Կրծքահեղձուկի կամ ստենոկարդիայի պատճառը սրտամկանի արյան հոսքի կրճատումն է:
Արյունը տեղափոխում է թթվածին, որի կարիքն ունեն բոլոր հյուսվածքներն ու բջիջները, այդ թվում՝ սրտամկանը: Երբ վերջինս չի ստանում բավարար թթվածին, առաջանում է ախտաբանական մի վիճակ, որը կոչվում է «իշեմիա»:
Սրտամկանի արյունահոսքի կրճատման ամենատարածված պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է (ՍԻՀ): Սրտի (պսակային) զարկերակները կարող են նեղանալ լուսանցքում ձևավորվող ճարպային կուտակումների պատճառով, որոնք կոչվում են «վահանիկներ»: Սա կոչվում է աթերոսկլերոզ:
Երբ թթվածնի նկատմամբ պահանջարկը ցածր է, օրինակ՝ հանգստանալիս, սրտամկանը դեռևս կարողանում է իր գործառույթները կատարել առանց կրծքահեղձուկի գանգատների: Սակայն, երբ թթվածնի պահանջարկը բարձրանում է, օրինակ՝ ֆիզիկական գործ կատարելիս, զարգանում է կրծքահեղձուկ:
Ռիսկի գործոններ
Հետևյալ գործոնները կարող են բարձրացնել կրծքահեղձուկի ռիսկը:
- Բարձր տարիք. կրծքահեղձուկն առավել հաճախ հանդիպում է 60 տարեկանից բարձր չափահասների շրջանում:
- Սրտային հիվանդության ընտանեկան պատմություն. տեղեկացրեք բժշկին, եթե ձեր մայրը, հայրը կամ ընտանիքի մեկ այլ անդամ ունի կամ ունեցել է ՍԻՀ կամ սրտամկանի ինֆարկտ:
- Ծխախոտի օգտագործում. ծխելը, ծխախոտ ծամելը կամ տարիներ շարունակ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելը կարող են վնասել զարկերակների լորձաթաղանթը՝ նպաստելով խոլեստերինային կուտակումների ձևավորմանը և անոթի լուսանցքի նեղացմանը:
- Դիաբետ. շաքարային դիաբետը (շաքարախտ) բարձրացնում է ՍԻՀ ռիսկը, որը բերում է կրծքահեղձուկի և սրտամկանի ինֆարկտի, քանի որ արագացնում է աթերոսկլերոզը և արյան խոլեստերինի մակարդակի բարձրացումը:
- Բարձր արյան ճնշում. ժամանակի ընթացքում բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) վնասում է զարկերակները՝ արագացնելով անոթի պատի կարծրացումը կամ պնդացումը:
- Բարձր խոլեստերին կամ տրիգլիցերիդների. արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեիդների (ՑԽԼ) խոլեստերինի («վատ» խոլեստերին) խիստ մեծ քանակները կարող են նպաստել զարկերակների նեղացմանը: Բարձր ՑԽԼ-ն բարձրացնում է կրծքահեղձուկի և սրտամկանի ինֆարկտի ռիսկը: Տրիգլիցերիդների բարձր մակարդակը նույնպես վնասակար է:
- Այլ առողջական խնդիրներ. քրոնիկ երիկամային հիվանդությունը, ծայրամասային զարկերակային հիվանդությունը, մետաբոլիկ համախտանիշը կամ ինսուլտի պատմությունը բարձրացնում են կրծքահեղձուկի ռիսկը:
- Ֆիզիկական թերակտիվություն. ոչ ակտիվ ապրելակերպը նպաստում է բարձր խոլեստերինին, բարձր արյան ճնշմանը, 2-րդ տիպի դիաբետին և գիրությանը: Քննարկեք բժշկի հետ ձեզ համար լավագույն ծանրաբեռնվածության մակարդակը և վարժանքի տեսակները:
- Գիրություն. գիրությունը ՍԻՀ ռիսկի գործոն է, որը կարող է առաջացնել կրծքահեղձուկ: Ավելցուկային քաշ ունենալը նշանակում է, որ սրտն ավելի ծանրաբեռնված է աշխատում, որ կարողանա մարմնին ապահովել համարժեք արյունամատկարարմամբ:
- Հուզական սթրես. չափից դուրս շատ սթրեսը և զայրույթը կարող են բարձրացնել արյան ճնշումը: Սթրեսին ուղեկցող հորմոնային «մրրիկը» կարող է նեղացնել զարկերակները և վատթարացնել կրծքահեղձուկը:
- Դեղամիջոցներ. որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ միգրենի բուժման դեղերը կարող են պնդացնել արյունատար անոթները և նպաստել Պրինցմետալի կրծքահեղձուկին:
- Թմրամիջոցների օգտագործում. կոկաինը և այլ խթանիչները կարող են առաջացնել արյունատար անոթների կծկանք (սպազմ) և նպաստել կրծքահեղձուկի զարգացմանը:
- Ցածր ջերմաստիճան (ցուրտ). ցածր ջերմաստիճանի ազդեցությունը կարող է նպաստել Պրինցմետալի կրծքահեղձուկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024