Ծանր անկիլոզացնող սպոնդիլիտի դեպքում որպես օրգանիզմի ապաքինման փորձի մի մաս ձևավորվում է նոր ոսկոր:
Այս նոր ոսկորն աստիճանաբար կամրջում է ողների միջև եղած ճեղքը և ի վերջո միաձուլում հարևան ողները: Ողնաշարի այդ հատվածները դառնում են քիչ շարժուն և կորցնում նախկին ճկունությունը, իսկ ավելի ուշ զարգանում է լիարժեք անշարժություն։ Նման ախտաբանական փոփոխությունները հանգեցնում են ողնաշարի տարբեր հատվածներում ցավերի, կեցվածքի խանգարման («տախտականման մեջք») կամ «մուրողի դիրքի», մեջքի երկայնաձիգ մկանների ետաճի (ատրոֆիա), ողնաշարի շարժումների կտրուկ սահմանափակման, իսկ ծանր դեպքերում՝ ողնաշարի վերածման մեկ ամբողջական «ոսկրային ձողի» («բամբուկե ողնաշար»):
Սերտաճումը նաև կարող է անշարժացնել կողոսկրը` կտրուկ սահմանափակելով կրծքավանդակի շնչառական շարժումները (շնչառությունը դառնում է գլխավորապես որովայնային՝ ստոծանիական):
Այլ բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Աչքի բորբոքում, որը կոչվում է ուվեիտ. անկիլոզացնող սպոնդիլիտի ամենատարածված բարդություններից մեկը՝ ուվեիտը, կարող է առաջացնել արագ առաջացող աչքի ցավ, լույսի նկատմամբ զգայունություն և մշուշոտ տեսողություն: Այս ախտանիշների դեպքում անմիջապես դիմեք ձեր բժշկին:
- Կոմպրեսիոն կոտրվածքներ. անկիլոզացնող սպոնդիլիտի վաղ փուլերում որոշ մարդկանց ոսկորները կարող են թուլանալ (փխրունանալ): Ողնաշարի կոտրվածքները կարող են ճնշել և, հնարավոր է՝ վնասել ողնուղեղը և ողնաշարի միջով անցնող նյարդերը:
- Սրտային խնդիրներ. անկիլոզացնող սպոնդիլիտը կարող է խնդիրներ առաջացնել աորտայի՝ օրգանիզմի ամենամեծ զարկերակի հետ: Բորբոքված աորտան կարող է այնքան հաստանալ, որ աղավաղի սրտի աորտայի փականի ձևը՝ խաթարելով վերջինիս գործառույթը։ Անկիլոզացնող սպոնդիլիտի հետ կապված բորբոքումը նաև ընդհանուր առմամբ մեծացնում է սրտային հիվանդության ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024