Սուր շնչառական դիսթրես համախտանիշ. ախտորոշում
18-04-2020
2 րոպե

Սուր շնչառական դիսթրես համախտանիշը (ՍՇԴՀ) ախտորոշելու որևէ հատուկ հետազոտություն գոյություն չունի: Բժիշկներն այս վիճակն ախտորոշում են՝ հիմնվելով հիվանդության պատմության, բժշկական զննման, կրծքավանդակի ռենտգեն պատկերման և արյան մեջ թթվածնի մակարդակի վրա:
ՍՇԴՀ ախտորոշելիս կարևոր է նաև այլ հիվանդությունների և առողջական խնդիրների բացառումը: Օրինակ, թոքերի սրտածին (կարդիոգեն) այտուց առաջացնող և սրտային անբավարարությամբ ուղեկցվող սրտային որոշ հիվանդություններ կարող են ընթանալ ՍՇԴՀ-ին նմանվող ախտանիշներով:
ՍՇԴՀ-ի ախտորոշիչ հետազոտություններ
Պատկերման հետազոտություններ
- Կրծքավանդակի ռենտգեն պատկերում. կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը կարող է հայտնաբերել, թե թոքերի որ շրջաններում է առկա դիֆուզ ինֆիլտրացիա և այտուց, և արդյոք սիրտը մեծացած է:
- Համակարգչային շերտագիր կամ տոմոգրաֆիա (ԿՏ). ԿՏ հետազոտությունը թույլ է տալիս ստանալ ներքին օրգանների, այդ թվում՝ թոքերի տարբեր ուղղություններով և խորություններով ռենտգեն պատկերներ, որի շնորհիվ բժիշկները թոքերի և սրտի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ստանում են ավելի մանրակրկիտ տեղեկատվություն:
Լաբորատոր հետազոտություններ
ՍՇԴՀ ախտորոշելիս և ծանրության վիճակը գնահատելիս մեծ նշանակություն ունի զարկերակային արյան մեջ թթվածնի մակարդակի չափումը: Արյան այլ հետազոտություններն օգնում են, որպեսզի որոշվի վարակի առկայությունը և տեսակը, գնահատվի անեմիան, ինչպես նաև ստուգվի կենսականորեն կարևոր օրգանների (օրինակ՝ լյարդ և երիկամներ) գործունեությունը:
Սրտի գործունեության հետազոտություններ
ՍՇԴՀ՝ որպես թոքերի ոչ կարդիոգեն այտուցի և սրտային անբավարարության ժամանակ զարգացող կարդիոգեն այտուցի միջև տարբերակիչ ախտորոշում անցկացնելու համար բժիշկները կարող են նշանակել սրտի գործունեությունը գնահատող որոշ հետազոտություններ, օրինակ՝ էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) և էխոսրտագրություն («սրտի էխո»):
ՍՇԴՀ ախտորոշման «բեռլինյան չափորոշիչներ»
ՍՇԴՀ ախտորոշիչ չափանիշները ժամանակի ընթացքում ենթարկվել են մի շարք փոփոխությունների։ Ներկայումս ընդունված է 2012 թվականին սահմանված «Բեռլինյան չափորոշիչները», որոնք ներառում են հետևյալ 4 դրույթները:
- Սուր սկիզբ (շնչառական անբավարարության նշանները պետք է սկսվեն մեկ շաբաթվա ընթացքում նախկինում հայտնի ախտաբանության դեպքում կամ հիվանդը պետք է ունենա նոր կլինիկական նշաններ կամ վերջին շաբաթվա ընթացքում եղած նշանների վատթարացում):
- Կրծքավանդակի ռենտգենոգրամում կամ ԿՏ նկարի վրա թոքերի երկկողմանի ինֆիլտրատներ, որոնք լիովին չեն բացատրվում թոքային այլ ախտաբանության առկայությամբ:
- Հիվանդի մոտ շնչական անբավարարությունը չպետք է լիովին բացատրվի սրտային անբավարարության առկայությամբ կամ հեղուկով բեռնվածությամբ: Օբյեկտիվ հետազոտությունները (օր.՝ էխոսրտագրություն) անհրաժեշտ են թոքային հիպերտենզիան բացառելու համար:
- Նվազած շնչառական ինդեքս PaO2/FiO2 (որտեղ PaO2-ը թթվածնի պարցիալ ճնշումն է զարկերակային արյան մեջ, իսկ FiO2-ը՝ թթվածնի կոնցենտրացիան ներշնչվող գազում, արտահայտված տասնորդականներով:
«Բեռլինյան չափորոշիչներով» ՍՇԴՀ ծանրության աստիճանը դասակարգվում է ըստ արյան մեջ թթվածնի պարունակության նվազման մակարդակի:
Հոդվածը վերանայվել է՝ 23-04-2021