Սովորական հիշողության գործառույթը ներառում է գլխուղեղի բազմաթիվ շրջաններ:
Ցանկացած հիվանդություն կամ վնասվածք, որն ազդում է գլխուղեղի վրա, կարող է նաև բացասաբար ազդել հիշողության վրա:
Ամնեզիան կարող է առաջանալ գլխուղեղի այն կառուցվածքների վնասումից, որոնք կազմում են լիմբիկ համակարգը` ընդերային (վիսցերալ) ուղեղը: Լիմբիկ համակարգը վերահսկում է զգացմունքներն ու հիշողությունները և ներառում է տեսաթումբը (թալամուս), որը գտնվում է գլխուղեղի կենտրոնի խորքում և ծովաձիու գալարը (հիպոկամպ), որը տեղակայված է գլխուղեղի քունքային բլթերում:
Գլխուղեղի վնասվածքի կամ վնասվածքի հետևանքով առաջացած ամնեզիան հայտնի է որպես նյարդաբանական (նևրոլոգիական) ամնեզիա: Նյարդաբանական ամնեզիայի հնարավոր պատճառները ներառում են հետևյալը՝
- ինսուլտ
- գլխուղեղի բորբոքում (էնցեֆալիտ), որը կարող է պայմանավորված լինել այնպիսի վիրուսով, ինչպիսին է հասարակ հերպեսի վիրուսը, օրգանիզմի ինչ-որ շրջանի քաղցկեղի նկատմամբ աուտոիմուն ռեակցիայով (պարանեոպլաստիկ լիմբիկ էնցեֆալիտ) կամ քաղցկեղի բացակայության դեպքում աուտոիմուն ռեակցիայով
- գլխուղեղի համարժեք թթվածնի պակաս, որը կարող է տեղի ունենալ սրտամկանի ինֆարկտի, շնչառական խանգարումների կամ ածխածնի ենթօքսիդով )շմոլ գազով) թունավորման ժամանակ
- ալկոհոլի երկարատև չարաշահում, որը հանգեցնում է օրգանիզմում վիտամին B1-ի (թիամին) չափազանց քիչ քանակի և կոչվում է Վերնիկե-Կորսակովի համախտանիշ
- ուռուցքներ այն գլխուղեղի շրջաններում, որոնք վերահսկում են հիշողությունը
- Ալցհեյմերի հիվանդություն և այլ հիվանդություններ, որոնք հանգեցնում են նյարդային հյուսվածքի դեգեներացիայի
- ցնցումներ
- որոշ դեղաիջոցներ, ինչպիսիք են բենզոդիազեպինները կամ այլ դեղամիջոցներ, որոնք գործում են որպես հանգստացնող (սեդատիվ):
Գլխի վնասվածքները, որոնք առաջացնում են ուղեղի ցնցում` լինի դա ավտովթարից, թե սպորտից, կարող են հանգեցնել շփոթվածության և նոր տեղեկություններ հիշելու հետ կապված խնդիրների: Սա հատկապես տարածված է վերականգնման վաղ փուլերում: Գլխի թեթև վնասվածքները սովորաբար երկարատև ամնեզիա չեն առաջացնում, մինչդեռ գլխի ավելի ծանր գանգուղեղային տրավմաները կարող են առաջացնել մշտական ամնեզիա:
Ամնեզիայի մեկ այլ հազվադեպ տեսակ, որը կոչվում է դիսոցիատիվ (հոգեծին կամ փսիխոգեն) ամնեզիա, առաջանում է հուզական ցնցումից կամ տրավմայից: Դա կարող է լինել որպես բռնի հանցագործության զոհ դառնալու կամ այլ հոգեկան տրավմայի հետևանք: Այս խանգարման դեպքում մարդիկ կարող են կորցնել անձնական հիշողությունները և իրենց կյանքի մասին տեղեկությունները: Հիշողության կորուստը սովորաբար կարճատև է:
Ռիսկի գործոններ
Ամնեզիայի զարգացման հավանականությունը կարող է մեծանալ, եթե ունեցել եք՝
- գլխուղեղի վիրահատություն, գլխի վնասվածք կամ գանգուղեղային տրավմա
- ինսուլտ
- ալկոհոլի չարաշահում
- ցնցումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2021
Վերջին վերանայում՝ 03-05-2024