ շաբաթվա ընթացքում բարձրանում է ցնցումային նոպաների զարգացման ռիսկը: Ուստի բժիշկը կարող է նշանակել հակացնցումային որևէ դեղ՝ ուղղված այս շրջանում ցնցումների առաջացման հավանականության նվազեցմանը: Եթե, այնուամենայնիվ, ցնցումներ զարգանում են, ապա հակացնցումային բուժումը կարող է շարունակվել ավելի երկար ժամանակի ընթացքում:
- Կոմա առաջացնող դեղեր. երբեմն բժիշկներն օգտագործում են դեղեր, որոնց միջոցով պացիենտի մոտ առաջացնում են ժամանակավոր արհեստական կոմա: Կոմատոզ գլխուղեղը գործելու համար պահանջում է ավելի քիչ թթվածին: Նման դեպքերը սովորաբար կապված են տուժած անձին համարժեք գազափոխանակություն (թթվածնի մատակարարում) ապահովելու, բարձր ներգանգային ճնշման պայմաններում գլխուղեղի արյունամատակարարումը բարելավելու և սովորաբար ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների բժշկական հսկողությունը կազմակերպելու համար:
- Միզամուղներ. այս դեղերը նվազեցնում են հյուսվածքներում հեղուկի քանակը՝ խթանելով միզարձակումը (ավելացնում են մեզի ծավալը): Գանգուղեղային տրավմա ստացած անձանց միզամուղներ նշանակվում են, որպեսզի նվազեցվի ներգանգային ճնշումը և կանխարգելվի ուղեղի այտուցի զարգացումը:
Վիրահատություն
Անհետաձգելի վիրահատական բուժման կարիքն առաջանում է, երբ անհրաժեշտ է նվազեցնել ուղեղային հյուսվածքի հետագա վնասումը և այս նպատակի համար որևէ այլընտրանք գոյություն չունի: Մասնավորապես, վիրահատությունը կարող է ցուցված լինել հետևյալ դեպքերում՝
- գանգի խոռոչից, այդ թվում՝ ուղեղից արյան մակարդուկների (հեմատոմա) հեռացում
- գանգի կոտրվածքների վերականգնում
- ներգանգային արյունահոսության դադարեցում
- բարձր ներգանգային ճնշման պայմաններում ողնուղեղային հեղուկի դրենաժի (արտահոսք) ապահովում:
Ռեաբիլիտացիա
Գլխուղեղի զգալի վնասվածքով մարդկանց մեծ մասն ունի վերականգնողական բուժման կարիք, որի նպատակն առօրյա գործառույթների իրականացման ունակությունները բարելավելն է: Այսպիսի բուժումը սովորաբար սկսվում է հիվանդանոցում և շարունակվում ռեաբիլիտացիոն բաժանմունքներում կամ արտահիվանդանոցային ռեաբիլիտացիոն ծառայություններում: Գանգուղեղային տրավմայի յուրաքանչյուր առանձին դեպք պահանջում է անհատապես ընտրված ռեաբիլիտացիոն միջոցառումների ծրագիր: Լավագույն դեպքում ռեաբիլիտացիան իրականացվում է տարբեր ոլորտների ունեցող բժիշկների և այլ մասնագիտների կողմից, այդ թվում՝
- հոգեբան կամ հոգեբույժ
- ֆիզիոթերապևտ
- զբաղվածության թերապևտ
- խոսքի և լեզվի թերապևտ
- նյարդահոգեբան
- սոցիալական աշխատող
- ռեաբիլիտացիոն բուժքույր
- գանգուղեղային տրավմաների մասնագետ բուժքույր և այլն:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022