Կամ բուժումներ, որոնք կարող են օգնել հիվանդության հարաճուն զարգացման դանդաղեցմանը և առկա տեսողության պահպանմանը:
Բավական վաղ սկսված բուժումը նաև կարող է վերականգնել կորցրած տեսողությունը:
Դեղորայքային բուժում
Որոշ միջոցներ, որոնք կոչվում են հակա-VEGF դեղամիջոցներ, կարող են օգնել նոր արյունատար անոթների աճի դադարեցմանը: VEGF-ը անոթային էնդոթելիալ աճի գործոն է, որը խթանում է աչքի արյունատար անոթների աճը:
Հակա-VEGF դեղամիջոցները համարվում են թաց մակուլյար դեգեներացիայի բոլոր փուլերի համար առաջին գծի բուժում: Օրինակներից են՝
- Բեվասիզումաբ (Ավաստին)
- Ռանիբիզումաբ (Լուցենտիս)
- Աֆլիբերցեպտ (Էյլեա)
- Բրոլուցիզումաբ (Բեովու)
- Ֆարիցիմաբ-սվոա (Վաբիսմո):
Ակնաբույժն այս դեղամիջոցները ներարկում է ձեր ախտահարված աչքի մեջ: Դեղամիջոցի օգտակար ազդեցությունը պահպանելու համար կարող է պահանջվել յուրաքանչյուր 4-6 շաբաթը մեկ կրկնակի ներարկումներ: Որոշ դեպքերում դուք կարող եք մասամբ վերականգնել տեսողությունը, քանի որ արյունատար անոթները փոքրանում են, և ձեր օրգանիզմը ներծծում է ցանցաթաղանթի տակ հավաքված հեղուկը:
Ներակնային ներարկումների հնարավոր ռիսկերից են՝
- շաղկապենու արյունահոսություն (կոնյուկտիվային հեմոռագիա)
- աչքի (ներակնային) ճնշման բարձրացում
- վարակ
- ցանցաթաղանթի շերտազատում
- աչքի բորբոքում:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ)
- Ֆոտոդինամիկ թերապիա․ այս միջամտությունն ուղղված է թաց մակուլյար դեգեներացիայի ժամանակ արյան անոթների անկանոն աճի դեմ: Այնուամենայնիվ, այն շատ ավելի հազվադեպ է նշանակվում, քան հակա-VEGF ներարկումներով բուժումը: Ֆոտոդինամիկ թերապիայի ընթացքում ակնաբույժը ձեր ձեռքի երակի մեջ ներարկում է դեղամիջոց, որը կոչվում է Վերտեպորֆին (Վիզուդին), որն արյան հոսքով հասնում է ձեր աչքի արյունատար անոթներ: Այնուհետև ակնաբույժը հատուկ լազերային կենտրոնացված լույս է ուղղում ձեր աչքի ոչ նորմալ արյունատար անոթների վրա: Սա ակտիվացնում է Վերտեպորֆինը, որն էլ առաջացնում է խնդրահարույց անոթների փակում և արտահոսքի դադարեցում: Ֆոտոդինամիկ թերապիան կարող է բարելավել ձեր տեսողությունը և նվազեցնել տեսողության կորստի արագությունը: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում կրկնակի բուժումների կարիք ունենաք, քանի որ բուժված անոթները կարող են նորից բացվել: Ֆոտոդինամիկ թերապիայի ավարտից հետո դուք մի քանի օր պետք է խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից և պայծառ լույսերից՝ քանի դեռ դեղամիջոցն ամբողջապես չի հեռացվել ձեր օրգանիզմից:
- Ֆոտոկագուլյացիա. ֆոտոկագուլյացիոն թերապիայի ընթացքում ակնաբույժն օգտագործում է բարձր էներգիայի լազերային ճառագայթ՝ մակուլայի տակ գտնվող խնդրահարույց արյունատար անոթները փակելու համար: Այս միջամտությունն օգնում է անոթներից արյունահոսության դադարեցմանը՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել մակուլայի հետագա վնասումը: Այնուամենայնիվ, ցանցաթաղանթի արյունատար անոթները կարող են նորից աճել՝ պահանջելով լրացուցիչ բուժում: Լազերը նաև կարող է սպի առաջացնել՝ տեսադաշտում ստեղծելով կույր կետեր: Թաց մակուլյար դեգեներացիա ունեցող միայն սակավաթիվ մարդկանց է առաջարկվում բուժման այս տարբերակը: Մասնավորապես, մեթոդը հակացուցված է, եթե ունեք խնդրահարույց արյունատար անոթներ անմիջապես մակուլայի կենտրոնի տակ: Բացի այդ, որքան վնասված է ձեր մակուլան, այնքան ցածր է հաջող բուժական արդյունքների հավանականությունը:
- Ցածր տեսողության վերականգնում (ռեաբիլիտացիա). տարիքային մակուլյար դեգեներացիան չի ազդում ձեր կողմնային տեսողության վրա և չի առաջացնում լրիվ կուրություն: Բայց դա կարող է նվազեցնել կամ վերացնել ձեր կենտրոնական տեսողությունը, որն անհրաժեշտ է կարդալու, ավտոմեքենա վարելու և մարդկանց դեմքերը ճանաչելու համար: Նման դեպքերում կարող է օգտակար լինել ցածր տեսողության վերականգնող մասնագետի, զբաղվածության թերապևտի, ձեր ակնաբույժի և ցածր տեսողության վերականգնման ոլորտի այլ մասնագետների կողմից առաջարկվող խորհուրդներին և միջոցներին հետևելը: Նրանք կարող են օգնել ձեզ գտնելու ուղիներ, որ ավելի հեշտությամբ հարմարվեք ձեր փոփոխվող տեսողությանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024