Բազմաթիվ մարդկանց մոտ կյանքի տարբեր դրվագներում ի հայտ է գալիս պատահական կամ քիչ քանակով մեզի ակամա արտահոսք:
Մյուսների մոտ փոքրից մինչև չափավոր քանակներով մեզի ակամա արտահոսքը կարող է ստանալ ավելի հաճախակի բնույթ: Այլ դեպքերում կարող է ամբողջովին կորել միզապարկի գործունեության հսկողությունը:
Անմիզապահության հիմնական տեսակները ներկայացված են ստորև:
- Սթրեսային անմիզապահություն. մեզի արտահոսք տեղի է ունենում, երբ դուք ճնշում եք գործադրում ձեր միզապարկի վրա՝ հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս, մարզվելիս կամ ինչ-որ ծանր բան բարձրացնելիս:
- Շտոպ (ուրգենտ) անմիզապահություն. դուք ունեք միզելու հանկարծակի, ուժեղ ցանկություն, որին հաջորդում է մեզի ակամա կորուստը: Այլ կերպ ասած, սա միզարձակման սուր ցանկությունը զսպելու անկարողությունն է, որը երբեմն անվանում են գերակտիվ միզապարկ կամ անկայուն միզապարկ: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հաճախ միզել, այդ թվում՝ ողջ գիշեր: Ուրգենտ անմիզապահությունը կարող է պայմանավորված լինել փոքր խնդիրներով, օրինակ՝ վարակով, կամ ավելի ծանր վիճակով, ինչպիսին է նյարդաբանական խանգարումը կամ շաքարային դիաբետը:
- Գերլցվածության անմիզապահություն. դուք հաճախակի կամ անընդհատ մեզի կաթոց եք ունենում միզապարկի պատճառով, որը ամբողջությամբ չի դատարկվում և միզելուց հետո միզապարկում մնում է մնացորդային մեզ:
- Ֆունկցիոնալ (ոչ օրգանական) անմիզապահություն. ֆիզիկական կամ հոգեկան խանգարումը խանգարում է ձեզ ժամանակին զուգարան գնալուց: Օրինակ, եթե ծանր արթրիտ ունեք, հնարավոր է, որ չկարողանաք բավական արագ արձակել ձեր շալվարը:
- Խառը անմիզապահություն. դուք ունեք անմիզապահության մի քանի տեսակներ: Առավել հաճախ դա վերաբերում է սթրեսային անմիզապահության և շտապ անմիզապահության զուգակցմանը:
Ե՞րբ դիմել բժշկին
Բնական է, որ անմիզապահության վերաբերյալ բժշկին տեղեկացնելը կամ այդ թեմայով զրուցելը կապված է որոշակի անհարմարության հետ: Այնուամենայնիվ, եթե անմիզապահությունը հաճախակի բնույթ է կրում կամ բացասաբար է անդրադառնում ձեր կյանքի որակի վրա, կարևոր է ստանալ բժշկական խորհրդատվություն, քանի որ ակամա միզումը կարող է՝
- կտրուկ սահմանափակել առօրա գործառույթները և շփումները
- բացասաբար ազդել կյանքի որակի վրա
- բարձրացնել մեծ տարիքով չափահաս մարդկանց մոտ ընկնելու ռիսկը, երբ փորձում են շտապել զուգարան
- վկայել ավելի լուրջ հիվանդության առկայության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024