Վասկուլիտի գանգատներն ու ախտանիշները կախված են հիմնական վնասված շրջանից կամ օրգանից։
Այնուամենայնիվ, վասկուլիտի շատ տեսակների ընդհանուր գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ջերմություն
- գլխացավ
- թուլություն
- քաշի կորուստ
- ընդհանուր բնույթի ցավեր և տհաճ զգացողություններ:
Այլ գանգատները և ախտանիշները կապված են ախտահարված շրջանի հետ:
- Մարսողական համակարգ. եթե վնասվել են ձեր ստամոքսը կամ աղիքները, դուք կարող եք ցավ զգալ ուտելուց հետո: Հնարավոր են խոցեր և թափածակումներ (պերֆորացիաներ), որոնք կարող են հանգեցնել կղանքի մեջ արյան հայտնվելուն:
- Ականջներ. կարող է առաջանալ գլխապտույտ, ականջներում զնգոց (տինիտուս) և լսողության կտրուկ կորուստ:
- Աչքեր. վասկուլիտը կարող է ձեր աչքերը կարմրացնել և առաջացնել քոր ու այրոց: Հսկաբջջային արտերիիտը կարող է առաջացնել երկտեսություն և մեկ կամ երկու աչքերում ժամանակավոր կամ մշտական կուրություն: Սա երբեմն հիվանդության առաջին նշանն է:
- Դաստակներ կամ ոտնաթաթեր. վասկուլիտի որոշ տեսակներ կարող են առաջացնել դաստակների կամ ոտնաթաթերի թմրածություն կամ թուլություն: Ձեռքերի ափերը և ոտնաթաթերը կարող են այտուցվել կամ պնդանալ:
- Թոքեր. դուք կարող եք շնչարգելություն և հևոց ունենալ կամ նույնիսկ արյուն հազալ, եթե վասկուլիտը ազդի ձեր թոքերի վրա:
- Մաշկ. ենթամաշկային արյունահոսությունը կարող է դրսևորվել կարմիր բծերի տեսքով: Վասկուլիտը կարող է նաև ձեր մաշկի վրա առաջացնել հանգույցներ կամ բաց վերքեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք այց ձեր բժշկի մոտ, եթե ունեք որևէ գանգատ կամ ախտանիշ, որը ձեզ անհանգստացնում է: Վասկուլիտի որոշ տեսակներ կարող են արագ վատթարանալ, ուստի վաղ ախտորոշումը արդյունավետ բուժում ստանալու բանալին է:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024