1-ին տիպի դիաբետի պատշաճ կառավարումը կարող է նվազեցնել լուրջ, անգամ` կյանքին սպառնացող բարդությունների ռիսկը:
Եթե ձեզ մոտ ախտորոշվել է 1-ին տիպի դիաբետ, ապա, ի լրումն բժշկի նշանակումներին, կարող եք հետևել այս խորհուրդներին:
- Մոտիվացվեք դիաբետի երկարատև կառավարման համար. ընդունեք ձեր դեղերն այնպես, ինչպես նշանակել է բժիշկը: Ծանոթացեք և տեղեկացեք 1-ին տիպի դիաբետի վերաբերյալ ամեն ինչի մասին: Հիշեք, որ առողջ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը ոչ թե միայն ձեր ընդհանուր առողջական վիճակի բարելավման համար է, այլ հանդիսանում է դիաբետի բուժման կարևոր բաղկացուցիչ մասը:
- Նույնականացրեք ինքներդ ձեզ. կրեք թևնոց կամ վզնոց այն մասին, որ ունեք դիաբետ: Սա կօգնի անհետաձգելի բուժանձնակազմին, որ գիտակցության խանգարմամբ ընթացքող հնարավոր բարդությունների դեպքում իմանա ձեր հիվանդության մասին:
- Նախատեսեք տարեկան ընդլայնված և պարբերաբար աչքերի ստուգման ժամանակացույց. տանը գլյուկոմետրով արյան շաքարի ստուգումը բնավ չի փոխարինում բժշկական այցելություններին կամ տեսողության կանոնավոր ստուգումներին: Արտաքն զննման ընթացքում բժիշկն ուշադրություն է դարձնում դիաբետի հետ կապված բարդություններին, նչպես նաև ստուգում այլ հնարավոր առողջական խնդիրների առկայությունը: Ակնաբույժը ստուգում է ցանցաթաղանթի վնասման, կատարակտի և գլաուկոմայի նշանները:
- Ժամանակին ստացեք բոլոր պատվաստումները. բարձր արյան գլյուկոզը (հիպերգլիկեմիա) թուլացնում է ձեր իմունային համակարգը, ուստի եղեք պաշտպանված հնարավոր վարակային հիվանդություններից: Ստացեք գրիպի դեմ տարեկան պատվաստումները: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ստանաք նաև թոքաբորբի դեմ պատվաստանյութ: 19-59 տարեկան անձանց խորհուրդ է տրվում նաև պատվաստվել հեպատիտ B-ի դեմ (եթե նախկինում պատվաստում չեն անցել):
- Ուշադրություն դարձրեք ձեր ոտնաթաթերին. ամեն օր գոլ ջրով լվացեք ձեր ոտքերը և վերջում նուրբ կերպով լավ չորացրեք հատկապես մատների արանքը: Հաճախակի ստուգեք, թե արդյոք ոտնաթաթերին կան ճաքեր, վերքեր կամ քերծվածքներ, կարմրություն կամ այտուցվածություն: Անպայման տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք ուշ լավացող վերք:
- Կառավարեք ձեր բարձր արյան ճնշումը և բարձր խոլեստերինը. առողջ սնունդը և վարժանքները կարող են երկարատև ժամանակի ընթացքում օգնել բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և խոլեստերին մակարդակի հսկմանը։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում ավելացնել որոշ դեղամիջոցներ: Ընդունեք ճնշման և խոլեստերինի դեղամիջոցներն այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը:
- Եթե օգտագործում եք ծխախոտ, բժշկի օգնությամբ որոշեք դադարեցնելու տարբերակը. ծխախոտը բարձրացնում է դիաբետի տարբեր բարդությունների, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, նյարդի վնասման և երիկամային հիվանդության զարգացման ռիսկը: Ծխախոտից ձերբազատվելը ոչ միայն օգնում է դիաբետի հսկողությանը, այլև բարելավում ձեր ընդհանուր առողջական վիճակը:
- Եթե օգտագործում եք ծխախոտ, բժշկի օգնությամբ որոշեք դադարեցնելու լավագույն տարբերակը. ծխախոտը բարձրացնում է դիաբետի տարբեր բարդությունների զարգացման ռիսկը: Ծխախոտից ձերբազատվելը ոչ միայն օգնում է դիաբետի հսկողությանը, այլև բարելավում ձեր ընդհանուր առողջական վիճակը:
- Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը. կախված օգտագործման բնույթից, ալկոհոլը կարող է նվազեցնել կամ բարձրացնել արյան գլյուկոզի մակարդակը: Եթե որոշել եք ալկոհոլ օգտագործել, ապա ընդունեք միայն փոքր քանակներ և միայն ճաշելիս: Տեղեկացրեք բժշկին, եթե ալկոհոլից հետո գրանցում եք արյան գլյուկոզի տատանումներ:
- Լուրջ վերաբերվեք սթրեսին. երկարատև սթրեսի ժամանակ օրգանիզմում արտադրվող հորմոնները կանխարգելում են ինսուլինի ակնկալվող ազդեցությունը, որն իր հերթին ավելի է խորացնում ձեր սթրեսը և հիասթափությունը: Սովորեք սթրեսի ճիշտ դիմակայման և նվազեցման մեթոդները: Խմբավորեք ձեր առօրյա խնդիրներն ըստ առաջնահերթությունների։ Փորձեք մարմինը և ուղեղը թուլացնող հնարքներ: Կարգավորեք ձեր քունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024