1-ին տիպի դիաբետի բուժումը միայն ինսուլին ստանալը չէ, այլ հիվանդության հետևողական վերահսկումը:
1-ին տիպի դիաբետի բուժումը ներառում է՝
- Ինսուլինի ստացում
- ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների հաշվարկ
- արյան շաքարի հաճախակի վերահսկում
- սննդակարգի առողջացում
- կանոնավոր վարժանքներ և առողջ քաշի պահպանում:
Բուժման նպատակն է պահել արյան շաքարը նորմային հնարավորինս մոտ մակարդակների վրա, որը թույլ է տալիս հետաձգել կամ կանխարգելել բարդությունները: Ընդհանուր առմամբ, նպատակը պետք է լինի ցերեկվա ժամերին մինչև ճաշելն արյան շաքարի մակարդակը 4,44-7,2 մմոլ/լ (80-130 մգ/դլ) միջակայքում պահելը: Սնունդ ստանալուց 2 ժամ հետո այդ ցուցանիշները պետք է լինեն ոչ ավելի, քան 10 մմոլ/լ (180 մգ/դլ):
Ինսուլին և այլ դեղեր
1-ին տիպի դիաբետով յուրաքանչյուր անձ ունի ինսուլինային բուժման կարիք, որը պետք է շարունակվի նրա ողջ կյանքի ընթացքում:
Կան Ինսուլինի բազմաթիվ տեսակներ:
- Կարճատև ազդեցության ինսուլին. երբեմն կոչվում է կանոնավոր Ինսուլին: Այս տեսակը սկսում է ազդել ներարկումից մոտ 30 րոպե հետո: Ազդեցությունը հասնում է գագաթնակետին 90-120 րոպե հետո և տրում մոտ 4-6 ժամ: Oրինակներից են՝ Հումալին R, Նովոլին R և Աֆրեզզա:
- Արագ ազդող ինսուլին. Ինսուլինի այս տեսակը սկսում է ազդել 15 րոպեի ընթացքում: Այն հասնում է իր գագաթնակետին 60 րոպեից և տևում մոտ 4 ժամ: Այս տեսակը հաճախ օգտագործվում է ճաշելուց 15-20 րոպե առաջ: Oրինակներից են՝ Գլուլիզին (Ապիդրա), Լիզպրո (Հուլամոգ, Ադմելով և Լյումյև) և Ասպարտ (Նովոլոգ և ՖիԱսպ):
- Միջին ազդեցության ինսուլին. նաև կոչվում է Ինսուլին NPH: Ինսուլինի այս տեսակը սկսում է ազդել մոտ 1-3 ժամվա ընթացքում, հասնում իր գագաթնակետին 6-8 ժամվա մեջ և տևում 12-24 ժամ: Oրինակներից է՝ Ինսուլին NPH (Նովոլին N, Հումալին N):
- Երկարատև և գերերկարատև ազդեցության ինսուլին. Ինսուլինի այս տեսակը կարող է ապահովել 14-40 ժամյա ազդեցություն: Օրինակներից են՝ Գլարգին (Լանտուս, Տուջեո Սոլոստար, Բասագլար), Դետեմիր (Լևեմիր) և Դեգլուդեկ (Տրեսիբա):
Հավանաբար ձեզ հարկավոր կլինի ստանալ օրական մի քանի ներարկումներ, որոնք ներառում են երկարատև ազդող Ինսուլինի և արագ ազդող Ինսուլինի համադրություն: Այս ներարկումներն ավելի նման են գործում օրգանիզմի կողմից ինսուլինի նորմալ օգտագործմանը, քան ինսուլինի ավելի հին ռեժիմները, որոնք պահանջում էին օրական ընդամենը մեկ կամ երկու ներարկում: Ապացուցված է, որ օրական երեք կամ ավելի ինսուլինի ներարկումների համադրությունը բարելավում է արյան շաքարի մակարդակը:
Ինսուլինի ստացման եղանակները
Ինսուլինը չի կարող ընդունվել բերանով (կուլ տալով)՝ արյան շաքարը նվազեցնելու համար, քանի որ ստամոքսի ֆերմենտները քաքայում են այն և չեզոքացնում ազդեցությունը: Դուք պետք է կամ ստանաք սրսկումներ (ներարկումներ) կամ էլ օգտագործեք ինսուլինային պոմպ:
- Ներարկումներ. դուք կարող եք օգտագործել խիստ բարակ ասեղով ներարկիչ և ներարկիչ կամ «ինսուլինային գրիչ», որ ներարկեք Ինսուլինը ձեր մաշկի տակ: Ինսուլինային գրիչները նման են թանաքային գրիչներին և մատչելի են մեկանգամյա օգտագործման կամ վերալիցքավորվող տարբերակներով: Եթե ընտրում եք սրսկումները (ներարկումներ), ապա ձեզ հավանաբար անհրաժեշտ կլինի ինսուլինի տեսակների խառնուրդ ցերեկը և գիշերը օգտագործելու համար:
- Ինսուլինային պոմպ. սա փոքր չափսի հատուկ ծրագրային ապահովմամբ սարք է, որը տեղադրվում է մարմնից դուրս և խողովակով միացվում որովայնի շրջանում մաշկի տակ ներդրված բարակ կաթետերին: Այս պոմպով ինսուլինային դեղամիջոցները ներմուծվում են ամբողջ օրվա ընթացքում՝ առավել նմանակելով օրվա ընթացքում ինսուլինի ֆիզիոլոգիական արտազատմանը և օգնելով արյան շաքարի առավել ճշգրիտ հսկմանը, որի շնորհիվ զգալիորեն կրճատվում է դիաբետի սուր և հեռակա բարդությունների ռիսկը:
Այլ դեղեր
1-ին տիպի դիաբետով մարդկանց բժիշկը նաև կարող է նշանակել այլ դեղամիջոցներ:
- Բարձր արյան ճնշան դեղեր. ձեր բժիշկը կարող է նշանակել անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ կամ անգիոտենզին II ընկալիչի պաշարիչներ, որոնք կարող են օգնել երիկամների առողջ վիճակի պահպանմանը: Այս դեղերը խորհուրդ է տրվում նշանակել դիաբետով այն մարդկանց, ովքեր ունեն 140/90 մմ ս.ս. գերազանցող արյան ճնշում:
- Ասպիրին. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ցածր դեղաչափերով կամ սովորական Ասպիրինի ամենօրյա ընդունում, որ պաշտպանի ձեր սիրտը: Նա կարող է զգալ, որ ունեք սրտանոթային պատահարի բարձրացած ռիսկ: Բժիշկը նաև կքննարկի ձեզ հետ Ասպիրինի հետ կապված արյունահոսության վտանգի ռիսկը:
- Խոլսեթերինը նվազեցնող դեղեր. խոլեստերինի ուղեցույցներն ավելի խիստ են դիաբետով մարդկանց համար, քանի որ նրանց մոտ սրտային հիվանդության ռիսկն ավելի բարձր է: Ամերիկյան դիաբետի ասոցիացիան խորհուրդ է տալիս, որ ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) խոլեստերինը, որը նաև անվանում են «վատ» խոլեստերին, պահպանվի 2,6 մմոլ/լ-ից (100 մգ/դլ) ավելի ցածր մակարդակների վրա: Նույն կերպ, խորհուրդ է տրվում բարձր խտության լիպոպրոտեիդների (ԲԽԼ) խոլեստերինը, որը նաև անվանում են «լավ» խոլեստերին, պահպանել տղամարդկանց համար՝ 1,0 մմոլ/լ-ից (40 մգ/դլ) և կանանց համար՝ 1,3 մմոլ/լ-ից (50 մգ/դլ) ավելի բարձր մակարդակների վրա: Արյան ճարպի մեկ այլ տեսակը՝ տրիգլիցերիդները պետք է լինեն 1,7 մմոլ/լ-ից (150 մգ/դլ) ավելի ցածր:
Արյան շաքարի վերահսկում
Կախված ձեր ընտրած կամ անհրաժեշտ ինսուլինային բուժման տեսակից, բժիշկը խորհուրդ կտա, թե ինչքան հաճախ է պետք չափել արյան շաքարի մակարդակը՝ համոզվելու, որ այն կայունացել է թիրախային միջակայքում:
Ամերիկյան դիաբետի ասոցիացիան խորհուրդ է տալիս չափել արյան շաքարի մակարդակը ճաշերից և նախաուտեստներից առաջ, անկողին մտնելուց առաջ, վարժանքներ կատարելուց կամ ավտոմեքենա վարելուց առաջ և բոլոր այն դեպքերում, եթե կարծում եք, որ ունեք ցածր արյան շաքար: Արյան շաքարի մակարդակի մշտական հսկողությունը միակ միջոցն է համոզվելու, որ ձեր արյան շաքարի մակարդակը մնում է ձեր թիրախային միջակայքում: Ավելի հաճախակի վերահսկումը կարող է նվազեցնել HbA1c-ի մակարդակը:
Նույնիսկ եթե ստանում եք ինսուլին և ուտում եք խիստ ռեժիմով, արյան շաքարի մակարդակը կարող է փոփոխվել: Ժամանակի ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես է ձեր արյան շաքարի մակարդակը փոփոխվում ամենատարբեր իրավիճակներում՝ սնվելիս, ֆիզիկական գործով զբաղվելիս, հիվանդության, սթրեսի, հորմոնային փոփոխությունների ժամանակ, ալկոհոլ օգտագործելիս և այլն:
Շարունակական գլյուկոզի վերահսկում
Շարունակական գլյուկոզի մոնիտորը փոքր սարք է, որը օգտագործում է մաշկի տակ տեղադրված բարակ ասեղ և ամեն մի քանի րոպեն մեկ չափում է արյան գլյուկոզի մակարդակը: Այն առանձնահատուկ օգտակար է ցածր արյան ճնշումը կանխարգելելու գործում: Այս սարքերը կարող են նվազեցնել HbA1c-ի մակարդակը:
Արհեստական ենթաստամոքսային գեղձ
ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) հաստատել է 1-ին տիպի դիաբետով 14 տարեկան և ավելի մեծ տարիքի մարդկանց համար երկու արհեստական պանկրեասներ կամ այսպես կոչված փակ համակարգեր:
Սա մաշկի տակ իմպլանտացվող սարք է, որը 5 րոպեն մեկ կապ է հաստատում շարունակական գլյուկոզի մոնիտորի հետ և ըստ շաքարի մակարդակի ավտոմատ ներարկում համապատասխան դեղաչափի Ինսուլին:
Առողջ սննդակարգ և ածխաջրերի վերահսկում
Որևէ հատուկ «դիաբետի սննդակարգ» գոյություն չունի: Այնուամենայնիվ, կարևոր է ձեր սննդակարգը կենտրոնացնել սննդարար, ցածր յուղայնությամբ և բջջանքով հարուստ մթերքների վրա, ինչպիսիք են՝
- մրգեր
- բանջարեղեններ
- ամբողջահատիկ ձավարեղեն (цельнозерновые):
Դիետոլոգը կարող է խորհուրդ տալ, որ քչացնեք կենդանական մթերքները և զտված ածխաջրատները, օրինակ՝ սպիտակ հացը և քաղցրեղենը: Առողջ սնվելու այս ծրագիրը խորհուրդ է տրվում նույնիսկ դիաբետ չունեցող մարդկանց:
Դուք պետք է սովորեք, թե ինչպես հաշվել ձեր կերած մթերքներում ածխաջրերի քանակը: Դիետոլոգը կարող է օգնել ձեզ ստեղծելու ձեր կարիքներին համապատասխան սննդակարգ: Նա նաև կարող է օգնել հետևյալ հարցերում՝
- ձեր նախընտրելի սննդամթերքներից առողջ ընտրությունների կատարում
- լավ հավասարակշռված և սննդարար ճաշատեսակների պլանավորում
- սնվելու նոր սովորույթների զարգացում և սովորույթները փոփոխելու խոչընդոտների հաղթահարում
- ածխաջրերի ընդունման վերահսկում, որը կօգնի արյան շաքարի մակարդակի կայունացմանը:
Ֆիզիկական ակտիվություն
Յուրաքանչյուր ոք կարիք ունի կանոնավոր աերոբիկ վարժությունների, ներառյալ այն մարդկանց, ովքեր ունեն 1-ին տիպի շաքարախտ: Նախ, ստացեք ձեր բժշկի համաձայնությունը: Այնուհետև ընտրեք այնպիսի զբաղմունքներ, որոնք ձեզ դուր են գալիս, օրինակ՝ քայլել կամ լողալ, և արեք դրանք ամեն օր, երբ կարող եք: Փորձեք շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր աերոբիկ վարժանքներ կատարել՝ երկու օրից ոչ ավել ընդմիջումների:
Հիշեք, որ ֆիզկական ակտիվությունը նվազեցնում է արյան շաքարը: Եթե սկսում եք նոր վարժանք, ստուգեք ձեր արյան շաքարն ավելի հաճախակի, մինչև իմանաք, թե ինչպես է այդ զբաղմունքն ազդում ձեր արյան շաքարի մակարդակի վրա: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի հարմարեցնել սննդակարգը կամ ինսուլինի չափաբաժինները՝ ակտիվության բարձրացման պատճառով:
Գործեր, որոնք կարող են մտահոգություն առաջացնել
Կյանքի որոշ գործողություններ կարող են անհանգստություն առաջացնել 1-ին տիպի դիաբետ ունեցող մարդկանց համար:
- Ավտոմեքենա վարելը. արյան շաքարի ցածր մակարդակը կարող է առաջանալ ցանկացած պահի: Լավ կլինի ստուգել ձեր արյան շաքարը ցանկացած ժամանակ, երբ նստում եք ղեկին: Եթե այն ցածր է 3,9 մմոլ/լ-ից (70 մգ/դլ), ապա ընդունեք 15 գրամ ածխաջրերով նախուտեստ: Կրկին ստուգեք ձեր շաքարը 15 րոպեից՝ համոզվելու, որ այն բարձրացել է անվտանգ մակարդակի՝ մինչև մեքենա կվարեք:
- Աշխատանք. 1-ին տիպի դիաբետը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել աշխատավայրում: Օրինակ, եթե դուք աշխատում եք այնպիսի վայրում, որը ներառում է մեքենա վարելը կամ ծանր մեքենաների հետ աշխատելը, ցածր արյան շաքարը կարող է լուրջ վտանգ ներկայացնել ձեզ և ձեր շրջապատի համար: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել աշխատել ձեր բժշկի և ձեր գործատուի հետ՝ համոզվելու, որ կատարվել են որոշակի համապատասխանեցումներ: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ ընդմիջումներ՝ արյան շաքարի թեստի և սննդի ու հեղուկների արագ հասանելիության համար:
- Հղի լինելը. հղիության ընթացքում բարդությունների վտանգն ավելի բարձր է 1-ին տիպի դիաբետով հիվանդների մոտ: Մասնագետները խորհուրդ են տալիս, որ նախքան հղիանալը այցելեք ձեր բժշին: Նախքան հղիանալը HbA1c-ի ցուցանիշները պետք է լինեն 6,5%-ից պակաս:
- Բնածին հիվանդությունների ռիսկը նույնպես ավելի բարձր է 1-ին տիպի դիաբետով մարդկանց համար: Ռիսկն ավելի մեծ է, երբ հղիության առաջին 6-8 շաբաթների ընթացքում դիաբետը վատ է հսկվում: Հղիության ընթացքում ձեր դիաբետի բծախնդիր կառավարումը կարող է նվազեցնել բարդությունների ռիսկը:
- Մեծ տարիք կամ այլ հիվանդություններ ունենալը. նրանց համար, ովքեր թույլ են, հիվանդ կամ դժվարանում են հստակ մտածել, արյան շաքարի խիստ վերահսկողությունը կարող է պրակտիկ չլինել: Այն կարող է նաև մեծացնել արյան ցածր շաքարի վտանգը: 1-ին տիպի շաքարային դիաբետով շատ մարդկանց համար կարող է տեղին լինել HbA1c-ի ավելի քիչ խիստ՝ 8%-ից պակաս թիրախը:
Անհանգստանալու նշանները
Չնայած ձեր լավագույն ջանքերին, երբեմն կարող են խնդիրներ առաջանալ։ 1-ին տիպի դիաբետի որոշ կարճաժամկետ բարդություններ, օրինակ՝ ցածր արյան շաքարը, պահանջում են անհետաձգելի բուժօգնություն:
Ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա)
Դիաբետիկ հիպոգլիկեմիան առաջանում է, երբ դիաբետով ինչ–որ մեկի արյան մեջ բավարար շաքար (գլյուկոզա) չկա: Հարցրեք ձեր բժշկին, թե որն է ձեզ համար համարվում արյան շաքարի ցածր մակարդակ: Արյան շաքարի մակարդակը կարող է ընկնել բազմաթիվ պատճառներով, ինչպիսիք են կերակուրը բաց թողնելը, ավելի քիչ ածխաջրեր ուտելը, քան նախատեսված է ձեր սննդակարգում, սովորականից ավելի ֆիզիկական ակտիվ լինելը կամ չափից շատ ինսուլին ներարկվելը:
Իմացեք հիպոգլիկեմիայի ախտանիշները: Ստուգեք ձեր արյան շաքարը, եթե կարծում եք, որ վերջինիս մակարդակը ցածր է: Կասկածների դեպքում միշտ ստուգեք ձեր արյան շաքարը: Ցածր արյան շաքարի վաղ ախտանշանները ներառում են՝
- գունատություն
- դող և սարսուռ
- գլխապտույտ
- քրտնարտադրություն
- քաղց կամ սրտխառնոց
- անկանոն կամ արագացած սրտազարկ
- կենտրոնանալու դժվարություն
- թուլություն և ուժասպառություն (հոգնածություն)
- գրգռվածություն կամ տագնապ
- գլխացավ
- շրթունքների, լեզվի կամ այտերի ծակծկողներ կամ թմրածություն:
Գիշերային հիպոգլիկեմիայի պատճառով կարող եք արթնանալ քրտինքով թրջված գիշերազգեստով կամ գլխացավով: Գիշերային հիպոգլիկեմիան երբեմն կարող է առաջացնել առավոտյան առաջին ստուգմամբ արյան շաքարի անսովոր բարձր մակարդակ:
Եթե դիաբետիկ հիպոգլիկեմիան չի բուժվում, հիպոգլիկեմիայի ախտանիշները կարող են վատթարանալ և ներառել՝
- շփոթվածություն, անսովոր պահվածք կամ երկուսը միասին, օրինակ՝ սովորական առաջադրանքները կատարելու անկարողություն
- կորդինացիայի կորուստ
- խոսքի դժվարություն կամ աղավաված խոսք
- մշուշոտ կամ թունելային տեսողություն
- ուտելու կամ խմելու դժվարություն
- մկանային թուլություն
- քնկոտություն:
Ծանր հիպոգլիկեմիան կարող է առաջացնել՝
- ջղաձգումներ կամ ցնցումներ
- գիտակցության կորուստ
- հազվադեպ՝ մահ։
Դուք կարող եք արագ բարձրացնել ձեր արյան շաքարը՝ ուտելով կամ խմելով պարզ շաքարի աղբյուրներ, օրինակ՝ գլյուկոզի հաբեր, կոշտ կոնֆետ կամ քաղցրահամ մրգահյութ: Տեղեկացրեք ընտանիքին և ընկերներին, թե ինչ ախտանիշներ պետք է փնտրել և ինչ անել, եթե դուք ի վիճակի չեք բուժելու այդ վիճակը:
Եթե արյան գլյուկոմետրը ձեզ մոտ չէ, ամեն դեպքում բուժեք ցածր արյան շաքարը, եթե ունեք հիպոգլիկեմիայի ախտանիշներ, որից հետո որքան հնարավոր է շուտ ստուգեք ձեր արյան շաքարը:
Տեղեկացրեք մարդկանց, այն ինչ գիտեք հիպոգլիկեմիայի մասին: Եթե այլոք գիտեն, թե ինչ ախտանիշներ է պետք փնտրել, նրանք կարող են զգուշացնել ձեզ վաղ ախտանիշների մասին: Կարևոր է, որ ընտանիքի անդամները և մտերիմ ընկերները իմանան, թե որտեղ եք պահում Գլյուկագոն դեղամիջոցը և ինչպես օգտագործել այն, որ հնարավոր ծանր իրավիճակն ավելի հեշտ լինի անվտանգ կառավարելը: Գլյուկագոնը հորմոն է, որը խթանում է արյան մեջ շաքարի ներզատումը:
Ահա որոշ անհետաձգելի օգնության տեղեկություններ, որոնք կարող եք տրամադրել ուրիշներին: Եթե դուք ինչ-որ մեկի հետ եք, ով ցածր արյան շաքարի պատճառով չի արձագանքում (կորցել է գիտակցությունը) կամ չի կարողանում կուլ տալ՝
- մի՛ ներարկեք Ինսուլին, քանի որ դա կհանգեցնի արյան շաքարի մակարդակի էլ ավելի նվազմանը
- մի՛ տվեք հեղուկներ կամ սնունդ, քանի որ դրանք կարող են շնչահեղձություն առաջացնել
- տվեք գլյուկագոն ներարկման կամ քթի սփրեյի միջոցով
- զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Հիպոգլիկեմիայի անտեղյակություն
Որոշ մարդիկ կարող են կորցնել զգալու ունակությունը, որ իրենց արյան շաքարի մակարդակը նվազում է: Սա կոչվում է հիպոգլիկեմիայի անտեղյակություն: Մարմինն այլևս չի արձագանքում արյան շաքարի ցածր մակարդակին այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են գլխապտույտը կամ գլխացավը: Որքան շատ է ձեզ մոտ առաջանում ցածր արյան շաքար, այնքան ավելի հավանական է, որ ձեզ մոտ կզարգացա հիպոգլիկեմիայի անտեղյակություն:
Եթե կարողանաք խուսափել հիպոգլիկեմիկ դրվագից մի քանի շաբաթվա ընթացքում, ապա կկարողանաք ավելի լավ հասկանալ սկսվող հիպոգլիկեմիան: Երբեմն արյան շաքարի թիրախի բարձրացումը (օրինակ՝ 80-ից 120 մգ/դլ-ից մինչև 100-ից 140 մգ/դլ) առնվազն կարճ ժամանակով կարող է օգնել բարելավելու արյան շաքարի ցածր մակարդակի մասին տեղյակ լինելու զգացողությունը:
Բարձր արյան շաքար (հիպերգլիկեմիա). որոշ սննդամթերքների մեծ քանակով օգտագործումը, հիվանդ լինելը կամ դեղերը ժամանակին չընդունելը կամ բաց թողնելը կարող են առաջացնել բարձր արյան շաքար: Գանգատները և ախտանիշները ներառում են՝
- հաճախակի միզում
- խիստ ծարավի զգացում
- բերանի չորություն
- մշուշոտ տեսողություն
- թուլություն և հոգնածություն
- գլխացավ:
Բարձր արյան շաքար (հիպերգլիկեմիա)
Արյան շաքարը կարող է բարձրանալ բազմաթիվ պատճառներով: Օրինակ, այն կարող է բարձրանալ շատ ուտելիս, մթերքների սխալ տեսակներ օգտագործելիս, բավարար Ինսուլին չստանալիս կամ որևէ այլ հիվանդություն ունենալիս:
Ուշադիր եղեք հետևյալ ախտանիշների նկատմամբ՝
- հաճախակի միզում
- ծարավի զգացման սաստկացում
- մշուշոտ տեսողություն
- հոգնածություն
- գլխացավ
- գրգռվածություն:
Եթե կարծում եք, որ ունեք հիպերգլիկեմիա, ստուգեք ձեր արյան շաքարը: Եթե այն ավելի բարձր է, քան ձեր թիրախային միջակայքը, հավանաբար «ուղղում» իրականացնելու կարիք կա։ Սա Ինսուլինի լրացուցիչ դեղաչափ է, որը ձեր արյան շաքարը կվերադարձնի նորմալ թվերի: Արյան շաքարի բարձր մակարդակը չի իջնում այնպես արագ, որքան բարձրանում են: Հարցրեք բժշկին, թե ինչքան ժամանակից հետո է պետք կրկնակի ստուգել շաքարը:
Եթե ձեր արյան շաքարի մակարդակը գերազանցում է 13,3 մմոլ/լ (240 մգ/դլ), ստուգեք կետոնների առկայությունը մեզի թեստի միջոցով: Մի փորձեք ֆիզիկական գործով զբաղվել, եթե ձեր արյան շաքարի մակարդակը 13,3 մմոլ/լ-ից (240 մգ/դլ) բարձր է կամ եթե մեզում առկա են կետոններ: Եթե մեզում առկա են կետոնների հետքեր կամ քիչ քանակությամբ կետոններ, խմեք լրացուցիչ ոչ կալորիական հեղուկներ՝ կետոններն օրգանիզմից մեզով հեռացնելու համար համար:
Եթե ձեր արյան շաքարը մշտապես կայուն կերպով գերազանցում է 16,7 մմոլ/լ-ը (300 մգ/դլ) կամ եթե ձեր մեզի կետոնները մնում են բարձր՝ չնայած ինսուլինի ուղղիչ չափաբաժիններին, զանգահարեք ձեր բժշկին կամ 1-03:
Մեզում կետոնների բարձրացում (դիաբետիկ կետոացիդոզ)
Եթե ձեր բջիջները զրկված են էներգիայից, օրգանիզմը կարող է սկսել քայքայել ճարպը: Սա արտադրում է թունավոր թթուներ, որոնք հայտնի են որպես կետոններ: Դիաբետիկ կետոացիդոզը կյանքին սպառնացող անհետաձգելի վիճակ:
Այս ծանր վիճակի ախտանիշները ներառում են.
- սրտխառնոց
- փսխում
- որովայնային ցավ
- քաղցրահամ, մրգահոտային շնչառություն
- շնչարգելություն և հևոց
- բերանի չորություն
- թուլություն
- շփոթվածություն
- կոմա:
Եթե կասկածում եք կետոացիդոզ, ստուգեք մեզն ավելցուկային կետոնների համար առանց դեղատոմսի վաճառվող կետոնների թեստի հավաքածուի միջոցով: Եթե մեզի մեջ ունեք մեծ քանակությամբ կետոններ, անմիջապես զանգահարեք ձեր բժշկին կամ 1-03: Նաև զանգահարեք ձեր բժշկին, եթե մեկից ավելի անգամ եք փսխել և մեզի մեջ կետոններ ունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024