Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)
17-04-2020
3 րոպե
Անկիլացնող սպոնդիլոարթրիտը կամ Բեխտերևի հիվանդությունը հոդաբորբի մի տեսակ է, որն ախտահարում է ողնաշարի հոդերն ու կապանները:
Անկիլացնող սպոնդիլոարթրիտը հայտնի է նաև որպես «անկիլացնող սպոնդիլիտ», «Բեխտերևի հիվանդություն» կամ «Շտրումպել-Մարի-Բեխտերևի հիվանդություն»: Հուներենից թարգմանաբար «անկիլացնող» նշանակում է ոսկրացնող կամ քարացնոց, իսկ «սպոնդիլիտ»-ը՝ ողնաշար:
Անկիլացնող սպոնդիլոարթրիտը որևէ վերջնական բուժում չունի, սակայն բուժումը կարող է զգալիորեն մեղմացնել ցավը և մյուս գանգատները:
Ի՞նչ է անկիլացնող սպոնդիլոարթրիտը
Անկիլացնող սպոնդիլոարթրիտը գլխավորապես ողնաշարի միջողնային, կողա-ողնաշարային, սրբոսկրա-զստային հոդերի ախտահարմամբ ընթացող քրոնիկական բորբոքային անկիլոզացնող (անշարժացնող) հիվանդություն է: Այս հիվանդությունը հաճախ զուգակցվում է նաև ծայրամասային հոդերի և օրգանիզմի ոչ հոդային բաղադրիչների ախտահարմամբ՝ աչքեր, մաշկ, հաստ աղիներ կամ սիրտ:
Անկիլացնող սպոնդիլոարթրիտի ժամանակ հոդերի բորբոքման հիմնական առանձնահատկությունն այն է, որ ժամանակի ընթացքում, աստիճանաբար առաջանում է ողների ոսկրային հյուսվածքների սերտաճում մեկը մյուսի հետ և ողնային հոդերի շարժունության սահմանափակում (անկիլոզացում), ինչն ուղեկցվում է նաև հարհոդային (հարողնաշարային) կապանների «ոսկրացումով», և ի վերջո, ողնաշարը կորցնում է իրեն բնորոշ ճկունությունը և վերածվում մեկ ամբողջական «ոսկրային ձողի» («բամբուկե ողնաշար»)։
Անկիլացնող սպոնդիլոարթրիտի պատճառները
Անկիլացնող սպոնդիլոարթրիտի պատճառները դեռևս մնում են անհայտ: Սակայն բժիշկները կարծում են, որ ժառանգականությունը ունի որոշակի դեր, քանի որ հիվանդությունը կարող է ունենալ ընտանեկան բնույթ: Անկիլացնող սպոնդիլոարթրիտով մարդկանց մեծ մասի մոտ (90-95%) առկա է նույն «ախտածին» գենը (կոչվում է HLA-B27):
Հիվանդությունը զարգանում է որպես հոդերի իմունային բորբոքում, որը բերում է ֆիբրոզ սպիական հյուսվածքի ձևավորման, որն էլ հետագայում ենթարկվում է կալցիֆիկացիայի (կրակալում) և ոսկրացման (օսիֆիկացիա):
Անկիլացնող սպոնդիլոարթրիտի ախտանիշները
Անկիլացնող սպոնդիլոարթրիտը սկսվում է սովորաբար մինչև 40 տարեկան հասակում և հիմնականում տղամարդկանց մոտ (տղամարդիկ 3-4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք)։
Հիվանդությունը բնորոշվում է գանգատների սրացման և մեղմացման շրջափուլերով: Հիմնական ախտանիշներն են՝
- մեջքի (գոտկային և սրբոսկրա-զստային հատվածներ) կամ հետույքի շրջանի ցավեր, որոնք սաստկանում են գիշերը պառկելիս և առավոտյան ժամերին ու մեղմանում շարժումների ժամանակ կամ օրվա երկրորդ կեսին
- առավոտյան կամ երկար ժամանակ հանգիստ մնալուց հետո ողնաշարի գոտկային հատվածում կարկամվածություն և լարվածություն (կաշկանդվածության և դժվարաշարժության զգացում), որը նվազում է ֆիզիկական վարժություններից, տաք ցնցուղից հետո
- գոտկային լորդոզի հարթացում, որը նկատելի է հատկապես կռանալու ժամանակ
- այլ հոդացավեր
- ջլերի և կապանների ցավեր, օրինակ՝ կրծքավանդակում, ոտքերի ներբաններում կամ կրունկներում
- աչքերի ախտահարում (25-35% հիվանդների մոտ), մասնավորապես, առաջնային երկկողմանի ուվեիտ:
Այս ախտանիշների մեծ մասը կարող է առաջանալ նաև այլ հիվանդությունների ժամանակ, ուստի հիվանդությունն ախտորոշվում է միայն բժշկի կողմից:
Հիվանդության ուշ շրջաններում ի հայտ են գալիս՝
- ցավեր ողնաշարի տարբեր հատվածներում։
- կեցվածքի խանգարում («տախտականման մեջք») կամ «մուրողի դիրք», ողնաշարի կրծքային հատվածի արտահայտված կիֆոզ, իրանի թեքում դեպի առաջ, ծնկան հոդերի ծալում, ինչը կոմպենսացնում է ծանրության կենտրոնի տեղափոխությունը դեպի առաջ։
- մեջքի ուղիղ մկանների հետաճ (ատրոֆիա)
- կրծքավանդակի շնչական շարժումների կտրուկ սահմանափակում (շնչառությունը գլխավորապես որովայնային՝ ստոծանիական է)
- ողնաշարի շարժումների սահմանափակում 3-4 հարթություններում՝ սագիտալ (ծալում, տարածում), ֆրոնտալ (դեպի կողք թեքում) և վերտիկալ (պտտում)։
- սրբոսկրա-զստային և միջողնային հոդերի անշարժացում
- ուսային, կոնքազդրային, ինչպես նաև ծայրամասային հոդերի ախտահարում
- սիրտ-անոթային համակարգի ախտահարում՝ աորտայի բորբոքում, պերիկարդիտ, միոկարդիտ, աորտայի փականի անբավարարություն, սրտի ռիթմի խանգարումներ և այլն
- թոքերի ախտահարում
- հազվադեպ՝ երիկամների ախտահարում:
Անկիլացնող սպոնդիլոարթրիտի ախտորոշումը
Բժիշկը ձեզ հետ զրուցելուց և ձեզ զննելուց հետո կարող է նշանակել ռենտգեն և արյան հետազոտություններ (HLA-B27 հակածինի հայտնաբերում): Անկիլացնող սպոնդիլոարթրիտ կասկածելիս նա կարող է նաև ձեզ ուղեգրել հոդաբանի (ռևմատոլոգի) խորհրդատվության:
Անկիլացնող սպոնդիլոարթրիտի բուժումը
Բուժման նպատակը ցավերը և կարկամվածությունը մեղմացնելն է, ինչպես նաև ողնաշարի ձևափոխման և այլ բարդությունների կանխարգելումը: Բժիշկը կարող է ձեզ նշանակել նաև ֆիզիոթերապիա, օրինակ՝ ձեր ողնաշարը և մեջքի մկաններն ամրապնդող բուժական վարժություններ:
Ձեզ կարող են նշանակել նաև հակաբորբոքային (ՈՍՀԲԴ կամ գլյուկոկորտիկոիդներ) և այլ խմբի դեղեր (օրինակ՝ ոչ հորմոնային իմունոճնշիչներ կամ հակակծկումային միոռելաքսանտներ)՝ ուղղված բորբոքման, ցավի և կարկամվածության մեղմացմանը: Հազվադեպ, հոդերի ծանր անշարժացման ժամանակ կարող է առաջարկվել արհեստական հոդի տեղադրման վիրահատություններ:
Հոդվածը վերանայվել է՝ 21-03-2021