1-ին տիպի դիաբետը սովորաբար ախտորոշվում և վերահսկվում է արյան թեստերով:
- Գլիկոզիլացված հեմոգլոբինի թեստ (HbA1c). այս արյան թեստը ցույց է տալիս վերջին 2-3 ամսիների արյան շաքարի միջին մակարդակը: Այն չափում է արյան շաքարի այն քանակը, որը կապված է արյան կարմիր բջիջների թթվածին կրող սպիտակուցին (հեմոգլոբին): Որքան բարձր են արյան շաքարի մակարդակները, այդքան ավելի շատ հեմոգլոբին է կապվում շաքարով: Երկու առանձին թեստերով HbA1c-ի 6,5% կամ ավելի բարձր մակարդակը վկայում է դիաբետի առկայության մասին:
Եթե HbA1c թեստը մատչելի չէ կամ ունեք այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են HbA1c թեստը դարձնել ոչ հավաստի (օրինակ՝ հղիություն կամ հեմոգլոբինի հազվադեպ հանդիպող տարատեսակներ), բժիշկը նաև կարող է օգտագործել հետևյալ թեստերը:
- Պատահական արյան շաքարի թեստ. արյան նմուշը վերցվում է պատահական ժամին և կարող է հաստատվել լրացուցիչ թեստերով: Արյան շաքարի արժեքները ներկայացվում են միլիմոլերով մեկ լիտրում (մմոլ/լ) կամ միլիգրամներով մեկ դեցիլիտրում (մգ/դլ): Անկախ այն հանգամանքից, թե երբ եք վերջին անգամ սնունդ ընդունել, 11,1 մմոլ/լ-ից (200 մգ/դլ-ից) բարձր պատահական արյան շաքարի մակարդակը կարող է վկայել դիաբետի մասին:
- Քաղցած վիճակում արյան շաքարի թեստ. այս դեպքում արյան նմուշը վերցնում է գիշերը քաղցած մնալուց հետո: 5,6 մմոլ/լ-ից (100 մգ/դլ-ից) ցածր քաղցած վիճակում արյան շաքարի մակարդակը համարվում է նորմալ, 5,6-ից մինչև 6,9 մմոլ/լ (100-125 մգ/դլ) միջակայքը՝ նախադիաբետ, իսկ երկու տարբեր թեստերով 7,0 մմոլ/լ (126 մգ/դլ) և ավելի բարձր մակարդակը՝ դիաբետ:
Եթե ձեզ ախտորոշել են դիաբետ, բժիշկը կարող է նաև առաջարկել այլ թեստեր: Օրինակներից են 1-ին տիպի դիաբետի ժամանակ տարածված աուտո-հակամարմինների ստուգման արյան թեստերը: Դրանք օգնում են 1-ին և 2-րդ տիպի դիաբետների միջև տարբերակում անցկացնելուն, եթե ախտորոշումը հստակ չէ: Մեզում կետոնների՝ ճարպի տրոհումից առաջացած միջանկյալ արգասիքների հայտնաբերման թեստի դրական արդյունքը նույնպես վկայում է ավելի շատ 1-ին տիպի դիաբետի օգտին:
Ախտորոշումից հետո
Կանոնավոր այցելեք ձեր բժշկին, որ քննարկեք դիաբետի վարման հետ կապված հարցերը: Այցերի ընթացքում ձեր ընդհանուր առողջական վիճակը գնահատելուց բացի բժիշկը հավանաբար կառաջարկի նաև HbA1c-ի մակարդակի ստուգում, որի թիրախային ցուցանիշները կախված են ձեր տարիքից և այլ գործոններից: Ամերիկյան դիաբետի ասոցիացիան խորհուրդ է տալիս հասնել HbA1c-ի 7%-ից ցածր մակարդակի, որը համապատասխանում է միջին գլյուկոզի մինչև 8,5 մմոլ/լ (154 մգ/դլ) ցուցանիշներին:
Օրական կրկնվող արյան շաքարի թեստի հետ համեմատած HbA1c-ն ավելի լավ է գնահատում բուժման արդյունավետությունը: Եթե գլիկոհեմոգլոբինի մակարդակը բարձրանում է, նշանակում է անհրաժեշտ է փոփոխել ինսուլինի նշանակման կարգը, սննդի ռեժիմը կամ երկուսն էլ:
HbA1c թեստից բացի բժիշկը կարող է առաջարկել նաև արյան և մեզի թեստեր, որ ստուգի խոլեստերինի մակարդակը, վահանաձև գեղձի, լյարդի և երիկամների գործունեությունը: Բժիշկը նաև կգնահատի ձեր արյան ճնշման տատանումները և կզննի մազանոթային գլյուկոզի թեստի և ինսուլինի ներարկման շրջանները:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024