Ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարումը կարող է լինել թեթև, չափավոր կամ ծանր՝ կախված ձեր ունեցած ախտանիշների քանակից:
Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- անկարող եք սահմանափակել ձեր խմած ալկոհոլի քանակը
- ցանկանում եք նվազեցնե ձեր խմած ալկոհոլի քանակը կամ անհաջող փորձեր եք անում դա անելու համար
- շատ ժամանակ եք ծախսում խմելու, ալկոհոլ գտնելու կամ ալկոհոլ օգտագործելուց հետո վերականգնվելու վրա
- ունեք ալկոհոլ խմելու ուժեղ փափագ կամ ցանկություն (հակում)
- ալկոհոլի կրկնակի օգտագործման պատճառով աշխատավայրում, դպրոցում կամ տանը չեք կատարում ձեր հիմնական պարտականությունները
- շարունակում եք ալկոհոլ օգտագործել, չնայած գիտեք, որ դա ֆիզիկական, սոցիալական, աշխատանքային կամ փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ է առաջացնում
- ալկոհոլ օգտագործելու համար հրաժարվում եք սոցիալական և աշխատանքային գործունեությունից և հոբբիներից կամ նվազեցում դրանց դերը
- ալկոհոլ եք օգտագործում այն իրավիճակներում, երբ դա անվտանգ չէ, օրինակ՝ մեքենա վարելիս կամ լողալիս
- ձեզ մոտ ալկոհոլի նկատմամբ զարգացել է հանդուրժողականություն (տոլերանտություն), որի պատճառով ալկոհոլի ազդեցությունը զգալու համար ձեզ ավելի շատ է պետք խմել կամ նույն քանակի ազդեցությունը նվազում է
- երբ դուք չեք խմում, զգում եք հանման (զրկանքի) ախտանիշներ, ինչպիսիք են սրտխառնոցը, քրտնարտադրությունը և դողը կամ խմում եք այս ախտանիշներից խուսափելու համար:
Ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարումը կարող է ներառել հարբած լինելու ժամանակաշրջաններ (ալկոհոլային թունավորում) և հանման (զրկանքի) ախտանիշներ:
- Ալկոհոլային թունավորումը (ինտոքսիկացիա) առաջանում է, երբ ձեր արյան մեջ ալկոհոլի քանակն ավելանում է: Որքան բարձր է արյան մեջ ալկոհոլի խտությունը, այնքան ավելի հավանական է, որ դուք վատ ազդեցություն ունենաք: Ալկոհոլային թունավորումն առաջացնում է վարքի խնդիրներ և մտավոր փոփոխություններ: Դրանք կարող են ներառել ոչ պատշաճ վարքագիծ, անկայուն տրամադրություն, վատ դատողություն, աղավաղված խոսք, ուշադրության կամ հիշողության հետ կապված խնդիրներ և վատ կորդինացիա: Դուք կարող եք նաև ունենալ «անջատումներ» (blackouts, отключения) կոչվող ժամանակաշրջաններ, որտեղ չեք հիշում իրադարձությունները: Արյան մեջ ալկոհոլի շատ բարձր մակարդակը կարող է հանգեցնել կոմայի, գլխուղեղի կայուն վնասման կամ նույնիսկ մահվան:
- Ալկոհոլից հրաժարումը (հանում, զրկանք, աբստինենցիա) կարող է առաջանալ, երբ ալկոհոլի օգտագործումը եղել է մեծ քանակներով և երկարատև, այնուհետև օգտագործումը կտրուկ դադարեցվել կամ զգալիորեն նվազել է: Այն կարող է առաջանալ մի քանի ժամից մինչև 4-5 օր հետո: Նշաններն ու ախտանիշները ներառում են քրտնարտադրություն, արագ սրտազարկ, ձեռքերի դող, քնի հետ կապված խնդիրներ, սրտխառնոց և փսխում, ցնորքներ (հալյուցինացիաներ), անհանգստություն և գրգռվածություն (աժիտացիա), տագնապ և երբեմն ցնցումներ: Ախտանիշները կարող են բավականաչափ ուժեղ լինել և խաթարեն աշխատավայրում կամ սոցիալական իրավիճակներում գործելու ձեր ունակությունը:
Ի՞նչն է համարվում 1 չափաբաժինը
ԱՄՆ Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլիզմի ազգային ինստիտուտը սահմանում է մեկ ստանդարտ չափաբաժինը (drink) որպես հետևյալներից որևէ մեկը՝
- 12 ունցիա (355 միլիլիտր) սովորական գարեջուր (մոտ 5% ալկոհոլ)
- 8-ից 9 ունցիա (237-ից 266 միլիլիտր) ածիկի լիկյոր (մոտ 7% ալկոհոլ)
- 5 ունցիա (148 միլիլիտր) գինի (մոտ 12% ալկոհոլ)
- 1,5 ունցիա (44 միլիլիտր) պինդ լիկյոր կամ թորած սպիրտ (մոտ 40% ալկոհոլ):
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե զգում եք, որ երբեմն չափից շատ ալկոհոլ եք խմում կամ ձեր խմելը խնդիրներ է առաջացնում կամ եթե ձեր ընտանիքը մտահոգված է ձեր խմելու համար, խոսեք ձեր բժշկի հետ: Օգնություն ստանալու այլ եղանակները ներառում են հոգեկան առողջության մասնագետի հետ զրուցելը կամ աջակցության խմբից օգնություն փնտրելը, ինչպիսիք են Անանուն ալկոհոլիկները կամ նմանատիպ փոխօգնության խմբերը:
Քանի որ ալկոհոլի հետ կապված խնդրի ժխտումը կամ հերքումը տարածված երևույթ է, դուք կարող եք զգալ, որ կարծես խմելու խնդիր չունեք: Դուք կարող եք չհասկանած, թե որքան եք խմում կամ ձեր կյանքում որքան խնդիրներ են կապված ալկոհոլի օգտագործման հետ: Լսեք հարազատներին, ընկերներին կամ գործընկերներին, երբ նրանք ձեզ խնդրում են ուսումնասիրել ձեր խմելու սովորույթը կամ օգնության համար դիմել համապատասխան մասնագետներին: Մտածեք խոսել մեկի հետ, ով խմելու խնդիր է ունեցել, բայց դադարեցրել է:
Եթե ձեր սիրելին օգնության կարիք ունի
Ալկոհոլի օգտագործման առաջացրած խանգարում ունեցող բազմաթիվ մարդիկ վարանում են բուժում ստանալ, քանի որ չեն գիտակցում, որ խնդիր ունեն: Մտերիմների միջամտությունը կարող է օգնել որոշ մարդկանց հասկանալ և ընդունել, որ իրենք մասնագիտական օգնության կարիք ունեն: Եթե ձեզ անհանգստացնում է այն, որ ձեզ հարազատ մեկը չափից շատ է խմում, խնդրեք ալկոհոլի բուժման փորձառու մասնագետին խորհուրդ տալ, թե ինչպես մոտենալ այդ մարդուն:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024