Թաց կամ էքսուդատիվ մակուլյար դեգեներացիայի ճշգրիտ պատճառը դեռևս մնում է անհայտ, սակայն հայտնի է, որ այն զարգանում է չոր կամ ատրոֆիկ մակուլյար դեգեներացիա ունեցող մարդկանց մոտ:
Տարիքային մակուլյար դեգեներացիա ունեցող բոլոր մարդկանց մոտ 20%-ն ունի հիվանդության թաց տեսակը:
Թաց մակուլյար դեգեներացիան կարող է զարգանալ տարբեր ձևերով:
- Տեսողության կորուստ՝ արյունատար անոթների անկանոն աճի հետևանքով․ երբեմն ցանցաթաղանթի ետևում գտնվող բուն անոթաթաղանթից (խորիոիդեա) դեպի մակուլայի (դեղին բծի) տակը և դրա մեջ սկսում են աճել նոր անկանոն արյունատար անոթներ: Սա հայտնի է որպես խորիոիդային նեովասկուլյարիզացիա: Անոթաթաղանթն արյունատար անոթներով հարուստ շերտ է՝ ընկած ցանցաթաղանթի և աչքի արտաքին ամուր ծածկույթի միջև, որը կոչվում է կարծրենի (սպիտակապատյան կամ սկլերա): Այս արյունատար անոթներից կարող է արտահոսել հեղուկ կամ արյուն՝ բացասաբար ազդելով ցանցաթաղանթի գործունեության վրա:
- Տեսողության կորուստ՝ աչքի հետևի մասում հեղուկ կուտակման հետևանքով․ երբ անոթաթաղանթից արտահոսում է հեղուկ, այն կարող է կուտակվել բարակ բջջային շերտի, որը կոչվում է ցանցաթաղանթի պիգմենտային էպիթել, և ցանցաթաղանթի կամ ցանցաթաղանթի ներքին շերտերի միջև: Սա կարող է բերել մակուլայի լուսազգայուն բջիջների մահացման, ինչն էլ ի վերջո առաջացնի տեսողության կորուստ կամ աղավաղում:
Մակուլան կազմում է ցանցաթաղանթի ընդամենը 2,1%-ը, սակայն գլխուղեղի կեղևի տեսողական անալիզատորի գրեթե կեսը վերլուծում է մակուլյար տեղեկությունը:
Ռիսկի գործոններ
Հետևյալ գործոնները կարող են բարձրացնել ձեզ մոտ մակուլյար դեգեներացիայի զարգացման ռիսկը:
- Տարիք. այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է 55 տարեկանից բարձր մարդկանց մոտ։
- Ընտանեկան պատմություն (անամնեզ) և գենետիկա. հիվանդությունն ունի գենետիկ (ժառանգական) բաղադրիչ: Հետազոտողները հայտնաբերել են հիվանդության հետ կապված մի քանի գեն:
- Ռասա. մակուլյար դեգեներացիան ավելի հաճախ հանդիպում է սպիտակամորթ մարդկանց մոտ:
- Ծխելը. ծխախոտ ծխելը կամ ծխախոտի ծխի ազդեցությանը պարբերաբար ենթարկվելը զգալիորեն մեծացնում է մակուլյար դեգեներացիայի ռիսկը:
- Գիրություն. հետազոտությունները ցույց են տալիս, որ գեր լինելը մեծացնում է այն բանի հավանականությունը, որ վաղ կամ միջանկյալ մակուլյար դեգեներացիան կզարգանա է հիվանդության ավելի ծանր՝ ուշացած ձևի:
- Սրտանոթային հիվանդություն. եթե ունեք հիվանդություններ, որոնք ազդում են ձեր սրտի և արյունատար անոթների վրա, կարող եք ենթարկվել մակուլյար դեգեներացիայի ավելի բարձր ռիսկի:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024