Գենետիկ, հոգեբանական, սոցիալական և միջավայրի գործոնները կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես է ալկոհոլ խմելը ներգործում ձեր մարմնի և վարքի վրա:
Տեսությունները ենթադրում են, որ որոշ մարդկանց համար խմելը տարբերվող և ավելի ուժեղ ազդեցություն ունի, որը կարող է հանգեցնել ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման:
Ժամանակի ընթացքում չափից շատ ալկոհոլ օգտագործելը կարող է փոխել ձեր գլխուղեղի այն հատվածների նորմալ գործառույթը, որը կապված է հաճույքի փորձի, դատողության և ձեր վարքագծի վրա վերահսկելու ունակության հետ: Սա կարող է հանգեցնել ալկոհոլի նկատմամբ հակման կամ խմելու սևեռուն ցանկության՝ փորձելով վերականգնել լավ զգացմունքները կամ նվազեցնել բացասականները:
Ռիսկի գործոններ
Ալկոհոլի օգտագործումը կարող է սկսվել դեռահասների մոտ, սակայն ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարումն ավելի հաճախ է տեղի ունենում 20-30-ական տարեկանում, թեև կարող է սկսվել ցանկացած տարիքում:
Ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Ժամանակի ընթացքում կայուն կամ մշտական խմելը. երկար ժամանակ կանոնավոր չափից շատ խմելը կամ կանոնավոր կերպով խմելը կարող է հանգեցնել ալկոհոլի հետ կապված խնդիրների կամ ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման:
- Վաղ տարիքից սկսելը. մարդիկ, ովքեր սկսում են խմել, հատկապես՝ շատ խմել վաղ տարիքից, ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման ավելի բարձր ռիսկի են ենթարկվում:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման վտանգը ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ալկոհոլի հետ խնդիր ունեցող ծնող կամ այլ մերձավոր ազգական: Սա կարող է պայմանավորված լինել գենետիկ գործոններով:
- Դեպրեսիա և հոգեկան առողջության այլ խնդիրներ. անհանգստություն և տագնապ, դեպրեսիա, շիզոֆրենիա, բիպոլյար խանգարում կամ հոգեկան առողջության այլ խանգարումներ ունեցող մարդիկ հաճախ խնդիրներ են ունենում ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ:
- Տրավմայի պատմություն. հուզական տրավմայի կամ այլ տրավմայի պատմություն ունեցող մարդիկ ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման մեծ ռիսկի են ենթարկվում:
- Բարիատրիկ վիրահատություն անցնելը. որոշ հետազոտական ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ բարիատրիկ վիրահատությունը կարող է մեծացնել ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման զարգացման կամ այդ խանգարումից վերականգնվելու ընթացքում կրկին ալկոհոլ օգտագործելու ռիսկը:
- Սոցիալական և մշակութային գործոններ. այնպիսի ընկերներ կամ մտերիմ զուգընկեր ունենալը, ովքեր պարբերաբար խմում են, կարող է մեծացնել ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման ռիսկը: Այն հմայիչ ֆորմատը, որը երբեմն ցուցադրվում է մեդիայում, կարող է նաև հաղորդագրություն ուղարկել, թե իբր շատ խմելը նորմալ է: Երիտասարդների համար ծնողների, հասակակիցների և այլ դերային մոդելների ազդեցությունը կարող է ազդել ռիսկի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024