Լաբ թեստեր
Մեզում ուրոբիլինոգեն

Միջազգային անվանում (հապավում). Urine Urobilirubinogen (UU)
Նկարագրություն
Մեզում ուրոբիլինոգենի առկայությունը արյան էրիթրոցիտների ուժեղացած քայքայման և հեմոլիզի անուղղակի ցուցանիշ է:
Ուրոբիլինոգենը և ստերկոբիլինոգենը առաջանում են աղիներում՝ լեղում պարունակվող բիլիռուբինի քայքայման արդյունքում: Ուրոբիլինոգենը ռեաբսորբցվում է հաստ աղիներում և պորտալ երակային համակարգով երկրորդ անգամ հայտնվում լյարդում: Այս ֆրակցիայի փոքր մասը հայտնվում է նաև ծայրամասային արյան մեջ և օրգանիզմից հեռանում մեզով: Նորմայում առողջ մարդու մեզը պարունակում է ուրոբիլինոգենի միայն հետքային քանակություններ (օրական ոչ ավելի, քան 10 մկմոլ (6 մգ)): Մեզի կանգի դեպքում ուրոբիլինոգենը վերածվում է ուրոբիլինի:
Ուրոբիլինոգենի քանակությունը մեզում շատանում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է ուրոբիլինոգենի առաջացման տեմպերի ուժգնացում: Նման իրավիճակների պատճառ կարող է դառնալ էրիթրոցիտների արագացած քայքայումը, որի ժամանակ առաջացող հեմոգլոբինից սինթեզվում է բիլիռուբինի, իսկ այնուհետև՝ ուրոբիլինոգենի ավելցուկային քանակներ:
Մեզում ուրոբիլինը կարող է ի հայտ գալ հետևյալ դեպքերում՝ մալարիա, անեմիաներ, հեմոլիտիկ դեղնուկ, տարածուն արյունազեղումներ, կրուպոզ թոքաբորբ, Վերլհոֆի հիվանդություն և հեմոռագիկ դիաթեզի այլ տեսակներ:
Ցուցումներ
- միզատար ուղիների հիվանդություններ
- սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
- տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
- հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում
Կենսանմուշ
UU թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։
Կենսանմուշի հանձնում
Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:
Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:
Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր
մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Բացասական՝ մինչև 17 մկմոլ/լ
Արդյունքների մեկնաբանություն
Մեզում ուրոբիլինոգենի առկայություն (ուրոբիլինոգենուրիա)
- հեմոգլոբինի ուժեղացած կատաբոլիզմ՝ հեմոլիտիկ անեմիա, ներանոթային հեմոլիզ (ոչ համապատասխան արյան փոխներարկում, վարակներ, սեպսիս), պերնիցիոզ անեմիա, պոլիցիտեմիա, զանգվածային հեմատոմաների ներծծում
- ստամոքսաղիքային ուղիում ուրոբիլինոգենի ուժեղացած առաջացում՝ էնտերոկոլիտ, իլեիտ, աղիների խցանում, ուրոբլինոգենի առաջացման և ռեաբսորբցիայի ուժեղացում բիլիար համակարգի վարակների ժամանակ (խոլանգիտներ)
- ուրոբիլինոգենի շատացում լյարդի գործունեության խանգարման, վիրուսային հեպատիտի դեպքում (ծանր ձևերից բացի)
- քրոնիկ հեպատիտ և լյարդի ցիռոզ
- լյարդի տոքսիկ ախտահարում՝ ալկոհոլային, օրգանական միացություններով, վարակների ժամանակ տոքսիններով, սեպսիսի դեպքում
- ուրոբիլինոգենի շատացում լյարդի շունտավորման ժամանակ՝ պորտալ հիպերտենզիայով լյարդի ցիռոզ, լյարդային երակների թրոմբոզ, խցանում
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: