Սուր երիկամային անբավարարություն. պատճառներ
09-05-2020
3 րոպե

Սուր երիկամային անբավարարությունը երբեմն անվանում են նաև «երիկամների սուր վնասում», քանի որ կարող է առաջանալ բոլոր այն դեպքերում, երբ որևէ պատճառ կամ դրանցից մի քանիսը առաջացնում են երիկամների սուր վնասում:
Արդյունքում, երիկամներն արագորեն կորցնում են արյունը զտելու (ֆիլտրելու) իրենց յուրահատուկ ունակությունը, որն էլ բերում է սուր երիկամային անբավարարության:
Ընդհանուր առմամբ, սուր երիկամային անբավարարություն կարող է առաջանալ, երբ՝
- դուք ունեք որևէ հիվանդություն, որը նվազեցնում է դեպի ձեր երիկամներ արյան հոսքը
- դուք ունեք երիկամների ուղղակի ախտահարում կամ վնասում
- ձեր երիկամների միզատար խողովակները (միզածորաններ) խցանված են և նյութափոխանակության արգասիքները չեն կարողանանում մեզով հեռացվել ձեր օրգանիզմից:
Երիկամների արյունամատակարարման կրճատում
Բոլոր այն հիվանդություններն ու վիճակները, որոնք դանդաղեցնում են դեպի երիկամներ արյան հոսքի արագությունը, կարող են բերել երիկամների սուր վնասման՝
- արյան կամ հեղուկների կորուստ (սուր արյունահոսություն)
- արյան ճնշումը կտրուկ նվազեցնող (հիպոտենզիա) ճնշման և այլ դեղեր
- սրտամկանի ինֆարկտ
- սրտային հիվանդություններ
- վարակներ
- լյարդային անբավարարություն
- որոշ դեղեր, օրինակ՝ Ասպիրին, Իբուպրոֆեն, Նապրոքսեն և այլ համանման դեղեր
- սուր ալերգիկ ռեակցիա (անաֆիլաքսիա)
- ծանր այրվածքներ
- ծանր ջրազրկում:
Երիկամների ախտահարում կամ վնասում
Այս հիվանդությունները, վիճակները կամ գործոնները կարող են անմիջականորեն սուր վնասել երիկամները և բերել սուր երիկամային անբավարարության՝
- երիկամները շրջապատող երակների և զարկերակների խցանում արյան մակարդուկներով
- խոլեսթերինի կուտակումներ, որոնք կարող են արգելափակել երիկաների արյունամատակարարումը
- գլոմերուլոնեֆրիտ՝ երիկամների կծիկային զտիչների բորբոքում
- հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ՝ հիվանդություն, որն առաջանում է արյան կարմիր գնդիկների վաղ քայքայման պատճառով
- վարակներ
- համակարգային կարմիր գայլախտ (լուպուս)՝ իմունային համակարգի խանգարում, որը կարող է առաջացնել գլոմերուլոնեֆրիտ
- որոշ դեղեր, այդ թվում՝ որոշ քիմիոթերապևտիկ դեղեր, հակաբիոտիկներ և պատկերման հետազոտությունների ժամանակ օգտագործվող կոնտրաստանյութեր
- սկլերոդերմիա՝ հազվադեպ հանդիպող հիվանդությունների մի խումբ, որն ախտահարում է մաշկը և շարակցական հյուսվածքը (այդ թվում՝ երիկամներում)
- թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա (Շենլեյ-Հենոխի հիվանդություն), որը հազվադեպ հանդիպող արյան հիվանդություն է
- թույլեր կամ տոքսիններ, օրինակ՝ ալկոհոլ, ծանր մետաղներ և կոկաին
- մկանային հյուսվածքի քայքայում (ռաբդոմիոլիզ), որի ժամանակ առաջացող թույները վնասում են երիկամների կծիկները
- ուռուցքային բջիջների քայքայում (ուռուցքային լիզիս համախտանիշ), որի դեպքում նույնպես առաջանում են կծիկներն ախտահարող թունավոր նյութեր:
Երիկամներում մեզի արգելափակում (բլոկադա)
Բոլոր այն հիվանդությունները կամ վիճակները, որոնք կարող են արգելափակել ձեր օրգանիզմից մեզի հեռացումը (միզային օբստրուկցիա), կարող են բերել երիկամների սուր վնասվան: Դրանցից են՝
- միզապարկի քաղցկեղ
- միզուղիների խցանում արյան մակարդուկներով
- արգանդի վզիկի քաղցկեղ
- հաստ աղու քաղցկեղ
- շագանակագեղձի մեծացում (ադենոմա)
- երիկամի քարեր
- միզապարկի գործունեությունն ապահովող նյարդերի վնասումներ կամ ախտահարումներ
- շագանակագեղձի քաղցկեղ:
Ռիսկի գործոններ
Սուր երիկամային անբավարարությունը գրեթե միշտ զարգանում է մեկ այլ հիվանդության կամ իրավիճակի հետ փոխկապված: Ձեզ մոտ երիկամների սուր վնասման ռիսկը բարձրացնող հիվանդություններից են՝
- հիվանդություններ, որոնք պահանջում են հիվանդանոցային բուժում, առավել ևս՝ անհետաձգելի բուժօգնություն
- մեծ տարիք
- ձեռքերի կամ ոտքերի արյունատար անոթների խցանում (ծայրամասային զարկերակների հիվանդություն)
- դիաբետ (շաքարախտ)
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- սրտային անբավարարություն
- երիկամային հիվանդություններ
- լյարդի հիվանդություններ
- որոշ քաղցկեղներ և դրանց բուժումներ:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022