Skip to main content

Ինքնօգնություն - Թաց մակուլյար դեգեներացիա

Նույնիսկ թաց կամ էքսուդատիվ մակուլյար դեգեներացիայի ախտորոշումից հետո դուք կարող եք քայլեր ձեռնարկել, որոնք կարող են օգնել տեսողության կորստի դանդաղեցմանը:

  • Մի՛ ծխեք․ եթե ծխում եք, դիմեք ձեր բժշկին, որ օգնի ծխախոտից ձերբազատվելուն:
  • Ընտրեք առողջ սննդակարգ․ մրգերի և բանջարեղենի հակաօքսիդանտային վիտամինները նպաստում են աչքերի առողջությանը: Կաղամբը, սպանախը, բրոկկոլին, դդմիկը և այլ բանջարեղեններն ունեն հակաօքսիդանտների բարձր մակարդակ, այդ թվում՝ լյուտեին և զեաքսանթին: Այս սննդանյութերը կարող են օգտակար լինել մակուլյար դեգեներացիա ունեցող մարդկանց: Ցինկի բարձր մակարդակ պարունակող մթերքների օգտագործումը նույնպես կարող է օգտակար լինել մակուլյար դեգեներացիա ունեցող մարդկանց համար: Դրանցից են սպիտակուցներով հարուստ մթերքները, ինչպիսիք են տավարի, խոզի և գառան միսը: Ոչ մսային աղբյուրներից են կաթը, պանիրը, մածունը, ամբողջահատիկ ձավարեղենը և ցորենի հացը: Մեկ այլ լավ ընտրություն չհագեցած ճարպաթթուներն են, օրինակ՝ ձիթապտղի ձեթը: Հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդամթերքները, ինչպիսիք են սաղմոնը, թունան ու ընկույզը, կարող են նվազեցնել մակուլյար դեգեներացիայի հարաճուն զարգացման ռիսկը: Բայց նույն օգուտը չի գրանցվում օմեգա-3 հավելումներ ընդունելուց, ինչպիսիք են ձկան յուղի հաբերը:
  • Կառավարեք ձեր մյուս առողջական խնդիրները․ եթե, օրինակ, ունեք սրտանոթային հիվանդություն կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), ընդունեք ձեր դեղը և հետևեք ձեր բժշկի ցուցումներին՝ ձեր վիճակը վերահսկելու համար:
  • Պահպանեք առողջ քաշը և պարբերաբար զբաղվեք ֆիզիկական վարժանքներով․ եթե պետք է նիհարել, կրճատեք ձեր կերած կալորիաների քանակը և ավելացրեք ֆիզիկական վարժանքների քանակը:
  • Անցեք սովորական աչքի հետազոտություններ․ հարցրեք ձեր ակնաբույժին հետագա քննությունների առաջարկվող ժամանակացույցի մասին: Ստուգումների միջև ընկած ժամանակահատվածում կարող եք կատարել ձեր տեսողության ինքնագնահատում Ամսլերի աղյուսակի միջոցով:

Վիտամինային հավելումներ

Միջանկյալ կամ ուշացած (զարգացած) հիվանդություն ունեցող մարդկանց համար հակաօքսիդանտային վիտամինների և միներալների բարձր քանակների ընդունումը կարող է օգնել տեսողության կորստի ռիսկի կրճատմանը: Տարիքի հետ կապված աչքի հիվանդության հետազոտություն 2-ի (AREDS2) արդյունքները վկայում են, որ օգուտ է տալիս այն պատրաստուկը, որը ներառում է՝

  • 500 միլիգրամ (մգ) վիտամին C
  • 400 միջազգային միավոր (ՄՄ) վիտամին E
  • 10 մգ լյուտեին
  • 2 մգ զեաքանթին
  • 80 մգ ցինկ (որպես ցինկի օքսիդ)
  • 2 մգ պղինձ (որպես պղնձի օքսիդ):

Հարցրեք ձեր բժշկին, արդյոք հավելումներ ընդունելը ճիշտ է ձեզ համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 08-03-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024