Ձեր բժիշկը, հավանաբար, կսկսի ձեր հիվանդության պատմությունը ուսումնասիրելուց և ֆիզիկական քննություն (բուժզննում) կատարելուց:
Նա կարող է ձեզ առաջարկել մեկ կամ մի քանի ախտորոշիչ հետազոտություններ և միջամտություններ՝ բացառելու վասկուլիտի նմանակող այլ վիճակները կամ ախտորոշելու վասկուլիտը: Հետազոտությունները և միջամտությունները կարող են ներառել հետևյալը:
- Արյան թեստեր. այս թեստերը փնտրում են բորբոքման նշաններ, ինչպիսիք են C-ռեակտիվ սպիտակուցի բարձր մակարդակը: Արյան ընդհանուր քննությունը կարող է ցույց տալ, թե արդյոք բավականաչափ կարմիր արյան բջիջներ (էրիթրոցիտներ) ունեք: Արյան թեստերը, որոնք փնտրում են որոշակի հակամարմիններ, օրինակ՝ հականեյտրոֆիլային ցիտոպլազմային հակամարմինների (ANCA) թեստը, կարող են օգնել վասկուլիտի ախտորոշմանը:
- Պատկերային հետազոտություններ. ոչ ինվազիվ պատկերային մեթոդները կարող են օգնել որոշելու, թե որ արյունատար անոթներն ու օրգաններն են ախտահարված: Դրանք կարող են նաև օգնել ձեր բժշկին վերահսկելու, թե արդյոք դուք արձագանքում եք բուժմանը: Վասկուլիտի ախտորոշման թեստերը ներառում են ռենտգեն, գերձայինային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) և պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ):
- Արյունատար անոթների ռենտգեն (անգիոգրաֆիա). այս միջոցառման ընթացքում բարակ ծղոտի նմանվող ճկուն կաթետերը տեղադրվում է մեծ զարկերակի կամ երակի մեջ։ Այնուհետև հատուկ ներկանյութ (կոնտրաստ) է ներարկվում կաթետերի մեջ և անցկացվում է ռենտգեն: Ստացված ռենտգենյան նկարների վրա տեսանելի են ձեր արյունատար անոթների ուրվագծերը:
- Բիոպսիա. սա վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ բժիշկը ձեր օրգանիզմի տուժած տարածքից հեռացնում է հյուսվածքի փոքր նմուշ: Ձեր բժիշկն այնուհետև ուսումնասիրում է այս հյուսվածքը՝ վասկուլիտի նշանների համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024