Ամնեզիայի ախտորոշման համար անհրաժեշտ է համապարփակ գնահատում:
Այն կարող է բացառել հիշողության կորստի այլ հնարավոր պատճառները, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, դեմենցիայի այլ ձևերը, դեպրեսիան կամ գլխուղեղի ուռուցքը:
Հիվանդության պատություն (անամնեզ)
Գնահատումը սկսվում է հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրությունից: Քանի որ հիշողության կորուստ ունեցող անձը կարող է չկարողանալ մանրամասն տեղեկատվություն տրամադրել, այն սովորաբար ստացվում է ընտանիքի անդամից, ընկերոջից կամ մեկ այլ խնամակալից:
Ձեր բժիշկը կարող է ձեզ մի քանի հարց տալ, որը նրան կօգնի հասկանալու ձեր հիշողության կորստի բնույթը և ծավալը: Սա թույլ է տալիս լուծել հետևյալ խնդիրները՝
- հիշողության կորստի տեսակը և արդյոք դա վերաբերվում է վերջին դեպքերին կամ երկարաժամկետ է
- երբ են սկսվել հիշողության խնդիրները և ինչպես են դրանք զարգացել
- հիշողության հետ կապված խնդիրներ առաջացնող գործոնները, ինչպիսիք են գլխի վնասվածքը, ինսուլտը կամ վիրահատությունը
- ընտանեկան պատմություն (անամնեզ), հատկապես նյարդաբանական հիվանդության վերաբերյալ
- ապօրինի թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործումը
- այլ ախտանիշները, ինչպիսիք են շփոթվածությունը, լեզվական խնդիրները, անձնային փոփոխությունները կամ ինքնասպասարկման անկարողությունը
- ցնցումների, գլխացավերի, դեպրեսիայի կամ քաղցկեղի պատմությունը:
Ֆիզիկական քննություն (բուժզննում)
Բուժզննումը կարող է ներառել նյարդաբանական հետազոտություն՝ ռեֆլեքսները, զգացողական գործառույթները և հավասարակշռությունը ստուգելու համար:
Կոգնիտիվ (ճանաչողական) թեստեր
Սա սովորաբար ներառում է թեստեր՝ կապված մտածողության, դատողության և վերջին և երկարաժամկետ հիշողության հետ: Բժիշկը ձեզ կհարցնի ընդհանուր տեղեկությունների մասին ձեր գիտելիքները, օրինակ՝ ներկայիս նախագահի անունը, ինչպես նաև անձնական տեղեկությունների և անցյալի իրադարձությունների մասին: Ձեզնից կարող է պահանջվել կրկնել բառերի ցանկ:
Հիշողության գնահատումը կարող է օգնել որոշելու հիշողության կորստի չափը և տրամադրել պատկերացում այն մասին, թե ինչպիսի օգնություն կարող է ձեզ անհրաժեշտ լինել:
Ախտորոշիչ թեստեր
Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել՝
- պատկերային հետազոտություններ, ներառյալ ԿՏ կամ ՄՌՏ, որ ստուգի գլխուղեղի վնասումը կամ կառուցվածքային փոփոխությունները, ինչպիսին է ծավալի փոքրացումը
- արյան թեստեր, որ ստուգի վարակի, սննդանյութերի անբավարարության կամ այլ խնդիրների առկայությունը
- էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), որ ստուգի ձեր գլխուղեղի ցնցումային ակտիվության առկայությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2021
Վերջին վերանայում՝ 03-05-2024