Ագորաֆոբիան կապված է խուճապային խանգարումների հետ և պատկանում է խանգարումների մի խմբին, որը կոչվում է սպեցիֆիկ ֆոբիաներ:
Իմացե՛ք ավելին սպեցիֆիկ ֆոբիաների մասին:
Ագորաֆոբիայի բնորոշ ախտանիշները ներառում են վախը՝
- տանը մենակ մնալուց
- մարդկանց բազմությունից (ամբոխից) կամ հերթում սպասելուց
- փակ տարածքներից, ինչպիսիք են կինոթատրոնները, վերելակները կամ փոքր խանութները
- բաց տարածքներից, ինչպիսիք են ավտոկայանատեղերը, կամուրջները կամ առևտրի կենտրոնները
- հասարակական տրանսպորտից օգտվելուց, ինչպիսիք են ավտոբուսը, ինքնաթիռը կամ գնացքը:
Այս իրավիճակները անհանգստություն են առաջացնում, քանի որ վախենում եք, որ չեք կարողանա փախչել կամ օգնություն գտնել, եթե սկսեք խուճապ զգալ: Կամ դուք կարող եք վախենալ ունենալ այլ տեսակի անկարողություն կամ ամոթալի ախտանիշներ, ինչպիսիք են գլխապտույտը, ուշագնացությունը, ընկնելը կամ փորլուծությունը:
Ի լրումն՝
- ձեր վախը կամ անհանգստությունը համաչափ չէ իրավիճակի իրական վտանգի հետ
- դուք խուսափում եք իրավիճակից, ուղեկցողի կարիք ունեք կամ էլ դիմանում եք իրավիճակին, սակայն՝ չափազանց վրդովված եք
- դուք ունեք լուրջ խնդիրներ սոցիալական իրավիճակների, աշխատանքի կամ ձեր կյանքի այլ ոլորտների հետ՝ կապված ձեր վախի, անհանգստության հետ կամ խուսափելու պատճառով
- ձեր վախը և խուսափելը սովորաբար տևում են վեց ամիս կամ ավելի երկար:
Խուճապային խանգարում և ագորաֆոբիա
Որոշ մարդիկ ագորաֆոբիայից բացի ունեն խուճապային (պանիկ) խանգարում: Խուճապային խանգարումը տագնապային խանգարման տեսակ է, որը ներառում է խուճապի (պանիկ) նոպաներ կամ գրոհներ: Խուճապի նոպան ծայրահեղ վախի հանկարծակի զգացում է, որը հասնում է գագաթնակետին մի քանի րոպեի ընթացքում և առաջացնում է տարբեր ուժգնության ֆիզիկական (սոմատիկ) ախտանիշներ: Դուք կարող եք մտածել, որ լիովին կորցնում եք վերահսկողությունը, տանում եք սրտամկանի ինֆարկտ կամ նույնիսկ մահանում եք:
Խուճապի նոր նոպայի վախը կարող է հանգեցնել նմանատիպ իրավիճակներից կամ այն վայրերից խուսափելուն, որտեղ նախկինում դա առաջացել է՝ փորձելով կանխել ապագա խուճապային գրոհները:
Խուճապային նոպայի ախտանիշները կարող են ներառել՝
- արագացած սրտազարկ և սրտխփոց
- շնչելու դժվարացում կամ խեղդվելու զգացում
- կրծքավանդակի ցավ կամ ճնշման զգացողություն
- ուշագնացության զգացում կամ գլխապտույտ
- դողի, թմրածության կամ ծակծկոցների զգացում
- չափից շատ քրտնարտադրություն
- հանկարծակի ջերմահորդանք կամ սարսուռ
- ստամոքսի խանգարում կամ փորլուծություն
- վերահսկողության կորստի զգացում
- մահվան վախ:
Իմացե՛ք ավելին խուճապային խանգարման մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Ագորաֆոբիան կարող է լրջորեն սահմանափակել շփվելու, աշխատելու, կարևոր իրադարձությունների մասնակցելու և նույնիսկ առօրյա կյանքի մանրամասները կառավարելու ձեր ունակությունները, ինչպիսիք են գործերը վարելը:
Թույլ մի՛ տվեք, որ ագորաֆոբիան սահմանափակի ձեր աշխարհը: Զանգահարեք ձեր բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետին, եթե ունեք ագորաֆոբիայի կամ խուճապի նոպաների ախտանիշներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-07-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024