Ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման բուժումը կարող է տարբեր լինել՝ կախված ձեր կարիքներից:
Բուժումը կարող է ներառել կարճատև միջամտություն, անհատական կամ խմբային խորհրդատվություն, ամբուլատոր ծրագիր կամ հիվանդանոցային (ստացիոնար) բուժում: Կյանքի որակը բարելավելու համար ալկոհոլի օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ աշխատանքը բուժման հիմնական նպատակն է:
Ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարման բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Դետոքս և հանում (զրկանք). բուժումը կարող է սկսվել դետոքսիկացիայի ծրագրով` ալկոհոլի հանում, որը կառավարվում է դեղամիջոցների օգնությամբ: Երբեմն դա կոչվում է դետոքս, որը սովորաբար տևում է 2-ից 7 օր: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի հանգստացնող դեղամիջոցներ ընդունել հանման կամ զրկանքի ախտանիշները կանխելու կամ մեղմացնելու համար: Դետոքսը սովորաբար կատարվում է ստացիոնար բուժման կենտրոնում կամ հիվանդանոցում:
- Նոր հմտություններ սովորում և բուժման ծրագիր կազմում. այս գործընթացը սովորաբար իրականացվում է ալկոհոլիզմի բուժման մասնագետների օգնությամբ: Այն կարող է ներառել նպատակների սահմանում, վարքագծի փոփոխության տեխնիկա, ինքնօգնության ձեռնարկների օգտագործում, խորհրդատվություն և հետագա խնամք բուժման կենտրոնում:
- Հոգեբանական խորհրդատվություն. խմբերի և անհատների համար խորհրդատվությունն ու թերապիան օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ ալկոհոլի հետ կապված ձեր խնդիրը և նպաստում են ալկոհոլի օգտագործման հոգեբանական խնդիրներից վերականգնմանը: Դուք կարող եք օգուտ ստանալ զույգերի կամ ընտանեկան թերապիայից: Ընտանիքի աջակցությունը կարող է լինել վերականգնման գործընթացի կարևոր մասը:
- Բերանային (օրալ) դեղամիջոցներ. Դիսուլֆիրամ կոչվող դեղամիջոցը կարող է օգնել ձեզ խուսափելու խմելուց, թեև այն չի բուժի ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարումը և չի վերացնի խմելու ցանկությունը: Եթե դուք ալկոհոլ եք խմում Դիսուլֆիրամ ընդունելիս, դեղն առաջացնում է ֆիզիկական ռեակցիա, որը կարող է ներառել կարմրություն, սրտխառնոց, փսխում և գլխացավեր: Նալտրեքսոնը՝ դեղամիջոց, որն արգելափակում է ալկոհոլի առաջացրած լավ զգացողությունները, կարող է կանխել շատ ալկոհոլ օգտագործելը և նվազեցնել խմելու ցանկությունը: Ակամպրոսատը կարող է օգնել ձեզ պայքարելու ալկոհոլային հակումների դեմ, երբ դադարեցնեք խմելը: Ի տարբերություն Դիսուլֆիրամի, Նալտրեքսոնը և Ակամպրոսատը խմիչք ընդունելուց հետո ինքնազգացողության վատացում չեն առաջացնում:
- Ներարկման դեղամիջոց. Վիվիտրոլը՝ Նալտրեքսոն դեղամիջոցի տարբերակը, ներարկվում է ամիսը մեկ անգամ՝ բուժաշխատողի կողմից: Չնայած նմանատիպ դեղամիջոցները կարող են ընդունվել հաբերի տեսքով, ներարկային տարբերակի հետևողական օգտագործումը կարող է ավելի հեշտ լինել ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարումից վերականգնվող մարդկանց համար:
- Շարունակական աջակցություն. հետբուժական խնամքի ծրագրերը և փոխօգնության խմբերն օգնում են ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարումից վերականգնվող մարդկանց դադարեցնել խմելը, կառավարել կրկնությունները և հաղթահարել ապրելակերպի անհրաժեշտ փոփոխությունները: Սա կարող է ներառել բժշկական կամ հոգեբանական խնամք կամ հաճախում փոխօգնության կամ աջակցության խմբեր:
- Հոգեբանական խնդիրների բուժում. ալկոհոլի օգտագործման խանգարումը սովորաբար առաջանում է հոգեկան առողջության այլ խանգարումների հետ միասին: Եթե ունեք դեպրեսիա, անհանգստություն կամ հոգեկան առողջության այլ խնդիր, ձեզ կարող է անհրաժեշտ լինել խոսքային թերապիա (հոգեթերապիա), դեղորայք կամ այլ բուժում:
- Առողջական վիճակների դեղորայքային բուժում. ալկոհոլի հետ կապված բազմաթիվ առողջական խնդիրներ զգալիորեն բարելավվում են, երբ դադարեցնում եք խմելը: Սակայն, որոշ առողջական վիճակներ կարող են պահանջել շարունակական բուժում և հետագա խնամք ու վերահսկողություն:
- Հոգևոր պրակտիկա. մարդիկ, ովքեր զբաղվում են կանոնավոր հոգևոր պրակտիկայով, կարող են ավելի հեշտ պահպանել ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարումից կամ այլ հակումներից վերականգնումը: Շատերի համար իրենց հոգևոր կողմի ավելի մեծ տեղ տալը վերականգնման հիմնական տարրն է:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024