Կրծքահեղձուկը կամ ստենոկարդիան կրծքավանդակային ցավի տեսակ է, որի պատճառը սրտամկանի արյան հոսքի թուլացումն է` սրտամկանի անբավարար արյունամատակարարումը:
Կրծքահեղձուկը սրտի իշեմիկ կամ պսակային հիվանդության (ՍԻՀ) ախտանիշներից մեկն է: Լատիներեն կամ անգլերեն կրծքահեղձուկն անվանում են Angina կամ Angina pectoris:
Կրծքահեղձուկային ցավը հաճախ նկարագրվում է որպես կրծոսկրի կամ սրտի շրջանում սեղմող, ճնշող, լարվածության կամ ծանրության զգացողություն կամ ցավ: Այն կարող է զգացվել որպես կրծոսկրին դրված որևէ ծանր բան: Կրծքահեղձուկը կարող է ի հայտ գալ որպես նոր ցավ, որը պահանջում է բժշկական զննում կամ կրկնվող ցավեր, որոնք բուժման շնորհիվ անհետանում են:
Կրծքահեղձուկը հարաբերականորեն տարածված է, սակայն անհրաժեշտ է տարբերակել կրծքավանդակային ցավի այլ տեսակներից, օրինակ՝ մարսողական բնույթի ցավերից կամ անհարմարավետությունից: Բոլոր դեպքերում, եթե նշում եք անբացատրելի ետկրծոսկրային ցավեր, անհապաղ դիմեք բուժօգնության:
Տեսակները
Ըստ առաջացման պատճառի և հանգիստ վիճակում կամ դեղամիջոցներով գանգատների մեղմացման բժիշկները տարբերում են կրծքահեղձուկի տարբեր տեսակներ:
- Կայուն կրծքահեղձուկ (ստաբիլ ստենոկարդիա). սա կրծքահեղձուկի ամենատարածված տարբերակն է: Այն սովորաբար դրսևորվում է ֆիզիկական ակտիվության (լարվածության) ընթացքում և անհետանում հանգստանալիս կամ հակահեղձուկային դեղամիջոցներով (այստեղից էլ մյուս անվանումը՝ «լարվածության կրծքահեղձուկ»): Օրինակ, աստիճաններով բարձրանալիս կամ ցուրտ եղանակին առաջացող ցավերը կարող են լինել կրծքահեղձուկ: Կայուն կրծքահեղձուկը կանխատեսելի է և սովորաբար նման է ետկրծոսկրային ցավի նախորդ դրվագներին: Տիպիկ դեպքերում ցավը կարճատև է և շարունակվում է ոչ ավելի քան 5 րոպե:
- Անկայուն կրծքահեղձուկ (ոչ ստաբիլ ստենոկարդիա). սա անկանխատեսելի և հանգստի վիճակում ի հայտ եկող կրծքահեղձուկ է: Այլ դեպքերում ցավերը սաստկանում կամ ի հայտ են գալիս փոքր ֆիզիկական ակտիվության ընթացքում: Տիպիկ դեպքերում ցավը սուր է և տևում է ավելի երկար, քան կայուն կրծքահեղձուկի ժամանակ՝ հաճախ մինչև 20 րոպե կամ ավելի երկար: Հանգիստ վիճակում կամ սովորական հակահեղձուկային դեղամիջոցներով գանգատը չի վերանում: Եթե արյան հոսքը չի բարելավվում, սրտամկանի թթվածնաքաղցը (հիպօքսիա) կարող է հանգեցնել ինֆարկտի (սրտամկանի մեռուկացման): Անկայուն կրծքահեղձուկը վտանգավոր է և պահանջում է անհետաձգելի բուժում:
- Վարիանտային կրծքահեղձուկ (Պրինցմետալի ստենոկարդիա). կրծքահեղձուկի այս տարբերակի պատճառը պսակային անոթների հիվանդությունը՝ ՍԻՀ չէ: Այն պատճառվում է սրտի անոթների հանկարծակի կծկանքից (սպազմ), որի արդյունքում ժամանակավորապես թուլանում է արյան հոսքը: Վարիանտային կրծքահեղձուկի հիմնական ախտանիշը սուր ետկրծոսկրային ցավն է, որն առավել հաճախ ի հայտ է գալիս ցիկլերով, տիպիկ դեպքերում՝ հանգիստ վիճակում կամ գիշերները (այստեղից էլ ստացել է մեկ այլ՝ «հանգստի կրծքահեղձուկ» անվանումը): Գանգատները կարող են մեղմանալ հակահեղձուկային դեղամիջոցներով:
- Ռեֆրակտեր կրծքահեղձուկ. այս տարբերակն առանձնանում է կրծքահեղձուկի դրվագների հաճախակի դրսևորմամբ՝ անկախ դեղամիջոցների համակցման և ապրելակերպի փոփոխությունների:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024