Բազմաթիվ դեպքերում արթրիտի ախտանիշները կարող են մեղմանալ հետևյալ միջոցներով:
- Քաշի կորուստ. ավելորդ քաշը լրացուցիչ ճնշում է գործադրում ծանրաբեռնված հոդերի վրա: Քաշը կորցնելը կարող է մեծացնել ձեր շարժունակությունը և սահմանափակել հոդերի ապագա վնասվածքը:
- Վարժանքներ. կանոնավոր վարժությունները կարող են օգնել հոդերի ճկունությանը: Լողը և ջրային աերոբիկան կարող են լավ ընտրություն լինել, քանի որ ջրում լողալը նվազեցնում է ծանրաբեռնվածություն կրող հոդերի վրա ճնշումը:
- Տաք և սառը միջոցներ. ջեռակները և տաքացնող բարձիկները կամ սառցե տոպրակները կարող են օգնել արթրիտի ցավի մեղմացմանը:
- Օժանդակող հարմարանքներ. ձեռնափայտեր, կոշիկի ներդիրներ, քայլակներ, զուգարանի բարձրացված նստատեղեր և այլ օժանդակ հարմարանքների օգտագործումը կարող են օգնել հոդերի պաշտպանությանը և բարելավել ձեր ամենօրյա առաջադրանքները կատարելու ունակությունը:
Արթրիտը և սննդակարգը
Արթրիտ ունենալիս որոշ սննդամթերքներ կարող են օգնել հոդացավերի մեղմացմանը և դանդաղեցնել հոդերի հարաճուն ախտահարումը։ Սա ապացուցվել է որոշ հետազոտություններով։ Սակայն, այլ էջերում դուք կարող եք հանդիպել նաև հոդաբորբերի ժամանակ «բուժող» ու «վնասող» մթերքների վերաբերյալ տարբեր պնդումներ։
Հոդաբորբով, հատկապես ռևմատոիդ արթրիտով բազմաթիվ մարդիկ կարող են նշել, որ սննդամթերքի որոշ տեսակների և հիվանդության սրացման միջև գտել են որոշակի կապ։ Մյուսները հավատում են, որ թթվաշ մրգերը՝ կիտրոնը, նարինջը և թուրինջը (գրեյպֆրուտ), ինչպես նաև կարտոֆիլը, սմբուկը (բադրիջան) և սխտորը կարող են ուժեղացնել հոդացավերը և մյուս գանգատները։
Բոլոր դեպքերում, ինչ բնույթի հոդվածներ էլ ընթերցեք, հիշեք, որ, եթե ունեք արթրիտ, ապացուցված տվյալները կարող են տարբերվել տարբեր, երբեմն՝ մտածացին պնդումներից։
Ելնելով ապացուցված տվյալներից, հոդաբորբերի վերաբերյալ սննդամթերքները կարելի է բաժանել 3 խմբի՝ բարվոք, վնասաբեր և դեռևս չապացուցված ազդեցության։
«Լավ» սննդամթերքներից են՝
- կալցիումով հարուստ մթերքներ
- «լավ» ճարպեր՝ չհագեցած, օմեգա-3 և այլն։
«Վնասաբեր» սննդամթերքներից են՝
- հագեցած ճարպեր
- քաշի ավելացմանը նպաստող սննդամթերքներ
- եթե ունեք պոդագրա, պուրիններով հարուստ մթերքներ (միս, ծովամթերք, խմորասնկեր պարունակող մթերքներ)։
Չապացուցված տվյալներով սննդամթերքներ
Սրանք մթերքներ են, որոնք, ըստ համընդհանուր կարծիքի կարող են հոդաբորբը սրացնել, սակայն նման ազդեցությունն ապացուցող որևէ տվյալ չկա։ Նման մթերքներից են՝
- թթվաշ մթերքներ
- կաթնամթերք
- միս։
Հավասարակշռված սննդակարգ
Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ որոշ մթերքներ կարող են մեղմացնել հոդացավերը և հոդերի բորբոքային փոփոխությունները։
«Բարերար» ազդեցությամբ մթերքները կազմում են առողջ սննդակարգի բաղադրիչները, որոնք կարող են զսպել հոդաբորբերի հարաճուն զարգացումը, ինչպես նաև նվազեցնել առողջական մի շարք բարդությունների ռիսկը, այդ թվում՝ սրտանոթային, օստեոպորոզի (թույլ և փխրուն ոսկերեր) և գիրության։
Եթե տևական ժամանակ ընդունում եք ստերոիդ հակաբորբոքային դեղեր (կորտիկոստերոիդներ), բարձրանում է օստեոպորոզի զարգացման ռիսկը։ Նման դեպքերում կարող եք ոսկրերի թուլացման վտանգը նվազեցնել սննդակարգում ավելացնելով կալցիումով և վիտամին D-ով հարուստ սննդամթերքներ։
- Կալցիումով հարուստ սննդամթերքներից են կաթնամթերքի տարբեր տեսակները՝ կաթ, պանիր և յոգուրտ, ընկույզներ և սերմեր, ձկնամթերքներ՝ սարդինաձուկ (сардина) և ծովային մանրաձկներ (снеток), հատկապես եթե վերջինս ուտում եք ոսկրերով։ Որևէ ապացույց չկա այն մասին, որ կաթնամթերքը կարող է առաջացնել հոդաբորբ։ Հակառակը, դրանք պարունակում են կալցիում, որն անհրաժեշտ է ամուր ոսկրերի համար և կարող է օգտակար լինել օստեոպորոզի բարձրացած ռիսկով անձանց համար։
- Արևի ճառագայթների ազդեցությամբ մաշկում արտադրվող բնական վիտամին D-ն այս նյութի լավագույն աղբյուրն է, սակայն վիտամինն առկա է նաև յուղոտ ձկնատեսակներում և հարստացված մթերքներում՝ հատիկավորների փաթիլներ (хлопья) և մարգարիններ։
- Գնալով շատանում են տվյաներն այն մասին, որ միջերկրածովյան սննդակարգը հոդաբորբերի (և մի շարք այլ հիվանդությունների) դեպքում թողնում է բարվոք ազդեցություն։ Իսկ սա այն սննդակարգն է, որը կազմված է մեծ քանակի մրգերից և բանջարեղեններից, ձկնեղենից, հացահատիկային սննդամթերքներից, լոբազգիներից, նաև՝ չափավոր քանակի մսից։
- Կարծիք կա, որ Օմեգա-3-ով հարուստ սննդամթերքներն ունեն հակաբորբոքային ազդեցություն և կարող են մեղմացնել հոդաբորբը։ Օմեգա-3-ով հարուստ սննդամթերքներից են յուղոտ ձկները, օրինակ՝ սարդինաձուկ (сардина), թյունիկ (скумбрия) և սաղմոն (лосось)։ Յուղոտ ձկնատեսակների առնվազն երկու չափաբաժին պետք է ընդգրկված լինի ձեր շաբաթական սննդակարգում։ Օմեգա-3-ով հարուստ են նաև ընկույզները և սերմերը (հատկապես կտավատը), հարստացված մարգարինները, հացահատիկները և բիո-ակտիվ յոգուրտային ըմպեիքները։
Պետք է հաշվի առնել, որ որոշ սննդատեսակներ, օրինակ՝ ձկնային պաշտետները, չմշակված միսը և չպաստերիզացված կաթնամթերքները կարող են մեծացնել սննդային թունավորման ռիսկը։ Եթե դուք ընդունում եք ձեր իմունիտիեն ընկճող դեղեր, այս տեսակ սննդից պետք է հրաժարվեք։
Այլընտրանքային բժշկություն
Բազմաթիվ մարդիկ օգտագործում են արթրիտի դեմ այլընտրանքային միջոցներ, սակայն քիչ վստահելի ապացույցներ կան, որոնք ապացուցում են այս միջոցներից շատերի արդյունավետությունը: Արթրիտի առավել խոստումնալից այլընտրանքային միջոցները ներառում են հետևյալը:
- Ասեղնաբուժություն. այս թերապիան օգտագործում է բարակ ասեղներ, որոնք տեղադրվում են մաշկի հատուկ կետերում՝ նվազեցնելու բազմաթիվ տեսակի ցավերը, այդ թվում՝ արթրիտի որոշ տեսակների պատճառով առաջացած ցավը:
- Գլյուկոզամին. թեև հետազոտությունների արդյունքները հակասական են, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ գլյուկոզամինը ոչ ավելի լավ է աշխատում, քան պլացեբոն: Այնուամենայնիվ, գլյուկոզամինը և պլացեբոն երկուսն էլ ավելի լավ են թեթևացնում օստեոարթրիտի ցավը, քան ոչինչ չընդունելը, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ծնկի օստեոարթրիտի պատճառով ունեն չափավորից մինչև ուժեղ ցավ:
- Խոնդրոիտին. սա կարող է թուլացնել օստեոարթրիտի թեթև ցավերը, թեև հետազոտությունների արդյունքները տարբեր են:
- Ձկան յուղ. որոշ նախնական հետազոտություններ ցույց են տվել, որ ձկան յուղի հավելումները կարող են նվազեցնել արթրիտի որոշ տեսակների ախտանիշները: Ձկան յուղը կարող է խանգարել դեղամիջոցներին, այնպես որ նախ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Յոգա և տայ չի. յոգայի և տայ չիի հետ կապված դանդաղ, ձգող շարժումները կարող են օգնել բարելավելու հոդերի ճկունությունը և շարժման ծավալը:
- Մերսում. թեթև շոյելը և մկանների շփումը կարող են մեծացնել արյան հոսքը և տաքացնել ախտահարված հոդերը՝ ժամանակավորապես թեթևացնելով ցավը: Համոզվեք, որ ձեր մերսող թերապևտը գիտի, թե որ հոդերն են ախտահարվում արթրիտից:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024