Ապենդիցիտի բուժումը սովորաբար ներառում է կույր աղիքի բորբոքված որդանման ելունի հեռացման վիրահատություն, որը կոչվում է ապենդէկտոմիա:
Վիրահատությունից առաջ ձեզ կարող են տրվել հակաբիոտիկների մի դեղաչափ՝ վարակը բուժելու համար:
Ապենդէկտոմիա
Կույր աղիքի որդանման ելունի՝ ապենդիքսի հեռացումը կարող է իրականացվել որպես բաց վիրահատություն՝ օգտագործելով մոտ 5-10 սանտիմետր երկարությամբ որովայնի պատի մեկ կտրվածք (լապարոտոմիա): Այլ դեպքում վիրահատությունը կարող է կատարվել որովայնի մի քանի փոքր՝ մինչև 2 սանտիմետր կտրվածքների միջոցով (լապարոսկոպիկ վիրահատություն): Լապարոսկոպիկ ապենդէկտոմիայի ժամանակ վիրաբույժը ձեր որովայնի մեջ տեղադրում է հատուկ վիրաբուժական գործիքներ և տեսախցիկ, որոնց միջոցով էլ կատարում է որդանման ելունի հեռացումը:
Ընդհանուր առմամբ, լապարոսկոպիկ վիրաբուժությունը թույլ է տալիս ավելի արագ վերականգնվել և բուժվել ավելի քիչ ցավով և սպիներով: Դա կարող է ավելի լավ տարբերակ լինել տարեցների և գիրություն ունեցող մարդկանց համար:
Սակայն լապարոսկոպիկ վիրահատություն ցուցված է ոչ բոլորին: Եթե ձեր որդանման ելունը պատռվել է և վարակը տարածվել է ապենդիքսի շրջանից այն կողմ կամ դուք ունեք թարախակույտ (աբսցես), ձեզ կարող է անհրաժեշտ լինել կույր աղիքի բաց հեռացում, որը թույլ է տալիս ձեր վիրաբույժին մաքրել որովայնի խոռոչը (սանացիա):
Ակնկալեք, որ ձեր ապենդէկտոմիայից հետո մեկ կամ երկու օր կանցկացնեք հիվանդանոցում: Եթե հետվիրահատական ընթացքը հարթ է, ձեր վիրաբույժը խորհուրդ կտա վերադառնալ ակտիվ ֆիզիկական ապրելակերպի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մի քանի շաբաթ անց։ Երբեմն վերքը կարող է վարակվել և զարգանալ թարախային բորբոքումներ։
Իմացե՛ք ավելին ապենդէկտոմիայի մասին:
Ապենդէկտոմիայից առաջ թարախակույտի դատարկում (դրենավորում)
Եթե ձեր կույր աղիքը պատռվել է, և դրա շուրջ առաջացել էթարախակույտ, վերջինս կարող է դատարկվել՝ մաշկի միջով խողովակ՝ դրենաժ դնելով թարախակույտի մեջ: Ապենդէկտոմիան կարող է իրականացվել վարակը վերահսկելուց մի քանի շաբաթ անց:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024