Ձեր ակնաբույժը հարցեր կտա ձեր հիվանդության և ընտանեկան պատմության մասին (անամենեզ) և կանցկացնի համապարփակ աչքի քննություն:
Մակուլյար դեգեներացիայի ախտորոշումը հաստատելու համար նա կարող է առաջարկել մի շարք հետազոտություններ:
- Ակնահատակի զննում. ակնաբույժը նախ ձեր աչքերի մեջ կկաթեցնի բբերը լայնացնող հատուկ դեղորայքային լուծույթներ, որից հետո հատուկ գործիքով (օֆթալմոսկոպ) կստուգի ձեր աչքի հետևի մասը՝ ակնահատակը։ Նա կփնտրի հեղուկ կամ արյուն կամ խայտաբղետ տեսք, որն առաջանում է ցանցաթաղանթի տակ ձևավորված դեղին նստվածքներից, որոնք կոչվում են դրուզեն: Մակուլյար դեգեներացիա ունեցող մարդիկ հաճախ ունենում են բազմաթիվ դրուզեններ:
- Տեսադաշտի զննման թեստ. ակնաբույժը կարող է օգտագործել Ամսլերի ցանց՝ ձեր տեսադաշտի կենտրոնական մասում փոփոխություններ հայտնաբերելու համար: Եթե ունեք մակուլյար դեգեներացիա, ցանցի որոշ ուղիղ գծեր կարող են երևալ ալիքաձև, ընդհատված կամ աղավաղված: Սա կոչվում է մետամորֆոպսիա:
- Ֆլյուորեսցենտային անգիոգրաֆիա. այս հետազոտության համար ակնաբույժը նախ ձեր ձեռքի երակի մեջ ներարկում է հատուկ ներկանյութ, որն արյան հունով հասնում և ընդգծում է ձեր աչքի արյունատար անոթները: Հատուկ տեսախցիկը գրանցում է, թե ինչպես է ներկանյութն անցնում այդ անոթներով: Պատկերները ցույց կտան, թե արդյոք ունեք այդ անոթներից արտահոսք կամ ցանցաթաղանթի փոփոխություններ:
- Ինդոցիանինային կանաչով անգիոգրաֆիա. այս հետազոտությունը նույնպես օգտագործում է ներկանյութ: Այն կարող է օգտագործվել ֆլուորեսցեինային անգիոգրաֆիայի արդյունքները հաստատելու կամ ցանցաթաղանթի ավելի խորը խնդրահարույց արյունատար անոթները հայտնաբերելու համար:
- Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա. այս ոչ ինվազիվ պատկերային հետազոտությունը թույլ է տալիս ստանալ ցանցաթաղանթի մանրակրկիտ շերտագրեր: Այն բացահայտում է բարակած, հաստացած կամ այտուցված շրջանները: Հետազոտությունը նաև օգտագործվում է մակուլյար դեգեներացիայի բուժմանը ցանցաթաղանթի արձագանքը գնահատելու և վերահսկելու համար:
- Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա. սա ավելի նոր, նույնպես ոչ ինվազիվ հետազոտություն է, որը տեսանելի է դարձնում ցանցաթաղանթի ոչ նորմալ արյունատար անոթները: Լինելով դեռևս գիտական հետազոտության փուլում, այս մեթոդն արդեն ներդրվել է որոշ կլինիկներում:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024