Skip to main content

Մեջքի ցավերի մեծ մասը լավանում է տնային բուժումից հետո մեկ ամսվա ընթացքում, հատկապես 60 տարեկանից փոքր մարդկանց մոտ:

Այնուամենայնիվ, շատերի մոտ ցավը շարունակվում է մի քանի ամիս:

Ցավազրկողները և տեղային տաքացնող միջոցները կարող են լինել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Անկողնային հանգիստ խորհուրդ չի տրվում:

Մեջքի ցավի դեպքում շարունակեք ձեր գործունեությունը որքան կարող եք: Փորձեք թեթև վարժանքներ, օրինակ՝ քայլելը: Դադարեցրեք դրանք, եթե ցավը սաստկանում է, բայց մի՛ խուսափեք ակտիվությունից՝ վախենալով ցավից: Եթե տնային բուժումը մի քանի շաբաթվա ընթացքում չի օգնում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի ուժեղ դեղամիջոցներ կամ ոչ դեղորայքային այլ բուժումներ (թերապիաներ):

Դեղորայքային բուժում

Դեղամիջոցների տեսակները կախված են մեջքի ցավի տեսակից: Դրանք կարող են ներառել հետևյալը:

  • Ցավազրկողներ. ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե), կարող են օգնել: Ընդունեք այս դեղամիջոցներն այնպես, ինչպես ցուցված է: Գերօգտագործումը կարող է առաջացնել լուրջ բարդություններ: Եթե սովորական ցավազրկողները չեն օգնում, բժիշկը կարող է նշանակել ավելի ուժեղ ազդող կամ դեղատոմս պահանջող ՈՍՀԲԴ-ներ:
  • Մկանային ռելաքսանտներ. եթե թույլ և չափավոր մեջքի ցավը սովորական ցավազրկողներով չի մեղմանում, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որևէ մկանային ռելաքսանտ: Այս դեղամիջոցները կարող են առաջացնել գլխապտույտ և քնկոտություն:
  • Տեղային ցավազրկողներ. նրբաքսուքների (կրեմ), լուծույթների, յուղերի կամ կպչուն սպեղանիների ձևով արտադրվող այս դեղամիջոցները ներծծվում են մաշկով և թողնում ցավազրկող ազդեցություն։
  • Թմրաբեր ցավազրկողներ. օփիոիդներ պարունակող դեղամիջոցները, ինչպիսիք են Օքսիկոդոնը կամ Հիդրոկոդոնը, կարող են կարճ ժամանակով օգտագործվել խիստ ուժեղ մեջքի ցավի ժամանակ: Քրոնիկ մեջքի ցավերի դեպքում այս ցավազրկողների օգտագործումը ցուցված չէ:
  • Հակադեպրեսանտներ. հակադեպրեսանտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ Դուլոքսետինը (Սիմբալտա) և եռացիկլիկ հակադեպրեսանտ Ամիտրիպտիլինը, անկախ իրենց հակադեպրեսանտային ազդեցությունից, ունեն քրոնիկ մեջքի ցավը մեղմացնող ունակություն:

Ֆիզիոթերապիա

Ֆիզիոթերապևտը կարող է սովորեցնել վարժանքներ, որոնք մեծացնում են ձեր իրանի ճկունությունը, ամրապնդում մեջքի և որովայնի մկանները, ինչպես նաև բարելավում ձեր կեցվածքը: Այս վարժանքների կանոնավոր օգտագործումը կարող է օգնել ցավերի կրկնման կանխարգելմանը: Ֆիզիոթերապևտը նաև կարող է սովորացնել, թե ինչպես փոփոխել շարժումները մեջքի ցավի դրվագի ժամանակ, որ խուսափեք ցավի ախտանիշների վատթարացումից՝ շարունակելով լինել ակտիվ:

Վիրահատական և այլ միջամտություններ

Մեջքի ցավի բուժման համար օգտագործվող միջամտությունները կարող են ներառել հետևյալը:

  • Կորտիզոնի ներարկումներ. եթե այլ միջոցները չեն թեթևացնում ցավը, որը տարածվում է ոտքի վրա, ողնուղեղը և նյարդային արմատները շրջապատող տարածության մեջ Կորտիզոնի և տեղային թմրացնող լուծույթի միասին ներարկումը կարող է օգնել: Կորտիզոնն օգնում է նյարդային արմատների շուրջը բորբոքման մեղմացմանը, սակայն ցավազրկող ազդեցությունը սովորաբար տևում է ընդամենը մեկ կամ երկու ամիս:
  • Ռադիոհաճախականության աբլացիա. այս միջամտության ժամանակ մաշկի միջով մինչև ցավ պատճառող տարածք մտցվում է բարակ ասեղ: Ռադիոալիքներն անցնում են ասեղի միջով, որ վնասեն մոտակա նյարդերը: Նյարդերի վնասումը արգելափակում է դեպի գլխուղեղ ցավի ազդանշանների հաղորդումը:
  • Իմպլանտացված նյարդային խթանիչներ. մաշկի տակ տեղադրված սարքերը կարող են էլեկտրական ազդանշաններ փոխանցել որոշ նյարդերին՝ արգելափակելով ցավի ազդանշանները:
  • Վիրահատություն. ողնաշարի ներսում ավելի շատ տարածություն ստեղծելու վիրահատությունը երբեմն օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն հարաճուն մկանային թուլություն կամ դեպի ոտքը տարածվող մեջքի ցավ: Այս խնդիրները կարող են կապված լինել միջողնային սկավառակների ճողվածքի կամ այլ հիվանդությունների հետ, որոնք նեղացնում են ողնաշարի բացվածքները:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024