Ժամանակի ընթացքում 1-ին տիպի դիաբետի բարդությունները կարող են ազդել ձեր հիմնական օրգանների վրա, այդ թվում՝ սիրտ, արյունատար անոթներ, նյարդեր, աչքեր և երիկամներ:
Արյան շաքարի նորմալ մակարդակ ունենալը կարող է նվազեցնել բազմաթիվ բարդությունների ռիսկը:
- Սրտային և արյունատար անոթային հիվանդություն. դիաբետը բարձրացնում է սրտի և արյունատար անոթների որոշ խնդիրների ռիսկը: Դրանք ներառում են՝ սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ)՝ կրծքահեղձուկով (ստենոկարդիա), սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, զարկերակների նեղացում (աթերոսկլերոզ) և բարձր արյան ճնշում (հիպերտենզիա):
- Նյարդերի վնասում (նեյրոպաթիա). արյան մեջ մեծ քանակով շաքարը կարող է վնասել նյարդերը սնուցող մանր արյունատար անոթների (մազանոթներ) պատերը: Սա հատկապես վերաբերվում է ոտքերին: Նման դեպքում կարող են ի հայտ գալ ծակծկոցներ, թմրածություն, այրոց կամ ցավ: Նեյրոպաթիան սովորաբար սկսվում է ոտքերի մատների ծայրերից և տարածվում դեպի վեր: Վատ հսկվող արյան շաքարը կարող է ժամանակի ընթացքում առաջացնել ախտահարված վերջույթում բոլոր տեսակի զգացողությունների կորուստ: Մարսողական համակարգի նյարդերի ախտահարումը կարող է առաջացնել սրտխառնոցի, փսխման, փորլուծության կամ փորկապության հետ կապված խնդիրներ: Տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է խնդիր դառնալ:
- Երիկամների վնասում (նեֆրոպաթիա). երիկամները պարունակում են միլիոնավոր մանր արյունատար անոթներ, որոնք արյունը զտում են նյութափոխանակության արգասիքներից: Դիաբետը կարող է վնասել այս համակարգը: Ծանր ախտահարումը կարող է բերել երիկամային անբավարարության կամ վերջնափուլային երիկամային հիվանդության, որն անդառնալի վիճակ է: Վերջնափուլային երիկամային հիվանդությունը պահանջում է բուժում երիկամների մեխանիկական զտմամբ (դիալիզ) կամ երիկամի փոխպատվաստում:
- Աչքերի վնասում. դիաբետը կարող է վնասել ցանցաթաղանթի արյունատար անոթները (աչքի այն մասը, որը զգում է լույսը): Սա կարող է բերել կուրության: Դիաբետը նաև բարձրացնում է տեսողության լուրջ հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են կատարակտը և գլաուկոման:
- Ոտնաթաթի վնասում. ոտնաթաթի նյարդերի վնասումը կամ վատ արյան հոսքը բարձրացնում են այս շրջանի հետ կապված բարդությունների ռիսկը: Չբուժվելու դեպքում կտրվածքները և բշտիկները կարող են դառնալ ծանր վարակներ: Ծայրահեղ դեպքերում կարող է առաջ գալ մատների, ոնտաթաթի կամ ամբողջ ոտքի անդամահատման (ամպուտացիա) հարցը:
- Մաշկային և բերանի խոռոչի հիվանդություններ. դիաբետը կարող է ձեզ ավելի «խոցելի» դարձնել մաշկային և բերանի խոռոչի վարակների նկատմամբ: Սրանք ներառում են բակտերիալ և սնկիկային վարակները: Լնդային հիվանդությունը և բերանի չորությունը նույնպես ավելի հավանական են:
- Հղիության բարդություններ. արյան շաքարի բարձր մակարդակները կարող են վտանգ ներկայացնել ինչպես ծնողին, այնպես էլ երեխային: Ինքնաբուխ վիժման, մեռելածնության կամ բնածին արատների ռիսկը բարձրանում է, երբ դիաբետը լավ չի հսկվում: Հղի կնոջ մոտ դիաբետը բարձրանցնում է դիաբետիկ կետոացիդոզի, դիաբետիկ աչքի խնդիրների (ռետինոպաթիա), հղիությամբ պատճառված բարձր արյան ճնշման և պրեէկլամպսիայի ռիսկերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024