Candida albicans սնկիկը պատասխանատու է հեշտոցային խմորասնկիկային վարակների մեծ մասի համար:
Ձեր հեշտոցը բնականում պարունակում է խմորասնկիկների հավասարակշռված խառնուրդ, ներառյալ՝ կանդիդա և բակտերիաներ: Որոշ բակտերիաներ (լակտոբացիլներ) արտադրում են թթու, որը կանխում է սնկիկների գերաճը:
Սակայն այդ հավասարակշռությունը կարող է խախտվել։ Կանդիդայի գերաճը կամ սնկիկների ներթափանցումը հեշտոցային բջիջների ավելի խորը շերտեր առաջացնում է խմորասնկիկային վարակի գանգատներ և ախտանիշներ:
Խմորասնկիկային գերաճը կարող է զարգանալ հետևյալ պատճառներով՝
- հակաբիոտիկների օգտագործում, որն առաջացնում է բնական հեշտոցային ֆլորայի անհավասարակշռություն
- հղիություն
- չվերահսկվող դիաբետ
- թուլացած իմունային համակարգ
- էստրոգենի մակարդակը բարձրացնող բերանով ընդունման (օրալ) հակաբեղմնավորիչների օգտագործում կամ հորմոնային բուժում:
Candida albicans-ը սնկիկի ամենատարածված տեսակն է, որն առաջացնում է խմորասնկիկային վարակներ: Կանդիդա սնկերի այլ տեսակներով առաջացած խմորասնկիկային վարակները կարող են ավելի դժվարությամբ ենթարկվել բուժմանը և, ընդհանուր առմամբ, պահանջում են ավելի ագրեսիվ բուժումներ:
Ռիսկի գործոններ
Խմորասնկիկային վարակի զարգացման ռիսկը մեծացնող գործոնները ներառում են հետևյալը:
- Հակաբիոտիկի օգտագործում. հակաբիոտիկների օգտագործումը. խմորասնկիկային վարակները տարածված են հակաբիոտիկներ ընդունող կանանց մոտ: Լայն ազդեցության հակաբիոտիկները, որոնք ոչնչացնում են մի շարք բակտերիաներ, ոչնչացնում են նաև ձեր հեշտոցի առողջ բակտերիաները՝ հանգեցնելով խմորասնկիկների գերաճի:
- Բարձրացած էստրոգենի մակարդակներ. խմորասնկիկային վարակներն ավելի հաճախ հանդիպում են էստրոգենի ավելի բարձր մակարդակ ունեցող կանանց մոտ, ինչպիսիք են հղիները կամ կանայք, ովքեր օգտագործում են բարձր դեղաչափերով էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչ հաբեր կամ ստանում են էստրոգենային հորմոնային բուժում:
- Չվերահսկվող դիաբետ. չվերահսկվող շաքարախտ. արյան շաքարի վատ վերահսկմամբ կանայք ենթարկվում են խմորասնկիկային վարակների ավելի բարձր ռիսկի, քան նրանք, ովքեր պատշաճ վերահսկում են իրենց արյան շաքարը:
- Թուլացած իմունային համակարգ. թուլացած իմունիտ ունեցող կանայք, օրինակ՝ կորտիկոստերոիդային բուժում ստացող կամ ՄԻԱՎ վարակվածները, ավելի հավանական է, որ հիվանդանան խմորասնկիկային վարակներով:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024