Սուր շնչառական դիսթրես համախտանիշ. բուժում
18-04-2020
2 րոպե

ՍՇԴՀ բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում, անհետաձգելի բուժօգնության կամ վերակենդանացման բաժանմունքներում:
ՍՇԴՀ բուժման ժամանակակից մոտեցումներում առաջնային տեղ է տրվում արյան թթվածնի մակարդակի բարելավմանը և կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի օժանդակող բուժմանը: Բժիշկները նաև փորձում են գտնել և բուժել ՍՇԴՀ առաջացնող պատճառը:
Թթվածին
Որպեսզի ձեր արյան հուն ավելի շատ թթվածին մուտք գործի, բժիշկները օգտագործում են այս երկու մեթոդներից մեկնումեկը:
- Լրացուցիչ թթվածին կամ օժանդակող թթվածնաբուժում. թեթև ախտանիշների դեպքում կամ որպես միջանկյալ միջոց թթվածինը տրվում է ձեր քթին և բերանին կիպ հարմարեցված դիմակի միջոցով:
- Մեխանիկական օդափոխություն. ՍՇԴՀ-ով մարդկանց մեծ մասն ունի թոքերի արհեստական օդափոխության կարիք (ԹԱՕ, ռուսերեն՝ ИВЛ): «Արհեստական շնչառության» դիմելիս բժիշկներն ուշադրություն են դարձնում արտաշնչման վերջում դրական ճնշմանը (PEEP), ինչը ալվեոլները պահում է բաց վիճակում և կանխում դրանց կոլապսի ենթարկվելը, շնչուղիների միջին ճնշմանը, որը նպաստում է հեշտ կոլապսվող ալվեոլների բացվելուն և արձանագրում է հեմոդինամիկ վիճակը և պլատոյի ճնշմանը, որը համարվում է ալվեոլների գերծանրաբեռնման հսկման ցուցիչ: Հետազոտությունները վկայում են, որ ցածր շնչառական ծավալով օդահարումն այն հիմնական ցուցանիշն է, որը զգալիորեն նվազեցնում է ՍՇԴՀ-ով մարդու մահվան ռիսկը։
Հեղուկներ
Ներերակային հեղուկների քանակների աչալուրջ կառավարումը խիստ կարևոր է, քանի որ չափից դուրս շատ հեղուկներ ներմուծելը կարող է խորացնել թոքերի այտուցը, իսկ անբավարար ծավալների պատճառով կարող են խորանալ շոկը և բազմաօրգանային անբավարարությունը:
Դեղեր
ՍՇԴՀ-ով մարդկանց սովորաբար նշանակվում են որոշ դեղեր, որպեսզի՝
- կանխարգելվեն կամ բուժվեն վարակները
- մեղմացվեն ցավը, անհարմարավետության զգացումն ու անհանգստությունը
- կանխարգելվի ստորին վերջույթներում և թոքերում արյան մակարդուկների առաջացումը
- նվազեցվի ստամոքսի ռեֆլյուքսը
- մեղմացվի շնչառական սարքին հիվանդի ռեֆլեկտոր դիմադրությունը (հանգստացնող կամ քնաբեր միջոցներ)
- կանխարգելվեն ՍՇԴՀ այլ բարդությունները
- կանխարգելվի թերսնուցումը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022