Աքիլեսյան ջլի պատռվածքի բուժումը հաճախ կախված է ձեր տարիքից, ֆիզիկական ակտիվության մակարդակից և վնասվածքի ծանրության աստիճանից:
Ընդհանուր առմամբ, երիտասարդ և ավելի ակտիվ մարդիկ, հատկապես մարզիկները, հաճախ ընտրում են վիրահատությունը՝ ամբողջությամբ պատռված աքիլեսյան ջիլը վերականգնելու համար, իսկ տարեց մարդիկ ավելի հավանական է, որ ընտրեն ոչ վիրաբուժական բուժման տարբերակները:
Վերջին հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ ինչպես վիրաբուժական, այնպես էլ ոչ վիրաբուժական մոտեցումներն ունեն բավականին մոտ արդյունավետություն:
Ոչ վիրաբուժական բուժումներ
Աքիլեսյան ջլի պառտվածքի բուժման պահպանողական (կոնսերվատիվ) մոտեցումը սովորաբար ներառում է հետևյալը՝
- ջլին և ոտքին հանգսիտ տալը՝ օգտվելով հենակներից կամ քայլակներից
- կոճի և սրունքի հետնամասում սառը թրջոց կամ սառույց
- սովորական ցավազրկողներ՝ ըստ անհրաժեշտության
- առաջին մի քանի շաբաթների ընթացքում կոճի (սրունք-թաթային հոդի) անշարժացում՝ ոտնաթաթի ներքև ուղղված դիրքով:
Ոչ վիրահատական բուժումը թույլ է տալիս խուսափել վիրահատության հետ կապված ռիսկերից, ինչպիսին է վարակը:
Այնուամենայնիվ, ոչ վիրաբուժական մոտեցումը կարող է մեծացնել ջլի կրկնակի պատռվելու հավանականությունը, իսկ վերականգնումը կարող է ավելի երկար տևել, թեև վերջին հետազոտությունները ցույց են տալիս բարենպաստ արդյունքներ այն մարդկանց մոտ, ովքեր բուժվում են ոչ վիրահատական եղանակով, եթե վաղ են սկսում վերականգնողական միջոցառումները:
Վիրահատություն
Պառտված աքիլիեսյան ջլի վիրահատական վերականգնումը սովորաբար ներառում է սրունքի և կոճի հետևի հատվածում կտրվածք անելը և պատռված ջլի ծայրերը միմյանց կարելը: Կախված պատռված հյուսվածքի վիճակից, այս կարը կարող է ամրապնդվել այլ ջիլերով:
Վիրահատության բարդություններից են վարակը և նյարդերի վնասումը: Նվազագույն ինվազիվ միջամտությունները բաց վիրահատության հետ համեմատ կրճատում են վարակի ռիսկը:
Վերականգնում (ռեաբիլիտացիա)
Անկախ ձեր ընտրած բուժման տեսակից, ձեզ կնշանակվի ֆիզիոթերապևտիկ վարժություններ՝ ուղղված ձեր ոտքի մկանների և աքիլեսյան ջլի ամրապնդմանը: Մարդկանց մեծամասնությունը չորսից վեց ամսվա ընթացքում վերադառնում է իր գործունեության նախկին մակարդակին: Դրանից հետո կարևոր է շարունակել ուժային և կայունության մարզումները, քանի որ որոշ խնդիրներ կարող են պահպանվել մինչև մեկ տարի:
Վերականգնման մի տեսակ, որը հայտնի է որպես ֆունկցիոնալ վերականգնում, նույնպես կենտրոնանում է մարմնի տարբեր մասերի միջև կորդինացիայի և ձեր շարժումների վրա: Ֆունկցիոնալ վերականգնման նպատակն է ձեզ վերադարձնել ձեր կատարողականության ամենաբարձր մակարդակին՝ որպես մարզիկ կամ ձեր առօրյա կյանքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2024
Վերջին վերանայում՝ 17-05-2024