Վագինիզմի հիմնական ախտանիշն այն է, որ հեշտոցային մկաններն ակամա կծկվում և ձգվում են, երբ փորձում եք ինչ-որ բան դնել հեշտոցի մեջ:
Սա կարող է առաջացնել անհարմարավետություն (դիսկոմֆորտ), այրվող կամ խայթող ցավ:
Դա կարող է տեղի ունենալ, երբ՝
- դուք տամպոն եք դնում ձեր հեշտոցում
- դուք փորձում եք հեշտոցային ներթափանցում ունենալ սեռական հարաբերության ժամանակ, ներառյալ՝ մատով, սեքս-խաղալիքով կամ առնանդամով
- դուք անցնում եք արգանդի վզիկի սքրինինգ (քսուքի թեստ) կամ գինեկոլոգիական քննություն (ներզննում)
- ինչ-որ բան է մոտեցվում ձեր հեշտոցին (ներթափանցման վախի պատճառով)։
Վագինիզմը ինքնաբուխ (ավտոմատ) ռեակցիա է, որը դուք չեք վերահսկում։
Երբեմն, կարող եք վագինիզմ զգալ, նույնիսկ եթե նախկինում ունեցել եք անցավ ներթափանցող հեշտոցային սեռական հարաբերություն (երկրորդային վագինիզմ): Վագինիզմը կարող է առաջացնել ցավոտ հեշտոցային սեռական հարաբերություն (դիսպարեունիա), թեև պարտադիր չէ, որ ազդի սեռական գրգռման և այլ տեսակի սեռական շփումներից օգտվելու ձեր ունակության վրա:
Ե՞րբ դիմել բժշկին
Դուք պետք է դիմեք ձեր բժշկին, եթե տամպոն տեղադրելիս ցավ եք զգում կամ ցավոտ սեռական հարաբերություն ունեք: Այս զգացողությունները նորմալ չեն և ունեն տարբեր պատճառներ: Ցավոտ սեռական հարաբերությունով կարող են ուղեկցվել նաև հետևյալ հիվանդություններն ու վիճակները՝
- հեշտոցային կանդիդոզ
- սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (սեռավարակներ)
- դաշտանադադար (մենոպաուզա)
- պահպանակների, օճառի կամ շամպունի նկատմամբ վատ ռեակցիա
- փոքր կոնքի բորբոքային հիվանդություն
- էնդոմետրիոզ
- վուլվոդինիա (ամոթույքի քրոնիկ ցավ):
Հոդվածը հրապարակվել է՝ 06-07-2024
Վերջին վերանայում՝ 06-07-2024