Ալկոհոլը ճնշում է ձեր կենտրոնական նյարդային համակարգը:
Որոշ մարդկանց մոտ սկզբնական ռեակցիան կարող է թվալ որպես էներգիայի ավելացում: Բայց երբ շարունակում եք խմել, դառնում եք քնկոտ և ավելի թույլ վերահսկում ձեր գործողությունները:
Չափից շատ ալկոհոլը ազդում է ձեր խոսքի, մկանների համակարգման և գլխուղեղի կենսական կենտրոնների վրա: Ալկոհոլի մեծ քանակներ խմելը կարող է նույնիսկ կյանքին սպառնացող կոմայի կամ մահվան պատճառ դառնալ: Սա հատկապես մտահոգիչ է, երբ դուք որոշակի դեղամիջոցներ եք ընդունում, որոնք նույնպես ճնշում են գլխուղեղի գործունեությունը:
Ազդեցությունը ձեր անվտանգության վրա
Չափից շատ խմելը կարող է նվազեցնել ձեր դատողությունների հմտությունները և նվազեցնել արգելակումները՝ հանգեցնելով վատ ընտրությունների և վտանգավոր իրավիճակների կամ վարքագծի, այդ թվում՝
- ճանապարհատրանսպորտային պատահարների և պատահական վնասվածքների այլ տեսակներ, ինչպիսին է խեղդվելը
- փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ
- վատ կատարողական աշխատավայրում կամ դպրոցում
- բռնի հանցագործություններ կատարելու կամ հանցագործության զոհ դառնալու հավանականության մեծացում
- իրավական խնդիրներ կամ աշխատանքի կամ ֆինանսների հետ կապված խնդիրներ
- այլ հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ կապված խնդիրներ
- ռիսկային, անպաշտպան սեռական հարաբերություններ, սեռական բռնության կամ բռնաբարության ենթարկվելը կամ ենթարկելը
- ինքնասպանության փորձի կամ կատարման ռիսկի բարձրացում:
Ազդեցությունը ձեր առողջության վրա
Միանգամից կամ ժամանակի ընթացքում չափից շատ ալկոհոլ օգտագործելը կարող է առաջացնել տարբեր առողջական խնդիրներ:
- Լյարդային հիվանդություն. շատ խմելը կարող է առաջացնել ձեր լյարդի ճարպի ավելացում (լյարդային ստեատոզ) և լյարդի բորբոքում (ալկոհոլային հեպատիտ): Ժամանակի ընթացքում ալկոհոլի չարաշահումը կարող է առաջացնել ձեր լյարդային հյուսվածքի անդառնալի ոչնչացում և սպիացում (ցիռոզ):
- Մարսողական խնդիրներ. շատ խմելը կարող է հանգեցնել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման (գաստրիտ), ինչպես նաև ստամոքսի և կերակրափողի խոցերի: Այն նաև կարող է խանգարել ձեր օրգանիզմի՝ բավարար քանակությամբ B վիտամիններ և այլ սննդանյութեր ստանալու ունակությանը: Ալկոհոլի չարաշահումը կարող է վնասել ձեր ենթաստամոքսային գեղձը կամ հանգեցնել ենթաստամոքսային գեղձի բորբոքման (պանկրեատիտ):
- Սրտային խնդիրներ. չափից շատ խմելը կարող է հանգեցնել բարձր արյան ճնշման և մեծացնել ձեր սրտի մեծացման, սրտային անբավարարության կամ ինսուլտի ռիսկը: Նույնիսկ մեկանգամյա անընդմեջ խմելը կարող է առաջացնել ծանր անկանոն սրտազարկի (առիթմիա), որը կոչվում է նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա):
- Դիաբետի բարդություններ. ալկոհոլը խանգարում է ձեր լյարդից գլյուկոզայի ազատմանը և կարող է մեծացնել ցածր արյան շաքարի (հիպոգլիկեմիայի) ռիսկը: Սա վտանգավոր է, եթե դուք ունեք շաքարային դիաբետ և արդեն ստանում եք ինսուլին կամ դիաբետի որոշ այլ դեղամիջոցներ արյան շաքարի մակարդակը նվազեցնելու համար:
- Սեռական գործառույթի և դաշտանի հետ կապված խնդիրներ. ալկոհոլի չարաշահումը կարող է պատճառ դառնալ, որ տղամարդիկ դժվարություններ ունենան էրեկցիան պահպանելու հետ (էրեկտիլ դիսֆունկցիա): Կանանց մոտ շատ խմելը կարող է ընդհատել դաշտանային ցիկլերը:
- Աչքերի և տեսողության խնդիրներ. ժամանակի ընթացքում շատ խմելը կարող է առաջացնել աչքերի ակամա արագ շարժում (նիստագմ), ինչպես նաև աչքի մկանների թուլություն և կաթված՝ վիտամին B1-ի (թիամին) անբավարարության պատճառով: Չշտկվելու դեպքում թիամինի անբավարարությունը կարող է հանգեցնել գլխուղեղի այլ փոփոխությունների, օրինակ՝ անդառնալի դեմենցիայի:
- Բնածին արատներ. հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել վիժման: Այն նաև կարող է առաջացնել պտղի (ֆետալ) ալկոհոլային սպեկտրի խանգարումներ (ՊԱՍԽ): ՊԱՍԽ-ը կարող է հանգեցնել ծնվելիս երեխայի ֆիզիկական և զարգացման խնդիրների, որոնք շարունակվում են նրա ողջ կյանքի ընթացքում:
- Ոսկրային վնաս. ալկոհոլը կարող է խանգարել նոր ոսկրանյութի ստեղծմանը: Ոսկրանյութի կորուստը կարող է հանգեցնել ոսկորների բարակեցմանը (օստեոպորոզ) և կոտրվածքների ռիսկի բարձրացմանը: Ալկոհոլը նաև կարող է վնասել ոսկրածուծը, որը արտադրում է արյան բջիջներ: Սա կարող է հանգեցնել արյան թիթեղիկների (թրոմբոցիտների) ցածր քանակի, որը կարող է հանգեցնել արյունազեղումների (կապտուկների) և արյունահոսության:
- Նյարդաբանական բարդություններ. չափից շատ խմելը կարող է ազդել ձեր նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով ձեռքերում և ոտքերում թմրածություն և ցավ, խանգարված մտածողություն, դեմենցիա և կարճաժամկետ հիշողության կորուստ:
- Թուլացած իմունային համակարգ. ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է դժվարացնել ձեր օրգանիզմի կողմից հիվանդություններին դիմակայելը՝ մեծացնելով տարբեր հիվանդությունների, հատկապես թոքաբորբի ռիսկը (պնևմոնիա):
- Քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացում. ալկոհոլի երկարատև, չափից ավելի օգտագործումը կապված է քաղցկեղի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ բերանի խոռոչի, կոկորդի, լյարդի, կերակրափողի, հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ: Նույնիսկ չափավոր խմելը կարող է մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:
- Դեղամիջոցների և ալկոհոլի փոխազդեցություն. որոշ դեղամիջոցներ փոխազդում են ալկոհոլի հետ՝ մեծացնելով վերջինիս թունավոր ազդեցությունը: Այս դեղերն ընդունելու ընթացքում խմելը կարող է կա՛մ մեծացնել կամ նվազեցնել դրանց արդյունավետությունը, կա՛մ դրանք վտանգավոր դարձնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024