Սուր երիկամային անբավարարություն. ախտորոշում
09-05-2020
2 րոպե

Եթե ձեր գանգատներն ու մյուս ախտանիշները վկայում են սուր երիկամային անբավարարության հնարավոր առկայության մասին, ապա բժիշկը կարող է առաջարկել որոշ հետազոտություններ, որոնք օգնում են ձեր ախտորոշման հաստատմանը:
Սուր երիկամային անբավարարության ախտորոշմանը կարող են օգնել մի շարք հետազոտություններ:
- Մեզի քանակի չափում. 24 ժամվա ընթացքում ձեր միզարձակման ծավալի չափումը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ չափով է պահպանված (կամ խանգարված) երիկամների կողմից միզարտադրության գործունեությունը: Անհետաձգելի կամ վերակենդանացման բաժանմունքներում այս ցուցանիշը կարող է չափվել նաև 1 ժամվա համար՝ օգտագործեով միզային կաթետեր:
- Մեզի հետազոտություններ. մեզի նմուշի լաբորատոր հետազոտությամբ կարող են հայտնաբերվել շեղումներ, որոնք «հուշում են» երիկամային հիվանդության կամ անբավարարության առկայության մասին:
- Արյան հետազոտություններ. արյան կենսաքիմիական հետազոտությամբ կարող են հայտնաբերվել միզանյութի և կրեատինինի մակարդակների աճող մակարդակներ, որոնք գաղափար են տալիս երիկամների գործունեության մասին:
- Պատկերման հետազոտություններ. երիկամների գործիքային հետազոտություններից սոնոգրաֆիան և համակարգչային տոմոգրաֆիան (CT) կարող են նշանակվել, որ գնահատվի ձեր երիկամների կառուցվածքը և հայտնաբերվեն երիկամների սուր վնասում պատճառող հիվանդություններ:
- Երիկամի հյուսվածքի հետազոտություն. որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում գերձայնային հսկողության ներքո կատարել երիկամի բիոպսիա, որի ժամանակ բարակ ասեղով երիկամից նմուշառվում և լաբորատոր հետազոտության է ենթարկվում փոքր հյուսվածքային կտոր: Այս հետազոտությունը թույլ է տալիս ճշտել երիկամի ախտահարման բնույթը:
Իմացե՛ք ավելին երիկամների գործունեության լաբորատոր հետազոտության մեթոդների մասին:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022