Եթե ունեք աորտայի փականի նեղացում կամ ստենոզ, դուք, ամենայն հավանականությամբ, կարիք կունենաք անցնելու կանոնավոր ստուգումներ:
Շարունակեք օգտագործել ձեր բոլոր դեղերն այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը:
Ապրելակերպի որոշակի փոփոխություններ կատարելը կարող է օգնել, որ պահեք ձեր սիրտն առողջ և կանխեք կամ դանդաղեցնեք սրտային հիվանդության վատթարացումը: Փորձեք սրտի համար առողջարար այս խորհուրդները:
- Մի՛ ծխեք․ եթե ծխում եք, հրաժարվեք այս վնասակար սովորույթից։ Հարցրեք ձեր բժշկին այն տարբերակների մասին, որոնք կօգնեն ձեզ թողնել ծխելը: Փոխօգնության խմբին միանալը կարող է օգտակար լինել:
- Անցեք սրտի համար առողջարար սննդակարգի․ կերեք տարբեր մրգեր և բանջարեղեն, ցածր յուղայնության կամ անյուղ կաթնամթերք, թռչնամիս, ձուկ և ամբողջահատիկ ձավարեղեն: Խուսափեք հագեցած և տրանս-ճարպերից, հավելյալ աղից և շաքարից:
- Պահպանեք առողջ քաշը․ նպատակ դրեք պահպանել ձեր առողջ քաշը: Նիհարեք, եթե ավելորդ քաշ կամ գիրություն ունեք: Նույնիսկ մի քանի ավելորդ կիլոգրամ կորցնելը կարող է օգնել սրտային հիվանդության ռիսկի գործոնների կրճատմանը: Խոսեք բժշկի հետ ձեզ համար լավագույն մարմնի քաշի և դրան հասնելու ուղիների մասին:
- Մնացեք ֆիզիկապես ակտիվ․ վարժանքներն օգնում են քաշի կառավարմանը և սրտային հիվանդության ռիսկի գործոնների վերահսկմանը: Նպատակ դրեք ամեն օր մոտ 30 րոպե լինել ֆիզիկապես ակտիվ, օրինակ՝ արագ քայլքի միջոցով:
- Կառավարեք սթրեսը. գտեք եղանակներ, որոնք կօգնեն նվազեցնելու ձեր հուզական սթրեսը: Ավելի շատ ֆիզիկական վարժանքներ անելը, գիտակցվածությամբ զբաղվելը, ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելը և փոխօգնության խմբերում այլ մարդկանց հետ կապ հաստատելը սթրեսի կրճատման որոշ արդյունավետ տարբերակներ են:
Հղիությունը և աորտալ փականի հիվանդությունը
Եթե ունեք աորտայի ստենոզ և մտածում եք հղիանալու մասին, կարևոր է խոսել բժշկի հետ ձեր ծրագրերի մասին: Միասին դուք և ձեր բժիշկը կարող եք քննարկել դեղամիջոցների անվտանգությունը և այն, թե արդյոք նախքան հղիանալը ձեզ անհրաժեշտ է աորտայի փականի ստենոզի բուժման որևէ վիրահատական կամ այլ միջամտություն:
Սրտի փականային հիվանդություն ունեցողներն ունեն հղիության ընթացքում բուժաշխատողների կողմից առավել ուշադիր վերահսկողության կարիք: Եթե ունեք աորտայի ծանր ստենոզ, բժիշկները կարող են խորհուրդ տալ, որ հրաժարվեք հղիանալու մտադրությունից:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 26-04-2024