Շագանակագեղձի ներմիզուկային (տրանսուրետրալ) մասնահատումը (TURP) վիրահատություն է, որին դիմում են շագանակագեղձի լուրջ խնդիրներ ունեցող տղամարդկանց բուժելիս:
Այս վիրահատությունը սովորաբար առաջարկվում է, եթե բուժման այլ մեթոդները արդյունավետ չեն, իսկ ախտանիշները սկսում են ազդել անձի առօրյա կյանքի վրա:
Ովքե՞ր ունեն TURP-ի կարիք
TURP-ը խորհուրդ է տրվում, երբ տղամարդն ունի շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա), որը բերել է միզուկի խցանման: Վիրահատությունն առաջարկվում է միայն այն ժամանակ, երբ բուժման այլ, օրինակ՝ դեղորայքային մեթոդները չեն օգնում:
Շագանակագեղձը միայն տղամարդկանց մոտ առկա փոքր գեղձ է, որը շրջապատում է միզուկի վերին շրջանը: Երիտասարդ տղամարդկանց մոտ այն ունի ընկույզի մեծություն: Հաճախ 40-ն անց տղամարկանց մոտ այս գեղձը սկսում է մեծանալ, որոշ դեպքերում՝ հասնում այնպիսի չափսերի, որ խոչընդոտում է մեզի արտահոսքը: Շագանակագեղձի բարորակ գերաճի կամ ադենոմայի հանրահայտ ախտանիշներից են՝
- միզարձակման շիթի թուլացում
- միզարձակումը սկսելու դժվարություն
- միզելուց հետո միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողություն
- ցերեկային ժամերին և գիշերներն ավելի հաճախ միզելու կարիք
- շտապ միզելու ցանկություն:
Իմացե՛ք ավելին մեծացած շագանակագեղձի մասին:
TURP-ը վիրահատություն է, որն առաջարկում է միայն այն տղամարդկանց, ում մոտ մեծացած շագանակագեղձը բերել է լուրջ ու ծանր ախտանիշների կամ բացասաբար է ազդել նրանց կյանքի որակի վրա:
Ի՞նչ է ներառում TURP-ը
Միջամտությունը կատարվում է ընդհանուր կամ տեղային անզգայացման ներքո: Միզուկով ներմուծվում է ազատ ծայրին փոքր տեսախցիկ ունեցող և հյուսվածքները հատող և հեռացնող հնարավորությամբ հատուկ խողովակաձև գործիք, որի օգնությամբ հեռացվում է շագանակագեղձի միզուկը նեղացնող հյուսվածքները՝ առանց մաշկի վրա կտրվածք կատարելու: Վիրահատության օրվա գիշերը վիրահատված տղամարդիկ սովորաբար պահվում են հիվանդանոցային հսկողության ներքո:
Որո՞նք են TURP-ի ռիսկերը և բարդությունները
Վիրահատության գլխավոր ռիսկը սեռական կյանքի խանգարումն է:
Որոշ տղամարդկանց մոտ վիրահատությունից հետո ի հայտ են գալիս էրեկցիայի հետ կապված խնդիրներ: Հաճախ նման խանգարումները ձգվում են մինչև մի քանի ամիս: Այնուամենայնիվ, 10 վիրահատվողից մեկի մոտ կարող է զարգանալ անդառնալի էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա):
TURP-ից հետո վիրահատվածների գրեթե կեսից մինչև 3/4-ի մոտ կարող են զարգանալ նաև սերմնաժայթքման (էյակուլյացիա) հետ կապված կայուն խնդիրներ: Սովորաբար դրանք զարգանում են, երբ սերմնահեղուկն արտանետվում է ոչ թե առաջ, այլ՝ հակառակ ուղղությամբ (կոչվում է հետադարձ կամ ռետրոգրադ սերմնաժայթքում և բերում է չոր օրգազմի): Թեև սա ծանր հիվանդություն չէ, սակայն կարող է բերել տղամարդու սեռական զգացողության փոփոխության և անպտղության.
Այլ խնդիրներից են արյունահոսությունը, վարակը, միզարձակության հաճախացումը և միզելու ցանկության սաստկացումը: Հազվադեպ կարող է զարգանալ նաև անմիզապահություն:
Կարևոր է, որ մինչև վիրահատությունը զրուցեք ինչպես ձեր բժշկի, այնպես էլ ձեր սեռական զուգընկերոջ հետ և քննարկեք վիրահատական և ոչ վիրահատական բուժման բոլոր հնարավոր տարբերակները:
Որո՞նք են TURP-ի այլընտրանքները
Մեծացած շագանակագեղձի դեպքում դուք ունեք մի շարք տարբերակներ՝
- չձեռնարկել և ոչ մի քայլ, որը կարող է բերել ախտանիշների վատթարացման
- ընդունել դեղեր
- անցնել լազերային բուժում
- անցնել միկրոալիքային բուժում
- անցնել այլ վիրահատություններ, օրինակ՝ շագանակագեղձի ներմիզուկային հատում կամ բաց պրոստատէկտոմիա (շագանակագեղձի հեռացում):
Ի՞նչ ակնկալել միջամտությունից հետո
Վիրահատությունից հետո ձեր միզուկում կթողնեն միզային կաթետեր, որով հոսող մեզը հավանաբար կլինի արյունային:
Միզային կաթետերը որոշ տղամարդկանց մոտ առաջացնում է միզապարկի ձգման կամ կծկանքների զգացողություն: Այն սովորաբար հեռացվում է հաջորդ օրը:
Միզային կաթետերը հեռացնելուց հետո դուք ինքնուրույն միզելիս կարող եք նշել այրոցի զգացում կամ ավելի հաճախակի միզելու կարիք, որոնք ժամանակի հետ մեղամանում և անհետանում են:
Վիրահատությունից հետո ձեր ձեռքից միացված կլինի նաև ներերակային կաթետեր, որը նույնպես մեկ-երկու օր հետո հեռացվում է:
Ձեր բժիշկը հավանաբար խորհուրդ կտա վիրահատությանը հաջորդող 6-8 շաբաթվա ընթացքում զերծ մնալ ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից կամ ծանր առարկաներ (իրեր) բարձրացնելուց: Կարևոր է նաև վիրահատությունից հետո փորկապության կանխարգելումը, օրինակ՝ բջջանքով հարուստ սննդամթերք և օրական 2-3 լիտր հեղուկներ ընդունելով:
Լրացուցիչ տեղեկատվություն
Շագանակագեղձի ադենոմայի մասին
Այցելե՛ք Մեդեքսի շագանակագեղձի բարորակ գերաճ էջը, որպեսզի ծանոթանաք այս հիվանդության և բուժման մեթոդների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024