Կույր աղիքի որդանման ելունի բորբոքումն ախտորոշելու համար ձեր բժիշկը, հավանաբար, կուսումնասիրի ձեր գանգատների և ախտանիշների պատմությունը և կզննի ձեր որովայնը:
Ապենդիցիտի ախտորոշման համար օգտագործվող հետազոտություններն ու միջոցառումները ներառում են հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում)՝ ձեր ցավը գնահատելու համար. ձեր բժիշկը կարող է մեղմ ճնշում գործադրել ցավոտ հատվածի վրա: Երբ սեղմումը հանկարծակի վերացնում է, ապենդիցիտի ցավը հաճախ ավելի է սաստկանում, ինչը ցույց է տալիս, որ հարակից որովայնամիզը բորբոքված է: Ձեր բժիշկը նաև կարող է փնտրել որովայնի պատի լարվածություն և ձեր որովայնի մկանների պնդացման միտում (ռիգիտություն)՝ ի պատասխան ցավոտ շրջանի վրա ճնշում գործադրելուն: Ձեր բժիշկը կարող է նաև անցկացնել ուղիղաղիքային մատնային զննում: Վերարտադրողական տարիքի կանանց կարող է անցկացվել գինեկոլոգիական ներզզնում՝ ստուգելու հնարավոր գինեկոլոգիական խնդիրները, որոնք կարող են ցավ պատճառել:
- Արյան թեստ. սա թույլ է տալիս ձեր բժշկին ստուգել արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) բարձր քանակությունը, ինչը կարող է վկայել վարակի մասին:
- Մեզի թեստ. ձեր բժիշկը կարող է առաջարկել, որ դուք անցնեք մեզի անալիզ՝ համոզվելու, որ ձեր ցավի պատճառը միզուղիների վարակը կամ երիկամների քարը չեն:
- Պատկերային հետազոտություններ. շատ հազվադեպ, դժվար ախտորոշման դեպքում ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ որովայնի ռենտգեն, որովայնի գերաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), որոնք օգնում են ապենդիցիտի հաստատմանը կամ ձեր ցավի այլ պատճառների հայտնաբերմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024