Մեջքի ցավ
13-04-2018
1 րոպե
Մեջքի շրջանի ցավերը շատ տարածված խնդիր են և հանդիպում են բոլոր տարիքի մարդկանց մոտ:
Մեջքի ցավը նաև բժշկին այցելելու կամ աշխատանքից բացակայելու ամենատարածված, ինչպես նաև հաշմանդամության առաջատար պատճառներից մեկը:
Մենք սովորաբար մեջքի կամ գոտկատեղի ցավերը կապում ենք ողնաշարի հետ: Բայց պետք է հիշել, որ մեջքը կարող է ցավել նաև այլ պատճառներից: Կախված վնասված հատվածից, առանձնացնում են`
- պարանոցի ցավ (պարանոցային հատված)
- մեջքի միջին ցավ (կրծքային հատված)
- մեջքի ստորին ցավ (գոտկային հատված)
- պոչուկային ցավ (պոչուկոսկոր կամ սրբանային հատված):
Ի՞նչ է մեջքի շրջանի ցավը
Մեջքի ցավը մեր իրանի ետևում տեղակայված ցավի, ճնշման կամ «քարանալու» տհաճ զգացողություններն են:
Մեջքի ցավի պատճառները տարբեր են՝ կտրուկ շարժումներ, իրանի «անհաջող» պտույտներ, վնասվածքներ, որոշ հիվանդություններ, այդ թվում՝ ողնաշարի հետ որևէ կապ չունեցող: Որոշ դեպքերում ցավերը կարող են սկսվել առանց որևէ ակնհայտ պատճառի:
Ավելի հաճախ այս ցավերը տեղակայվում են մեջքի ստորին հատվածում՝ գոտկատեղում և դրսևորվում մի շարք ախտանիշներով: Մեջքի ցավը կարող է ինքնուրույն մեղմանալ սկսվելուց մի քանի օր կամ երբեմն շաբաթ անց, բայց իրեն զգացնել տալ ավելի երկար ժամանակի ընթացքում:
Եթե ունեք մեջքի ցավ, կարևոր է, որ չափից դուրս շատ չսահմանափակեք ձեր շարժումները: Նույնիսկ եթե իրանի դիրքի փոփոխությունը առաջացնում է ուժեղ ցավ, փորձեք ձեր շարժումները դարձնել ավելի նուրբ ու դանդաղ, ինչն ավելի լավ է, քան անկողնում անշարժ «գամված վիճակում» մնալը:
Ձեր ապրելակերպը դարձրեք ֆիզիկապես ակտիվ և օրական առնվազն 30 րոպե տրամադրեք մարզանքներին, և ձեր մեջքը կդառնա ավելի պինդ և ճկուն, որի շնորհիվ կնվազի ողնաշարի հետ կապված մեջքի ցավերի հավանականությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 24-04-2021