Կան կրծքահեղձուկի կամ ստենոկարդիայի բուժման տարբեր հնարավորություններ, ներառյալ՝ կենսակերպի փոփոխություններ, դեղորայքային բուժում, անգիոպլաստիկա և ստենտավորում կամ աորտո-կորոնար շունտավորում:
Բուժման նպատակը գանգատների մեղմացումն է, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի ու մահվան ելքի ռիսկի կրճատումը:
Դեղորայքային բուժում
Եթե ապրելակերպի փոփոխությունները, օրինակ՝ առողջ սննդակարգը և վարժանքները չեն բարելավում սրտի առողջական վիճակը և չեն մեղմացնում կրծքահեղձուկի գանգատները, բժիշկը նշանակում է դեղորայքային բուժում:
- Նիտրատներ. անցյալում նիտրատները հաճախ օգտագործվում էին կրծքահեղձուկի բուժման մեջ: Դրանք թուլացնում և լայնացնում են արյունատար անոթները՝ թույլ տալով, որ ավելի շատ արյուն հոսի դեպի սրտամկան: Կրծքահեղձուկի բուժման մեջ առավել հաճախ նշանակվող նիտրատը Նիտրոգլիցերինն է: Նիտրոգլիցերինի հաբերը օգտագործվում լեզվի տակ դնելով: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ օգտագործեք որևէ նիտրատ սովորաբար կրծքահեղձուկ հարուցող գործերից (օրինակ՝ ֆիզիակական աշխատանք անելուց) առաջ կամ որպես կրծքահեղձուկի երկարատև կանխարգելիչ միջոց:
- Ասպիրին. Ասպիրինը կրճատում է արյան մակարդելիությունը՝ հեշտացնելով արյան հոսքը սրտի նեղացած զարկերակներով: Արյան մակարդուկների կանխարգելումը կարող է նվազեցնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը: Բոլոր դեպքերում, մի՛ սկսեք ընդունել ամենօրյա Ասպիրին, քանի դեռ այդ մասին չեք զրուցեք ձեր բժշկի հետ: Սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ կրծքահեղձուկի բուժման մեջ Ասպիրինը նշանակվում է ամենօրյա ցածր դեղաչափով:
- Մակարդուկը կանխարգելող դեղեր. որոշ դեղեր, օրինակ՝ Կլոպիդոգրելը (Պլավիքս), Պրասուգրելը (Էֆֆիենտ) և Տիկագրելորը (Բրիլինտա) օգնում են արյան մակարդուկների կանխարգելմանը՝ խոչընդոտելով արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ) միաձուլումը: Այս դեղերից մեկնումեկը կարող է նշանակվել, եթե Ասպիրինը հակացուցված է:
- Բետա պաշարիչներ (բլոկատորներ). բետա պաշարիչների ազդեցությամբ սիրտը կծկվում է ավելի թույլ և ավելի դանդաղ՝ նվազեցնելով արյան ճնշումը: Բետա պաշարիչները նաև թուլացնում են արյունատար անոթները՝ բարելավելով արյան հոսքը:
- Ստատիններ. ստատինները նշանակվում են արյան խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար: Բարձր խոլեստերինը հանդիսանում է ռիսկի գործոն սրտային հիվանդության և կրծքահեղձուկի համար: Ստատիններն արգելափակում են օրգանիզմում խոլեստերինի արտադրությանը մասնակցող նյութերից մեկը: Դրանք օգնում են արյունատար անոթների խցանման կանխարգելմանը:
- Կալցիումական անցուղիների պաշարիչներ (բլոկատորներ). կալցիումական անցուղիների պաշարիչները, որոնք նաև կոչվում են կալցիումի անտագոնիստներ, թուլացնում և լայնացնում են արյունատար անոթները, որի արդյունքում բարելավվում է սրտամկանի արյան հոսքը:
- Արյան ճնշման այլ դեղեր. արյան ճնշումը նվազեցնող այլ դեղերից են անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչները և անգիոտենզին II ընկալիչի պաշարիչները: Եթե ունեք բարձր արյան ճնշում, դիաբետ, սրտային անբավարարության կամ քրոնիկ երիկամային հիվանդության նշաններ, բժիշկը կարող է նշանակել այս խմբի դեղամիջոցներից մեկնումեկը:
- Ռանոլազին (Ռանեքսա). Ռանեքսան կարող է նշանակվել քրոնիկ կայուն կրծքահեղձուկի դեպքում, եթե այլ դեղերը բավարար արդյունք չեն ապահովում: Ռանեքսան կարող է նշանակվել առանձին կամ այլ հակահեղձուկային դեղամիջոցների հետ՝ կալցիումի անտագոնիստներ, բետա-բլոկատորներ կամ Նիտրոգլիցերին:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ)
Երբեմն կարող է խորհուրդ տրվել ոչ դեղորայքային բուժում, որը կոչվում է արտաքին կոնտրպուլսացիա (անգլերեն հապավումը՝ EECP) և բարձրացնում է դեպի սիրտ արյան հոսքը: Այս դեպքում սրունքների, ազդրերի և կոնքի շուրջը տեղադրվում են տոնոմետրի մանժետին նմանվող փչվող օդապարկեր: Բուժումը պահանջում է բազմակի բուժական սեսիաներ: EECP-ն կարող է օգնել հաճախակի, անվերահսկելի կրծքահեղձուկի ախտանիշների մեղմացմանը (ռեֆրակտեր կրծքահեղձուկ):
Բժշկական միջամտություններ և վիրահատություն
Եթե ապրելակերպի փոփոխությունները, դեղամիջոցները կամ այլ բուժումները չեն կրճատում կրծքահեղձուկային ցավը, բժիշկը կարող է խորհուրդ տալ կաթետերային միջամտություն կամ «բաց սրտի» վիրահատություն:
- Անգիոպլաստիկա` ստենտավորմամբ. անգիոպլաստիկայի ընթացքում (կոչվում է նաև միջմաշկային պսակային միջամտություն, անգլերեն հապավումը՝ PCI) նեղացած պսակային զարկերակի լուսանցք է ներմուծվում փոքր փուչիկ: Վերջինս փչելով լայնացվում է զարկերակը, որից հետո նույն անոթում տեղադրվում է փոքր ցանցային պարույր (ստենտ): Ստենտը զարկերակի նեղացած հատվածը պահում է մշտապես «բաց» վիճակում և չի թողնում, որ կրկին «փակվի»: Անգիոպլաստիան և ստենտավորումը բարելավում են սրտամկանի արյան հոսքը՝ այսպիսով մեղմացնելով կամ վերացնելով կրծքահեղձուկը: Այս միջամտությունն առաջարկվում է, եթե ունեք անկայուն կրծքահեղձուկ կամ եթե ապրելակերպի փոփոխությունները և դեղամիջոցները չեն կարողանում արդյունավետ կերպով բուժել քրոնիկ, կայուն կրծքահեղձուկը:
- «Բաց սրտի» վիրահատություն (պսակային անոթի շունտավորումՃ. սա նույն աորտո-կորոնար շունտավորումն է՝ մեծ վիրահատություն, որի ժամանակ սրտային վիրաբույժը վերցնում է ձեր առողջ երակի որևէ հատված (սովորաբար՝ ստորին վերջույթներից), որի մի ծայրը կարում աորտային, իսկ երկրորդ ծայրը՝ պսակային զարկերակի ճյուղին՝ նեղացումից ներքև: Արդյունքում, ստեղծվում է արյան լրացուցիչ հոսքագիծ՝ շրջանցելով պսակային զարկերակի խցանված հատվածը: Շունտավորումը բարելավում է սրտամկանի արյունահոսքը և մեղմացնում կամ վերացնում է կրծքահեղձուկը: Այս վիրահատությունը կարող է առաջարկվել ինչպես անկայուն, այնպես էլ այլ բուժումներին պատասխան չտվող կայուն կրծքահեղձուկի դեպքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024