Անմիզապահության բուժումը կախված է տեսակից, ծանրության աստիճանից և պատճառից:
Որոշ դեպքերում անմիզապահության բուժումը կարող է պահանջել համալիր բուժում: Եթե ախտանիշների պատճառը որևէ հիվանդությունն է կամ առողջական խնդիրը, բժիշկը նախ կփորձի բուժել տվյալ վիճակը:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ սկսել ավելի քիչ ինվազիվ բուժումներից և անցնի ավելի բարդ տարբերակներին, եթե պարզ միջոցներով անմիզապահության խնդիրը չի հաջողվում լուծել։
Վարքաբանական մեթոդներ
Բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ վարքաբանական միջոցները։
- Միզապարկի մարզում. սա օգնում է միզելու ցանկություն ունենալիս հետաձգել միզարձակումը: Բժիշկը կարող է առաջարկել, որ ամեն անգամ միզելու ցանկություն ունենալիս փորձեք մինչև 10 րոպե զսպել և զուգարանից չօգտվել: Նպատակը զուգարանից օգտվելու հաճախականության նվազեցնումն է` հասցնելով մինչև 2,5-3 ժամը մեկ:
- Կրկնակի միզարձակում. այս մեթոդի նպատակը միզապարկն ավելի լիարժեք դատարկմանը սովորելն է, որն օգնում է գերլցման անմիզապահությունից խուսափելուն: Կրկնակի միզարձակումը նշանակում է միզում, մի քանի րոպե համեբերում, որից հետո երկրորդ անգամ միզելու փորձ:
- Զուգարանից օգտվելու կարգի սահմանում. այս մոտեցման իմաստն ամեն 2-4 ժամը մեկ զուգարանում միզել փորձելն է, այլ ոչ թե համբերելը, մինչև դրա կարիքը կամ ցանկությունն առաջանա:
- Հեղուկների և սննդակարգի վարում. սա կօգնի, որ վերականգնեք միզապարկի հսկողությունը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կրճատեք կամ խուսափեք ալկոհոլի, կոֆեին պարունակող ըմպելիքների ու մթերքների կամ թթվահամ մթերքների օգտագործումից: Հեղուկների օգտագործման նվազեցումը, ավելորդ քաշից ազատվելը կամ ֆիզիկական ակտիվության բարձրացումը նույնպես կարող են մեղմացնել խնդիրը:
Կոնքի հատակի մկանների մարզում
Բժիշկը կարող է խորհուրդ տալ հաճախակի կատարել այս վարժանքները, որոնք օգնում են միզարձակումը կառավարող մկանների ամրապնդմանը: Դրանք նաև հայտնի են որպես Կեգելի վարժություններ և առանձնակի արդյունավետ են սթրեսային անմիզապահության ժամանակ, թեև կարող են օգնել նաև ուրգենտ անմիզապահության դեպքում:
Կոնքի հատակի մկանները մարզելու համար պատկերացրեք, որ փորձում եք կանգնեցնել մեզի հոսքը: Այնուհետև՝
- ձգեք (կծկեք) այն մկանները, որոնք կօգտագործեիք միզարձակումն ընդհատելիս, պահեք կծկած 5 վայրկյան և թուլացրեք 5 վայրկյան (դժվարանալիս սկսեք 2 վայրկյանանոց կծկումից և 3 վայրկյանանոց թուլացումից)
- աստիճանաբար հասեք նրան, որ կարողանաք նույն մկանները կծկած պահել մոտ 10 վայրկյան
- ձգտեք օրական 3 անգամ կրկնել կոնքի հատակի մկանների 10 անգամյա ձգում-թուլացում վարժանքը:
Իմացե՛ք ավելի Կեգելի վարժությունների մասին:
Դեղորայքային բուժում
Անմիզապահության բուժման մեջ ավելի հաճախ նշանակվում են հետևյալ դեղամիջոցները:
- Հակախոլիներգիկներ. այս դեղամիջոցները կարող են հանգստացնել գերակտիվ միզապարկը և օգտակար լինել ուրգենտ անմիզապահությունը բուժելիս: Օրինակներից են՝ Օքսիբուտինին (Դիտրոպան XL), Տոլտերոդին (Դետրոլ), Դարիֆենացին (Էնաբլեքս), Ֆեզոտերոդին (Տովիազ), Սոլիֆենացին (Վեզիքեըր) և Տորսպիումի քլորիդ:
- Միրաբեգրոն (Միրբետրիք). այս դեղամիջոցը նույնպես նշանակվում է ուրգենտ անմիզապահությունը բուժելիս, քանի որ թուլացնում է միզապարկի մկանները և մեծացնում վերջինիս տարողունակությունը: Այն նաև կարող է օգնել միանվագ միզարձակման ծավալը և օգնել միզապարկի ավելի լիարժեք դատարկմանը:
- Ալֆա-բլոկատորներ. ուրգենտ կամ գերլցման անմիզապահությամբ տղամարդկանց մոտ այս դեղամիջոցները թուլացնում են միզապարկի վզիկի մկանները և շագանակագեղձի մկանաթելերը, որոնց արդյունքում հեշտանում է միզապարկի դատարկումը: Օրինակներից են՝ Տամսուլոզին (Ֆլոմաքս), Ալֆուզոզին (Ուրոքսատրալ), Սիլոդոզին (Ռապաֆլո) և Դոքսազոզին (Կարդուրա):
- Տեղային էստրոգեն. ցածր դեղաչափով տեղային էստրոգենը (հեշտոցային նրբաքսուքներ, օղակներ և այլն) կարող են օգնել կանանց միզուկի և հեշտոցային շրջանի տոնուսի վերականգնմանը և «երիտասարդացմանը»:
Էլեկտրական խթանում
Այս մեթոդն օգտագործում է ուղիղ աղիքում կամ հեշտոցում ժամանակավորապես ներդրված էլեկտրոդներ, որոնք խթանում և ամրապնդում են կոնքի հատակի մկանները: Թույլ էլեկտրական խթանումը կարող է արդյունավետ լինել սթրեսային կամ ուրգենտ անմիզապահությունը բուժելիս, սակայն պահանջում է մի քանի ամսյա բազմակի բուժման կուրսեր:
Բուժական սարքեր
Կանանց մոտ անմիզապահությունը բուժելիս կարող են առաջարկվել սարքեր, որոնք կանխարգելում են մեզի ակամա արտահոսքը: Հարցրեք բժշկին նման սարքերի օգտակարության և օգտագործման նպատակահարմարության մասին։
Ինտերվենցիոն բուժումներ
- Հարմիզուկային ներարկում. այս դեպքում միզուկը շրջապատող հյուսվածքի մեջ կրկնակի անգամներ ներարկվում է սինթետիկ նյութ, որը միզուկը պահում է փակ և կանխարգելում մեզի ակամա արտահոսքը: Միջամտությունը կարող է առաջարկվել սթրեսային անմիզապահությունը բուժելիս և ընդհանուր առմամբ ավելի քիչ արդյունավետ է, քան վիրահատությունը:
- ՕնաբոտուլինումA (Բոտոքս). միզապարկի մկանային շերտի մեջ Բոտոքսի ներարկումը կարող է օգտակար լինել այն մարդկանց, ովքեր ունեն գերակտիվ միզապարկ և ուրգենտ անմիզապահություն: Որպես կանոն, Բոտոքսը նշանակվում է, եթե բուժման մյուս մեթոդներն արդյունավետ չեն:
- Նայրդային խթանիչներ. ներկայում մատչելի են անցավ էլեկտրական ազդանիշներ օգտագործող երկու տեսակի սարքեր, որոնք խթանում են միզապարկի վերահսկմանը մասնակցող նյարդերը (սրբանային նյարդեր): Դրանցից մեկը ներդրվում է հետույքի մաշկի տակ և միացվում գոտկային շրջանում տեղադրված էլեկտրոդներին: Մյուսը հեշտոցում ներդրվող շարժական փոքր սարք է: Սրբանային նյարդերի խթանումը կարող է օգտագործվել գերակտիվ միզապարկը և ուրգենտ անմիզապահությունը բուժելիս, եթե մյուս միջոցներն արդյունավետ չեն:
Վիրահատական միջամտություններ
Կախված անմիզապահության պատճառից, բժիշկը նաև կարող է առաջարկել միզապարկի, միզուկի կամ, եթե տղամարդ եք, շագանակագեղձի վիրահատություն: Հարցերք բժշկին առաջարկվող վիրահատության օգուտների և հնարավոր ռիսկերի մասին:
Ներծծող սավաններ և կաթետերներ
Եթե բժշկական միջոցառումները չեն կարողանում վերացնել անմիզապահությունը, կարող եք փորձել մեզի արտահոսքի առաջացրած անհարմարավետությունը մեղամացնող միջոցներ` ներծծող սավաններ, պաշտպանիչ հագուսներ կամ ինքնուրույն միզապարկի կաթետերիզացիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024