Խմորասնկիկային վարակների բուժումը կախված է ձեր գանգատների և ախտանիշների ծանրության աստիճանից և վարակների կրկնման հաճախականությունից:
Մեղմ և չափավոր ախտանիշների և հազվադեպ առաջացող դրվագների դեպքում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ միջոցները:
- Կարճաժամկետ հեշտոցային բուժում. երեքից յոթ օր հակասնկիկային դեղամիջոց ընդունելը սովորաբար վերացնում է խմորասնկիկային վարակը: Հակասնկիկային դեղամիջոցները, որոնք հասանելի են որպես նրբաքսուք (կրեմ), քսուք, հաբեր և մոմիկներ, ներառում են Միկոնազոլը (Մոնիստատ 3) և Տերկոնազոլը: Այս դեղերից մի քանիսը հասանելի են առանց դեղատոմսի, իսկ մյուսները՝ դեղատոմսով:
- Եզակի դեղաչափով բերանով ընդունվող (օրալ) դեղամիջոց. ձեր բժիշկը կարող է նշանակել Ֆլյուկոնազոլի (Դիֆլյուկան) մեկանգամյա, եզակի օրալ դեղաչափ: Խորհուրդ չի տրվում օրալ դեղամիջոցներ ընդունել, եթե հղի եք: Ավելի ծանր ախտանշանները կառավարելու համար դուք կարող եք ընդունել երկու մեկական դեղաչափ՝ երեք օրվա ընդմիջումով:
Կրկին դիմեք ձեր բժշկին, եթե բուժումը չի վերացնում ձեր ախտանիշները կամ եթե դրանք կրկնվում են երկու ամսվա ընթացքում:
Եթե ձեր ախտանիշները ծանր են կամ դուք հաճախակի ունենում եք խմորասնկիկային վարակներ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետևյալ միջոցները:
- Երկարատև հեշտոցային բուժում. ձեր բժիշկը կարող է նշանակել հակասնկիկային դեղամիջոց, որը պետք է ընդունեք ամեն օր՝ մինչև երկու շաբաթ, որից հետո՝ շաբաթը մեկ անգամ՝ վեց ամիս տևողությամբ:
- Բազմադեղաչափային բերանով ընդունվող (օրալ) դեղամիջոցներ. ձեր բժիշկը կարող է նշանակել երկու կամ երեք դեղաչափ հակասնկիկային դեղամիջոց, որը պետք է ընդունվի բերանով՝ հեշտոցային բուժման փոխարեն: Այնուամենայնիվ, հղի կանանց այս բուժումը խորհուրդ չի տրվում:
- Ազոլ-կայուն բուժում. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ Բորաթթու՝ պատիճ, որը պետք է տեղադրվի ձեր հեշտոցի մեջ: Այս դեղամիջոցը կարող է մահացու լինել, եթե սխալմամբ ընդունվի բերանով: Բորաթթվի ներհեշտոցային պատիճը նշանակվում է միայն կանդիդա սնկիկների բուժման համար, որոնք սովորական հակասնկիկային միջոցների նկատմամբ կայուն են:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024