Սուր երիկամային անբավարարության բուժումը սովորաբար կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում:
Իրականում, սուր երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց մեծ մասն արդեն հոսպիտալացված է և ստանում է այլ հիվանդության հիվանդանոցային բուժում: Այն, թե որքան ժամանակ կանցկացնեք հիվանդանոցում, կախված է սուր երիկամային անբավարարության պատճառներից և երիկամների վերականգնման արագությունից:
Որոշ դեպքերում դուք կարող եք վերականգնվել տանը:
Ձեր երիկամների վնասման հիմքում ընկած պատճառի բուժումը
Սուր երիկամային անբավարարության բուժումը ներառում է ի սկզբանե ձեր երիկամների վնասման հանգեցրած հիվանդության կամ վնասվածքի բացահայտումը: Ձեր բուժման տարբերակները կախված են նրանից, թե ինչն է առաջացրել ձեր երիկամային անբավարարությունը:
Բարդությունների բուժում՝ մինչև ձեր երիկամները վերականգնվեն
Ձեր բժիշկը նաև կաշխատի կանխել բարդությունները և ձեր երիկամներին ժամանակ տալ, որ ապաքինվեն: Բարդությունների կանխարգելմանն օգնող բուժումները ներկայացվում են ստորև:
- Ձեր արյան հեղուկի քանակի հավասարակշռման բուժումներ. եթե ձեր սուր երիկամային անբավարարությունը պայմանավորված է ձեր արյան մեջ հեղուկի պակասով (հիպովոլեմիա), բժիշկը կարող է նշանակել ներերակային (ն/ե) հեղուկներ: Այլ դեպքերում սուր երիկամային անբավարարությունը կարող է հանգեցնել չափից շատ հեղուկի կուտակման, որի պատճառով ձեռքերը և ոտքերն այտուցվեն: Նման իրավիճակում բժիշկը նշանակում է միզամուղներ (դիուրետիկներ)՝ ձեր օրգանիզմից ավելորդ հեղուկները հեռացնելու համար:
- Արյան կալիումի մակարդակի վերահսկման դեղեր. եթե ձեր երիկամներն ի վիճակի չեն պատշաճ կերպով արյունը զտել կալիումից, բժիշկը կարող է նշանակել Կալցիում, Գլյուկոզ կամ Պոլիստիրենի սուլֆոնատի նատրիումական աղ (Կիոնեքս)՝ կանխելու ձեր արյան մեջ կալիումի բարձր մակարդակների կուտակումը: Արյան կալիումի բարձր մակարդակները (հիպերկալեմիա) կարող են առաջացնել վտանգավոր անկանոն սրտազարկ (առիթմիա) և մկանային թուլություն:
- Արյան կալցիումի մակարդակը վերականգնող դեղեր. եթե ձեր արյան մեջ կալցիումի մակարդակը շատ ցածր է (հիպոկալցեմիա), ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կալցիումի ներարկում:
- Դիալիզ՝ ձեր արյունից տոքսինները հեռացնելու համար. եթե թունավոր նյութերը (տոքսիններ) կուտակվում են ձեր արյան մեջ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել ժամանակավոր հեմոդիալիզ, որը հաճախ կոչվում է պարզապես դիալիզ: Դիալիզն օգնում է, որ ձեր օրգանիզմից հեռացվեն տոքսինները և ավելորդ հեղուկները՝ մինչ ձեր երիկամները ապաքինվեն: Դիալիզը նաև կարող է օգնել օրգանիզմից ավելորդ կալիումի հեռացմանը: Դիալիզի ընթացքում մեքենան (սարքը) ձեր օրգանիզմից արյունը մղում է արհեստական երիկամի (դիալիզատորի) միջով, որը զտում է այդ նյութերի ավելցուկային քանակները: Այնուհետև արյունը վերադարձվում է ձեր օրգանիզմ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024