Աորտայի փականի նեղացման կամ ստենոզի բուժումը կախված է ախտանիշներից և վիճակի ծանրության աստիճանից:
Եթե ունեք աորտայի նեղացած փականի թեթև ախտանշաններ կամ դրանք բացակայում են, ձեզ կարող է անհրաժեշտ լինել միայն կանոնավոր ստուգումներ: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ առողջ ապրելակերպի փոփոխություններ և դեղամիջոցներ՝ փականային հիվանդության ախտանիշները բուժելու կամ բարդությունների ռիսկը նվազեցնելու համար:
Վիրահատություն և այլ միջամտություններ
Դուք ի վերջո կարող եք վիրահատության կարիք ունենալ՝ վերականգնելու կամ փոխարինելու ախտահարված աորտայի փականը, նույնիսկ եթե ախտանիշներ չունեք: Աորտայի փականի վիրահատությունը կարող է կատարվել սրտի այլ վիրահատությունների հետ միաժամանակ:
Աորտայի փականի վերականգնման կամ փոխարինման վիրահատությունը սովորաբար կատարվում է կրծքավանդակի կտրվածքի միջոցով: Որոշ դեպքերում կարող են առաջարկվել պակաս ինվազիվ մոտեցումներ: Հարցրեք ձեր բժշկին, թե որ տեսակի միջամտությունն է ձեր դեպքում լավագույնը:
Աորտայի փականի ստենոզի վիրահատական բուժման տարբերակները ներառում են հետևյալը:
- Բալոնային վալվուլոպլաստիկա. այս միջամտությունը կարող է բուժել աորտայի փականի ստենոզը նորածինների և երեխաների մոտ: Չափահասների մոտ միջամտությունից հետո աորտայի փականը կրկին նեղանալու միտում ունի: Ուստի, բալոնային վալվուլոպլաստիկան սովորաբար չափահաս մարդկանց առաջարկվում է միայն այն դեպքում, եթե նրանք ունեն խիստ վատ ընդհանուր առոջաղական վիճակ կամ սպասում են փականի փոխարինման վիրահատությանը: Այս միջամտության ընթացքում ազատ ծայրին փուչիկ (բալոն) ունեցող բարակ խողովակը (կաթետեր) տեղադրվում է թևի կամ աճուկի զարկերակի մեջ և ուղղորդվում է դեպի աորտայի փական: Տեղադրվելուց հետո բալոնը փչվում է, որն էլ լայնացնում է փականի բացվածքը: Այնուհետև, բալոնի օդը դուրս է հանվում և կաթետերը բալոնի հետ միասին հեռացվում են:
- Աորտայի փականի փոխարինում. աորտայի փականի ստենոզը բուժելու համար հաճախ անհրաժեշտ է աորտայի փականի փոխարինում: Աորտայի փականի փոխարինման ժամանակ վիրաբույժը հեռացնում է վնասված փականը և այն փոխարինում է մեխանիկական փականով կամ կովի, խոզի կամ մարդու սրտի հյուսվածքից պատրաստված փականով (կենսաբանական հյուսվածքային փական): Երբեմն, աորտայի փականը փոխարինվում է տվյալ անձի թոքերի (թոքային) փականով, իսկ թոքային փականը փոխարինվում է մահացած դոնորի թոքային հյուսվածքային կենսաբանական փականով: Այս ավելի բարդ վիրահատությունը կոչվում է Ռոսի միջամտություն: Կենսաբանական հյուսվածքային փականները ժամանակի ընթացքում քայքայվում են և, ի վերջո, կարող է առաջ գալ դրանց փոխարինման անհրաժեշտություն: Մեխանիկական փականներ ունեցող մարդիկ պետք է ամբողջ կյանքի ընթացքում օգտագործեն արյունը ջրիկացնող դեղամիջոցներ (անտիկոագուլյանտներ)՝ արյան մակարդուկները (թրոմբ) կանխելու համար: Ձեր բժիշկը ձեզ հետ կքննարկի արհեստական փականի յուրաքանչյուր տեսակի առավելություններն ու ռիսկերը:
- Տրանսկաթետերային աորտայի փականի փոխարինում (ՏԱՓՓ, անգլերեն՝ TAVR). ՏԱՓՓ-ն այլընտրանք է աորտայի փականի փոխարինման բաց սրտի վիրահատությանը: Այս նվազագույն ինվազիվ միջամտությամբ նեղացած աորտայի փականը փոխարինում է կովի կամ խոզի հյուսվածքից պատրաստված փականով: Դա կարող է լինել տարբերակ, եթե գտնվում եք աորտայի փականի վիրաբուժական փոխարինման բարդությունների միջին կամ բարձր ռիսկի տակ: Հարցրեք ձեր բժշկին ձեզ առաջարկվող տարբերակների մասին:
- Աորտայի փականի վերականգնում. այս վիրահատական միջամտության ընթացքում աորտայի փականը վերականգնելու համար վիրաբույժներն առանձնացնում են փականի միաձուլված կափույրները (փեղկերը): Այնուամենայնիվ, փականի վերականգնումը հազվադեպ է օգտագործվում աորտայի փականի ստենոզի բուժման համար: Ավելի հաճախ, աորտայի փականի ստենոզը պահանջում է աորտայի փականի փոխարինում:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 26-04-2024