1-ին տիպի դիաբետ. պատճառներ
26-03-2021
2 րոպե

1-ին տիպի դիաբետի հստակ պատճառը հայտնի չէ, սակայն, համաձայն ընդունված տեսության հիվանդության հիմքում ընկած են աուտոիմուն խանգարումները է:
Մասնավորապես, 1-ին տիպի դիաբետի ժամանակ իմունային համակարգը, որը նորմայում պայքարում է վնասակար բակտերիաների և վիրւսների դեմ, սխալմամբ «գրոհում» և վնասում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող (Լանգերհանսի կղզյակների) բջիջները։ Այլ հնարավոր պատճառներից են՝
- գենետիկա (ժառանգականություն)
- վիրուսների և այլ միջավայրային գործոնների ազդեցություն:
1-ին տիպի դիաբետի զարգացման օղակները
Ինսուլինի դերը
Երբ ենթաստամոքսային գեղձի կղզյակների բջիջների զգալի քանակություն քայքայվում է, ինսուլինի արտադրությունը քչանում կամ ընդհանրապես դադարում է: Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է ստամոքսի հետևում գտնվող ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսի կղզյակների բետա բջիջներում և կարգավորում օրգանիզմի կողմից շաքարի (գլյուկոզ) յուրացումը հետևյալ փոխկապակցված մեխանիզմներով՝
- ենթաստամոքսային գեղձն արյան հուն է ուղարկում ինսուլին (կոչվում է սեկրեցիա)
- արյան հետ շրջանառող ինսուլինը թույլ է տալիս, որ շաքարը ներթափանցի բջիջներ
- ինսուլինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը
- երբ արյան շաքարի մակարդակն ընկնում է, է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի սեկրեցիան ևս նվազում է:
Գլյուկոզի դերը
Գլյուկոզը շաքար է, որը հանդիսանում է մկանների և մյուս հյուսվածքների բջջների էներգիայի գլխավոր աղբյուրը: Գլյուկոզի յուրացումը և կարգավորումը ներառում է հետևյալը՝
- մենք գլյուկոզ ստանում ենք երկու հիմնական աղբյուրից՝ սնունդ և լյարդ
- սննդով ստացված գլյուկոզը ներծծվում է արյան հուն, որտեղից ինսուլինի օգնությամբ ներթափանցում բջիջներ
- լյարդը գլյուկոզը պահեստավորում է գլիկոգենի տեսքով
- երբ արյան գլյուկոզի մակարդակները ցածր են, օրինակ, երբ դուք երկար ժամանակ սնունդ չեք ստացել, լյարդը տրոհում է պահեստավորված գլիկոգենը և ստանում գլյուկոզ՝ պահպանելով վերջինիս մակարդակը նորմալ միջակայքում:
1-ին տիպի դիաբետի ժամանակ բացակայում է գլյուկոզի մուտքը բջիջներ ապահովող ինսուլինը, որի պատճառով շաքարը սկսում է կուտակվել արյան մեջ: Սա կարող է առաջացնել տարբեր, այդ թվում՝ կյանքին սպառնացող բարդություններ:
Ռիսկի գործոններ
1-ին տիպի դիաբետի հայտնի ռիսկի գործոններից են՝
- ընտանեկան պատմություն. եթե ձեր ծնողներից կամ արյունակից հարազատներից մեկնումեկն ունի 1-ին տիպի դիաբետ, ձեզ մոտ հիվանդության զարգացման ռիսկը քիչ բարձրանում է
- գենետիկա. որոշ գեների առկայությունը վկայում է 1-ին տիպի դիաբետի զարգացման բարձրացած ռիսկի մասին
- աշխարհագրություն. հասարակածից հեռանալիս 1-ին տիպի դիաբետի հաճախականությունը հակված է բարձրանալու
- տարիք. 1-ին տիպի դիաբետը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն ունի երկու հանդիպման հաճախականության երկու «պիկ»՝ 4-7 տարեկան և 10-14 տարեկան երեխաների շրջանում:
Հոդվածը վերանայվել է՝ 28-03-2021