Կարևոր է որոշել միզուղիների անմիզապահության տեսակը և ձեր ախտանիշները հաճախ հուշում են ձեր բժշկին, թե որ տեսակն ունեք:
Այդ տեղեկատվությունը կարևոր է նաև ճիշտ բուժում ընտրելիս:
Ձեր բժիշկը հավանաբար կսկսի ձեր հիվանդության պատմության վերաբերյալ մանրակրկիտ հարց ու փորձից և կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում): Այնուհետև բժիշկը կարող է խնդրել, որ կատարեք հնարավոր մեզի արտահոսք առաջացնող պարզ գործողություններ, օրինակ՝ հազաք:
Դրանից հետո ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա հետևյալը:
- Մեզի թեստ. մեզի նմուշի անալիզը կարող է օգնել հայնաբերելու միզուղիների վարակը, մեզում արյան հետքերը կամ այլ շեղումները:
- Մեզապարկի օրագիր. ձեր բժիշկը կարող է խնդրել, որ մի քանի օրվա ընթացքում գրի առնեք, թե ինչքան եք հեղուկ օգտագործում, երբ եք միզում, ինչքան եք միզում, արդյոք դժվարությամբ եք զսպում միզելու ցանկությունը, անմիզապահության դրվագների թիվն ու դրանց նախորդող իրավիճակները և այլն:
- Մնացորդային մեզի չափում. ձեզ խնդրում են, որ միզեք չափիչ տարայի մեջ, որից հետո միզային կաթետերով կամ գերձայնային հետազոտությամբ չափում է միզելուց հետո միզապարկում մնացորդային մեզի ծավալը: Միզելուց հետո միզապարկում մեծ չափի մնացորդային մեզի առկայությունը կարող է վկայել միզուղիների օբստրուկցիայի կամ միզապարկի նյարդամկանային խնդիրների առկայության մասին:
Լրացուցիչ տվյալների կարիքի դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի լուրջ հետազոտություններ, օրինակ՝ ուրոդինամիկ թեստ և փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա): Այս թեստերը սովորաբար նշանակվում են, եթե օրակարգում կա վիրահատական բուժման հարց:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024