Այս խորհուրդները կարող են օգնել ձեզ՝ թեթևացնելու ոտնաթաթի էպիդերմոֆիտիայի կամ մարզիկի ոտնաթաթի ախտանիշները կամ խուսափելու սնկիկային վարակի կրկնությունից:
- Պահեք ձեր ոտնաթաթերը մաքուր և չոր. լվացեք ձեր ոտնաթաթերն օրական երկու անգամ և զգուշությամբ սրբիչով չորացրեք մատների միջև ընկած ծալքերը:
- Օգտագործեք որևէ հակասնկիկային միջոց. ոտքերը լվանալուց և չորացնելուց հետո օգտագործեք տեղային ազդեցության սովորական հակասնկիկային միջոց։ Ապացուցվել է, որ հակասնկիկային Տերբինաֆինը (Լամիսիլ AT) շատ արդյունավետ է: Մեկ այլ տարբերակ է Կլոտրիմազոլը (Լոտրիմին AF): Ձեզ կարող է անհրաժեշտ լինել մի քանի փորձ՝ գտնելու այն արտադրանքը և դեղաձևը՝ քսուք, գել, նրբաքսուք (կրեմ), լոսյոն, փոշի կամ սփրեյ, որը ձեզ համար արդյունավետ է: Կիրառեք տեղային միջոցն ախտահարված մաշկի վրա, ինչպես նշված է դեղի պիտակում, սովորաբար՝ օրական երկու անգամ՝ մինչև ցանի վերացումից անցնի մեկ շաբաթ: Հաճախ արդյունքները տեսանելի են դառնում 2-ից 4 շաբաթվա ընթացքում: Եթե վիճակը կրկնվի, կարող եք նորից սկսել կիրառել այս միջոցները:
- Հաճախակի փոխեք ձեր գուլպաները. փոխեք ձեր գուլպաներն առնվազն օրը մեկ անգամ կամ ավելի հաճախ, եթե զգում եք ոտնաթաթերի քրտնածություն:
- Հագեք թեթև, լավ օդափոխվող կոշիկներ. խուսափեք սինթետիկ նյութերից պատրաստված կոշիկներից, ինչպիսիք են վինիլը կամ ռեզինը: Հնարավորության դեպքում հագեք սանդալներ, որ ձեր ոտնաթաթերն օդի հետ շփվեն և «շնչեն»:
- Պարբերաբար փոփոխեք ձեր կոշիկները. օրը մեջ օգտագործեք տարբեր կոշիկներ: Սա թույլ է տալիս, որ յուրաքանչյուր օգտագործումից հետո ձեր կոշիկների ներսը չորանա:
- Պաշտպանեք ձեր ոտնաթաթերը հանրային վայրերում. հագեք անջրաթափանց սանդալներ կամ կոշիկներ հանրային լողավազաններից, ցնցուղներից և հանդերձարաններից օգտվելիս:
- Փորձեք չքորել ցանը. դուք կարող եք թեթևացնել ձեր ոտնաթաթերի քորը՝ մի քանի րոպեով սուզելով դրանք սառը ջրի մեջ: Վերջում զգուշությամբ չորացրեք ձեր ոտքի մատների միջև ընկած տարածքները:
- Խուսափեք կոշիկների կամ գուլպաների համատեղ օգտագործումից. հակառակ դեպքում դուք մեծացնում եք սնկիկային վարակի տարածման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024