Եթե ձեր տագնապի զգացումը չափավոր կամ ծանր է, ի լրումն հոգեբանական թերապիայի, ձեր բժիշկը նաև կարող է նշանակել որոշ դեղեր:
Տագնապի դեմ դեղեր (տագնապամարիչներ)
Տագնապի դեմ դեղերը ներառում են հակադեպրեսանտները և բենզոդիազեպինները:
- Հակադեպրեսանտներ. կան հակադեպրեսանտների տարբեր տեսակներ, սակայն տագնապի բուժման մեջ ավելի հաճախ նշանակվում են սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչերը (ՍՀԸԱ) և սերոտոնինի և նորադրենալինի հետզավթման արգելակիչերը (ՍԱՀԱ) : Այս դեղերը բարձրացնում են գլխուղեղում սերոտոնինի քանակը, որն էլ ազդում է ձեր տրամադրության վրա: Հակադեպրեսանտներով բուժումը սովորաբար շարունակվում է առնվազն 12 ամիս: Խստորեն հետևեք ձեր բժշկի նշանակումներին և սեփական նախաձեռնությամբ մի ընդհատեք ձեր բուժումը:
- Բենզոդիազեպիններ. բեզնոդիազեպինները, որոնք հայտնի են նաև որպես սեդատիվներ կամ տագնապամարիչ դեղեր (անքսիոլիտիկներ), սովորաբար նշանակվում են կարճ ժամանակի ընթացքում տագնապի զգացումները մեղմացնելու համար: Բենզոդիազեպինների նշանակման կարճատևությունը (պակաս քան 1 ամիս և որքան կարճ, այդքան ավելի լավ) կարևոր է, քանի որ դրանք կարող են առաջացնել կախվածություն: Երբեմն բենզոդիազեպինները նշանակվում են նաև որպես քնին օժանդակող միջոցներ
Տագնապի դեղերի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն
Խմեք տագնապի դեղերն այնպես, ինչպես նշանակված է: Մի փորձեք փոփոխել դեղաչափն առանց նախապես ձեր բժշկի հետ խորհրդակցելու: Խուսափեք նաև ալկոհոլի օգտագործումից, քանի դեռ ստանում եք այս դեղերը (և ընդհանրապես):
Որոշ հակադեպրեսանտներ կարող են այլ դեղերի հետ միաժամանակ խմելիս առաջացնել վնասակար փոխազդեցություններ, ուստի, եթե մինչև հոգեկան առողջության մասնագետին դիմելը դուք ընդունում էիք որոշ դեղամիջոցներ կամ հավելումներ, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:
Եթե տագնապի դեղերի հետ կապված ունեք որոշակի անհանգստություն, հարցերք ձեր բժշկին հետևյալի մասին՝
- որո՞նք են ձեզ նշանակված դեղերի օգուտները
- որո՞նք են ձեզ նշանակված դեղերի առավելությունները՝ համեմատած նույն ազդեցությամբ կամ նույն խմբի այլ դեղերի հետ
- ինչպիսի՞ ռիսկերի հետ են կապված ձեր դեղերը
- որո՞նք են հնարավոր կողմնակի ազդեցությունները:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024